կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-27 13:08
Քաղաքական

Մեծ Ղարաքիլիսայի հերոսամարտի նշանակությունը և նրա հերոսները

Մեծ Ղարաքիլիսայի հերոսամարտի նշանակությունը և նրա հերոսները

Ղարաքիլիսայի ճակատամարտը վերջինն էր Մայիսյան հերոսամարտերի շարքում, որով և վերջակետ դրվեց թուրք-հայկական պատերազմին, և ստորագրվեց Բաթումի հաշտության պայմանագիրը: Եթե Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերով Արարատյան դաշտավայրում ծվարած հայությունը փրկվեց անխուսափելի ոչնչացումից, և նպաստավոր պայմաններ ստեղծվեցին հայոց պետականության վերականգնման համար, ապա Ղարաքիլիսայի ճակատամարտը, նշվածից բացի, ուներ նաև աշխարհաքաղաքական նշանակություն, քանզի դրա շնորհիվ որոշ ժամանակով կասեցվեց թուրքական զորքերի հետագա առաջխաղացումը դեպի Թիֆլիս ու Արևելյան Այսրկովկաս՝ խաթարելով համաթուրանական ծրագրերի շուտափույթ իրականացումը:

Ղարաքիլիսայի ճակատամարտի ընթացքը և դրան հաջորդած դեպքերը օբյեկտիվորեն գնահատելու համար անհրաժեշտ է անդրադառնալ դրան նախորդած իրադարձություններին, որոնք բախտորոշ ազդեցություն ունեցան ճակատամարտի ելքի վրա:

Ճակատամարտից առաջ Ղարաքիլիսայում կային Կարսից տեղափոխված 3000 թուրք գերիներ, որոնց ճակատագրի հարցով Թ. Նազարբեկյանը 1918 թ. մայիսի 18-ին դիմում է Ազգային խորհրդին՝ զգուշացնելով, որ նրանք կարող են պատճառ դառնալ թուրքերի հարձակման համար : Ակնհայտ է, սակայն, որ, չնայած հայկական կողմի զգուշավորությանը, թուրքերն առաջ շարժվելու առիթ ամեն դեպքում գտնելու էին: Այդպես էլ պատասխան չստանալով՝ հայ հրամանատարու¬թյունը Ղշլաղի մոտ՝ բաց դաշտում, ազատ է արձակում ռազմագերի ասկյարներին որպես «նվեր» հարձակվող թուրքերին: Թուրք գերիները, երկու օր մնալով առանց հսկողների, ի վերջո հեռանում են:

Տարակուսանք էր առաջացնում այն հանգամանքը, որ թուրք գերիներն այդքան մեծ դժվարությամբ Կարսից հասցվել էին Ղշլաղ, սակայն հետո հենց այնպես ազատ արձակվեցին: Բնականաբար, այդ ասկյարներով Էսադ փաշան անմիջապես ավելացրեց իր զորքերի թվաքանակը: Էլ չենք խոսում այն մասին, որ նրանք քաջատեղյակ էին տեղանքին ու հայկական զորքերին և կարող էին օգտակար տեղեկություններ հաղորդել թուրք հրամանատարությանը: Այս փաստը վկայում է այն մասին, որ հայ հրամանատարությունն ի սկզբանե տրամադրված չէր ճակատամարտ տալու Ղարաքիլիսայում: Հետևաբար տվյալ քայլը պարզապես բարի կամքի դրսևորում էր` Ղարաքիլիսան հանձնելուց հետո տեղի բնակչության հանդեպ թուրքերի գթասրտությունը շարժելու նպատակով: Առաջ անցնելով նշենք, որ այդ քայլի համար թուրքերը լիուլի «հատուցեցին» հայերին ճակատամարտի վերջում` գլխովին ոչնչացնելով հայ ռազմագերիներին:

Դեռ մայիսի 16-ին Թ․ Նազարբեկյանը հայկական 1-ին դիվիզիայի հրամանատար գեներալ Գ․ Արեշյանին կարգադրել էր կանգնեցնել թուրքերի առաջխաղացումը դեպի Ղարաքիլիսա` պաշտպանելով նախապես գրավված դիրքերը Չաշան լեռան, Գյոյ Յոխոշ, Մեծ Քյափանակ և Ավդիբեկ բնագծում, ինչի համար կային համապատասխան ուժեր: Մայիսի 16-20-ը թուրքերը Ղարաքիլիսայի ուղղությամբ ակտիվ գործողություններ չձեռնարկեցին, ինչն այդ օրերին հայկական ջոկատների համար հնարավորություն էր ստեղծում ամուր պաշտպանություն կազմակերպելու այնպիսի նպաստավոր բնագծում, ինչպիսին էր Ջաջուռի լեռնանցքը: Սակայն Արեշյանն այս հրամանը չկատարեց : Ղարաքիլիսայի ուղղությամբ հայերն ունեին մի ակնհայտ առավելություն՝ տեղանքի հնարավորությունները, որոնք չօգտագործվեցին: Թուրքերը, օգտվելով դրանից, մայիսի 20-ին գրավում են Ջաջուռը, Աղբուլաղը (Լուսնաղբյուրը) և Ղալթախչին, իսկ մայիսի 21-ին մոտենում են Վորոնցովկային և մահմեդական խուժանի օգնությամբ գրավում այն: Այս իրավիճակում Արեշյանը, սխալն ուղղելու փոխարեն, մայիսի 18-ին Նազարբեկյանին տեղեկացնում է, որ հրամանատարությունը փոխանցել է իր տեղակալ գնդապետ Ա. Բեյ-Մամիկոնյանին, որին Նազարբեկյանը ոչ միայն հաստատում է այդ պաշտոնում, այլև վստահում Ղարաքիլիսայի ճակատամարտի հրամանատարությունը :

Ա․ Բեյ-Մամիկոնյանն իր հերթին հաշտվել էր նահանջի մտքի հետ և զեկուցում էր Թ․ Նազարբեկյանին, որ Ղարաքիլիսայում հնարավոր չի համարում ճակատամար¬տը համատարած դասալքության և բնակչության խուճապի պատճառով:

Որպես ապացույց նշվում էր այն փաստը, որ մայիսի 20-ին Արսենանց Վանոյի գլխավորությամբ կազմվել էր հանձնաժողով, որը փորձում էր մեկնել Համամլու` թուրքերին իրենց հնազանդությունը հայտնելու նպատակով: Այս պատվիրակությունը, սակայն, տեղ չի հասնում․ Արջուտում նրանց վրա է հարձակվում թուրքական խուժանը, և նրանք վերադառնում են:

Իրականում, սակայն, ազգաբնակչու¬թյան շրջանում, այսպես կոչված, հուսահատությունը և հաշտվողականությունը ոչ թե պատճառ էին, այլ հետևանք՝ զորքերի անընդհատ նահանջի, ճակատամարտից խուսափելու, զանգվածային դասալքության, անգործության և անվճռականության: Բնական է, որ այս իրավիճակում տեղի բնակչությունը, հայկական զորքից պաշտպանության հույս և երաշխիք չունենալով, ստիպված պետք է փորձեր տեսնել իր «գլխի ճարը» և թուրքերի գալու դեպքում ինքնուրույնաբար լուծեր կոտորածից փրկվելու հարցը: Հակառակ դեպքում ինչպե՞ս կարելի է բացատրել հերոսամարտի ժամանակ Ղարաքիլիսայի և շրջակա գյուղերի բնակչության ոգևորությունը և ակտիվ մասնակցությունը մարտական գործողություններին․ մի՞թե դա սպիտակ դրոշ բարձրացրած նույն ժողովուրդը չէր:

Մայիսի 23-ին Ա․ Բեյ-Մամիկոնյանը Թ․ Նազարբեկյանին պարզապես առաջարկում է ընդունել թուրքերի կապիտուլյացիայի պայմանները : Ինքնին հասկանալի է, որ նման տրամադրվածություն ունեցող հրամանատարը չէր կարող մտածել ճակատամարտի մասին, ուստի հայկական ուժերը թողնում են Ղարաքիլիսան և նահանջում Դիլիջան:

Սարդարապատի հերոսամարտի նախօրեին Արամ Մանուկյանը Դիլիջանում գտնվող Ալեքսանդրապոլի Ազգային խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Հակոբյանին (Իրազեկ) տեղեկացնում է. «Պատրաստւում ենք վճռական ճակատամարտ տալու Սարդարաբատի մօտ: Ի սէր Աստծո, գոնէ երեք օր պաշտպանէք Ղարաքիլիսայի ճակատը, որ թշնամին իր այդ կողմի ուժերը չբերէ մեր վրայ»:

Թուրքական զորքերին Ղարաքիլիսայում պահել նշանակում էր թույլ չտալ նրանց շրջանցել և թիկունքից հարվածել Արարատյան դաշտավայրին, քանի որ այդ դեպքում թե՛ Սարդարապատի և թե՛ Բաշ-Ապարանի հերոսամարտերն անիմաստ էին դառնում:
Իր կենսագրականում Ղարաքիլիսայի ճակատամարտին դիպուկ գնահատական է տվել դրան անմիջականորեն մասնակցած և մարտական գործողու-թյունները ղեկավարած Գարեգին Տեր-Հարությունյանը (Նժդեհը). «1918 թ. մայիսի վերջերին վարել եմ Ղարաքիլիսայի ճակատամարտը: Վիրավորվել եմ: Ներկայացվել ամենաբարձր քաջության շքանշանի: Պիտի խոստովանել, որ առանց Ղարաքիլիսայի ճակատամարտի ոչ թե օրվա Խորհրդային Հայաստանը, այլև այդ երկրամասի վրա այսօր ապրող հայություն չէինք ունենա: Ղարաքիլիսայի եռօրյա հերոսականը փրկեց գլխովին ոչնչացումից Արարատյան հայությանը և հիմք դրեց Հայկական Պետության»:

Հայկական ուժերի՝ Դիլիջան հեռանալուց հետո Ղարաքիլիսայի և շրջակա գյուղերի հայ բնակչությունը հայտնվել էր օրհասական վիճակում․ նրա գլխին կախված էր թուրքական զորքերի կողմից բնաջնջվելու վտանգը: Ստեղծված պայմաններում Ղարաքիլիսայի հեղինակավոր գործիչները մտածում էին թուրք հրամանատարության հետ լեզու գտնելու և նրանց մոտ պատվիրակություն ուղարկելու մասին:

Իրազեկն իր հուշերում գրում է, որ զորքի՝ Դիլիջան նահանջից հետո՝ մայիսի 24-ի առավոտյան, Գարեգին Նժդեհի հետ գնացել են զորավար Նազարբեկյանի մոտ՝ խնդրելով, որ թույլ չտա՝ զորքերը լքեն ճակատը, որովհետև ճակատը մերկացնելու հետևանքով կվտանգվեր Երևանը, ինչպես նաև Բաքվի հայերի դրությունը: Ծայրահեղ հուսալքության մեջ գտնվող Նազարբեկյանը պատասխանում է, որ ինքն այլևս զորք չունի, իսկ զրույցի վերջում նրանց ասում է՝ ինչ կարող եք դուք արեք:

Նազարբեկյանի հետ հանդիպումից հետո Իրազեկն ու Նժդեհը սկսում են Դիլիջան նահանջողների բեռների խուզարկումը, քանզի տեղեկություններ կային, որ Ղարաքիլիսայից հեռացողները մեծ քանակությամբ զենք-զինամթերք էին դուրս բերում՝ սայլերում կամ բեռներում թաքցրած տանելով հրացաններ, ատրճանակներ, փամփուշտներ, անգամ գնդացիր:

Որոշ ժամանակ անց Արամ Մանուկյանի՝ Իրազեկին հայտնած լուրը, որ Սարդարապատում հայերը փառահեղ հաղթանակ են տարել, Նժդեհին այնքան է ոգևորում, որ նա շտապում է Դիլիջանի եկեղեցու բակը և ժողովրդին ու զորքին միտինգի հավաքում : Նժդեհի ճառը ոգևորիչ մեծ ազդեցություն է ունենում հավաքվածների վրա, և դրանից հետո որոշվում է վերադառնալ Ղարաքիլիսա, դուրս գալ թշնամու դեմ և կրկին աշխարհին ցույց տալ, որ հայը հերոսաբար կռվել ու հայրենիքի համար մեռնել գիտի:

Մայիսի 24-ի գիշերվանից Ղարաքիլիսայի ճակատամարտի փաստացի ղեկավա¬րու¬թյու¬նը ստանձնած Գարեգին Նժդեհը մոտ հազար զինվորներով վերադառնում է Ղարաքիլիսա: Մայիսի 24-ի գիշերվա ժամը 2-ին հասնում են Վարդանլու գյուղ, որտեղ թողնելով հիմնական ուժերը՝ 50-հոգանոց հեծյալ ջոկատով Նժդեհը մտնում է Ղարաքիլիսա, որտեղ մեռելային լռություն էր տիրում, սակայն լույսերի բացակայությունը վկայում էր այն մասին, որ թուրքերը դեռ չէին մտել բնակավայր: Տուն չկար, որ սպիտակ դրոշ պարզած չլիներ: Իր ջոկատի մեկ տասնյակին Նժդեհն ուղարկում է Ղշլաղ՝ հետախուզության, իսկ ինքը մոտենում է այն տանը, որտեղ հինգ օր առաջ էր գիշերել: Թակում է դուռը, սակայն ներսից վախենում են դուռը բացել` կարծելով, թե թուրքերն են: Սկսում է տալ տանտիրոջ և նրա երեխաների անունները, որից հետո դուռը բացում են և, Նժդեհին տեսնելով, ուրախանում:

Տեղեկանալով, որ թշնամին Արջուտ գյուղում է և սպասում է, որ լուսաբացին աղուհաց մատուցվի թուրք զորահրամանատարներին, Նժդեհը կտրուկ կանխում է այդ անպատվությունը, իրեն ներկայացած՝ բնակավայրի ազդեցիկ դեմքերն էլ խոստանում են ամեն ինչ տրամադրել հայոց զորքին :

Նժդեհը լավ էր հասկանում, որ անգամ փոքր հաղթանակը կարող էր ոգևորել ինչպես զորքին, այնպես էլ Լոռի-Փամբակի բնակչությանը, քանի որ Էրզրումից մինչև Գուգարք տխուր պարտություններն էին ու նահանջ, մյուս կողմից, սակայն, քաջ գիտակցում էր, որ չնչին անհաջողությունն անկարելի էր դարձնելու հետագա դիմադրությունը: Այս հանգամանքից ելնելով էր, որ իրեն ներկայացած քահանաներին և ուսուցիչներին խնդրում է ամեն կերպ բարձրացնել զորքի և ժողովրդի ոգին:

Շրջակա գյուղեր սուրհանդակներ են ուղարկվում՝ հորդորելու զենք կրելու ունակ գյուղացիներին մի քանի օրվա պաշարով և ունեցած ռազմամթերքով ներկայանալ Նժդեհին Ղշլաղում, ուր վերջինս մեկնել էր, որպեսզի, դեռ լույսը չբացված, կարողանար նպաստավոր դիրքեր գրավել՝ առավոտյան հակառակորդին դիմավորելու համար: Պահեստային ուժերի և զինամթերքի սակավության պատճառով թշնամու զորքերի առաջխաղացման ճանապարհին Նժդեհը հարկադրված սակավաթիվ ուժերը դասավորում է ցանցաձև:

Դարանակալ խմբեր են տեղեկայվում վանքի ավերակների (ներկայումս՝ «Կոտրած եկեղեցի»՝ Ղարաքիլիսայի հերոսամարտի հուշարձան) և երկաթգծի կամրջի մոտ, որոնք առանց իրենց մատնելու, խաչաձև կրակով պետք է փորձեին խուճապի մատնել թուրքերի առաջապահ ուժերին՝ այդպես նաև ազդանշան տալով հակառակորդի առաջխաղացման մասին: Մինչև լույսը բացվելը Նժդեհն անձամբ է շրջում բոլոր առաջապահ դիրքերով, գոտեպնդում զինվորներին և հիշեցնում, որ Երևանից իրենց հրահանգել են գոնե երեք օր թշնամու հիմնական ուժերը պահել Ղարաքիլիսայի ճակատում:

Մայիսի 25-ի առավոտյան ժամը 10-ին, այդպես էլ աղուհացի չարժանանալով, թշնամու ուժերն առաջ շարժվեցին և հայտնվեցին դարանակալ խմբերի խաչաձև կրակի տակ: Նժդեհի՝ անտառապատ բարձունքները հսկող դարանակալ խմբերի կատաղի կրակից թուրքերի առաջապահ զորքերը ծանր կորուստներ տվեցին և, չկարողանալով անգամ տանել իրենց վիրավորներին, խուճապահար փախան դեպի Արջուտ:

Ճակատամարտի մասնակից Բենիամին Նավոյանն իր հուշերում գրում է, որ Նժդեհի հեծյալ ջոկատը Կամակատարի բարձունքի ետևի թաքստոցից այգիների և ձորերի միջով մոտեցավ թուրքերի պաշտպանական դիրքերին և մարտի բռնվեց:

Չնայած այն հանգամանքին, որ թշնամին մեծաթիվ օժանդակ ուժեր ուղարկեց այդ դիրքերը պահելու համար, սակայն նրանք չկարողացան դիմանալ հայկական զորքերի ճնշմանը, ինչի հետևանքով թուրքական 11-րդ դիվիզիայի աջ թևի առաջապահ զորամասերը ջախջախվեցին և ետ շպրտվեցին: Չնայած ծանր կորուստներին՝ Նժդեհը, իր հեծյալ ջոկատով հալածելով թուրքական զորքերին, կարողացավ հասնել մինչև Արջուտի մատույցները, այնուհետև հեծելազորին հետ ուղարկեց, իսկ հետևակին հրամայեց հրանոթային կրակի պաշտպանության տակ խրամատավորվել նվաճված դիրքերում : Ականատեսների վկայությամբ՝ Նժդեհի առաջապահ հեծելաջոկատը Հաջիղարա (ներկայումս՝ Լեռնապատ) գյուղի մոտ առասպելական քաջագործություններ է կատարել:

Ղարաքիլիսայի հերոսամարտի անմահ հերոսներից է նաև հրետանային մարտ-կո¬ցի երիտասարդ հրամանատար, կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանը, ով Ղարա-քիլի¬սա առաջինը վերադարձողներից էր: Նրա հրետանային մարտկոցը տեղակայված էր ռազմավարական կարևոր դիրք ունեցող Դարբաս գյուղի մոտ գտնվող 750-րդ բարձունքում: Տեր-Մովսիսյանի մարտկոցն իր համազարկերով հաջողու¬թյամբ հետ էր մղում հակառակորդի գրոհները` մեծ կորուստներ պատճառելով նրան:

Մեծ թվով զոհերից ու վիրավորներից կատաղած՝ թուրքերը զգալի ուժեր են կենտրոնացնում 750-րդ բարձունքի ուղղությամբ և հետևակային գրոհով գրեթե հասնում մարտկոցին: Ստեղծված ծանր իրավիճակում Տեր-Մովսիսյանը, չկորցնելով սառնասրտությունը, հրետանավորներին և հետախուզական խումբը արագ վերածում է հետևակի և համարձակ հակագրոհով թշնամուն ստիպում նահանջել: Մարտկոցի թնդանոթները փրկված էին, սակայն դրա համար չափազանց թանկ գին վճարվեց․ մահացու վիրավորում ստացավ ինքը՝ մարտկոցի հրամանատարը : Կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանը մահվանից առաջ զինակից ընկերներին հասցրեց ասել. «Մի՛ թողեք դիակս թշնամու ձեռքին»:

Հատկանշական է, որ Ղարաքիլիսայի հերոսամարտի շուրջ հետագայում հեռակա բանավեճ ծավալվեց Գարեգին Նժդեհի և զորավար Անդրանիկի միջև, որն իր արձագանքը գտավ Ավետիս Ահարոնյանի՝ Բոստոնի «Հայրենիք» ամսագրում հրատարակած հոդվածներում: Մեջբերելով Նժդեհի հուշերը՝ Ահարոնյանը նշում է, որ իզուր սպասեցին Անդրանիկին, որը եթե իր զինվորներով, կտրելով երկաթուղու գիծը, գար և դիրքավորվեր Ղարաքիլիսայի արևելյան բարձունքներին, ապա այդպիսով կձախողվեր Ղարաքիլիսան շրջապատելու թշնամու ծրագիրը:

Զորավար Անդրանիկն իր հրատարակած գրքույկում որոշ պարզաբանումներ է ներկայացնում Ղարաքիլիսայի ճակատամարտին իր չմասնակցելու պատճառների վերաբերյալ: Նա նշում է, որ գեներալ Նազարբեկյանն իրեն հրամայել էր պաշտպանել երկաթգիծը, իսկ երբ նրա օգնական զորավար Մանասյանն իրեն հաղորդել է Ղարաքիլիսայի մոտ հայկական ուժերի հաղթանակի մասին, խորհուրդ է տվել կենտրոնով չառաջանալու, այլ ամուր պահելու երկու թևերը, որովհետև թշնամու նահանջը կեղծ էր :

Նժդեհը հանդիմանում է Անդրանիկին, որ եթե գար և զբաղեցներ նշված բարձունքը, ապա երկաթուղին կմնար իր ուժերի թիկունքում՝ թուրքերից պաշտպանված, բայց, իմանալով հանդերձ, որ թշնամին պետք է փորձեր շրջանցել իրենց թևերը և հաջողության հասնել, նա այդ ժամանակ իր հրամանատարության տակ եղած ուժերը կրավորական վիճակում պահեց :
Ճակատամարտին չմասնակցելու Անդրանիկի փաստարկներից մեկն էլ այն է, որ առաջին օրվա՝ չորս ժամ տևած կռիվներից հետո՝ հաջորդ օրը՝ առավոտյան, կռիվը վերսկսվել է, և երեք ժամ անց իրեն տեղեկացրել են, որ Ղարաքիլիսան հանձնված է, և զորքերը նահանջել են Դիլիջան : Այս փաստարկին Նժդեհը պատասխանում է, որ Ղարաքիլիսայում անմահացող հայկական զորքը նահանջել է ոչ թե հաջորդ օրը՝ առավոտյան, այլ ճակատամարտի չորրորդ օրվա երեկոյան: Նա տարակուսանք է հայտնում, թե ով և ինչպես պետք է Անդրանիկին այդ ստահոդ լուրը հաղորդեր, այն էլ՝ մեր ամենամեծ հաղթության օրը:

Նժդեհը, անշուշտ, փորձում էր հասկանալ Անդրանիկին, որ նա այդ կերպ ուզում էր արդարացնել Ղարաքիլիսայի և Սարդարապատի ճակատամարտերի օրերին իր անգործությունը, սակայն խորապես ցավում էր այն արտահայտության համար, որ նա թույլ էր տվել իրեն այն անմահ բանակի մասին, որն իր հերոսական խոյանքով հիացումի խոսքերի է արժանացել անգամ թուրք հրամանատարների՝ Վեհիբ և Խալիլ փաշաների կողմից :

Ավետիս Ահարոնյանը Ղարաքիլիսայի հերոսամարտը համարում էր 20-րդ դարի Ավարայր, որի ընթացքում այս էլ որերորդ անգամ հայ ռազմական և քաղաքական էլիտայում տիրող անձնական և խմբային շահերի գերակայությունը հանգեցրեց մարտավարական, բայց ոչ երբեք բարոյական ու քաղաքական պարտության: Ղարաքիլիսայի հերոսամարտի մարտավարական պարտության հետևանքը թուրքերի կողմից ցեղասպանության շարունակումն էր Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում, ինչին զոհ գնացին շուրջ 4000 (որոշ աղբյուրներում` 7000) հայեր, և հարստահարվեց Լոռվա տարածաշրջանը։
Ղարաքիլիսայի հերոսամարտի բարոյական և քաղաքական հաղթանակի փաստարկն այն է, որ անգամ թշնամին գնահատեց հայերի հերոսությունը Ղարաքիլիսայում, և Բաթումի խաղաղության բանակցությունների ժամանակ թուրքական պատվիրակությունը Ղարաքիլիսայի ճակատամարտը հատուկ շեշտեց որպես գործոն, որն իրենց ստիպեց ճանաչել հայոց պետությունը:

Ղարաքիլիսայի ճակատամարտի քաջերն իրենց անձնուրաց հերոսությամբ կատարեցին Արամ Մանուկյանի պատգամը՝ թուրքական գերակշիռ ուժերին Ղարաքիլիսայում պահելով ոչ թե երեք, այլ չորս օր՝ մինչև մայիսի 28-ը: Այդ գործում իրենց ժողովրդին մեծագույն ծառայություն մատուցեցին Ղարաքիլիսայի հերոսամարտի ռազմական գործողությունների փաստացի անզուգական հրամանատար Գարեգին Նժդեհը և ճակատամարտում հերոսաբար անմահացած երիտասարդ կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանը: Ղարաքիլիսայի ճակատամարտի ընթացքում իրենց անունը փառքով պսակեցին մի շարք հայ սպաներ՝ Գեորգիևյան Ա կարգի շքանշանակիր գնդապետ Նիկոլայ Ղորղանյանը, գնդապետներ Սմբատ Սամարցյա-նը, Հովսեփյանը և Գամազյանը, փոխգնդապետ Ալոբյանը և շատ ուրիշներ:

Արմեն Ց․ Մարուքյան
Պատմական․ գիտությունների․ դոկտոր, պրոֆեսոր

«Դրօշակ» թիվ 5,(1666), 2022թ․