Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1. Հայոց Հեղափոխական շարժմանը միացել եմ 17 տարեկան հասակից՝ իբրև գիմնազիստ: Հետագայում լքել եմ Համալսարանը և գործել ցարիզմի ու սուլթանականության դեմ:
1906-ին անցել եմ Բուլղարիա և Մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարներ Բորիս Սարաֆովի և Լիապով Գուրինի միջնորդությամբ ընդունվել Սոֆիայի սպայական դպրոց՝ Դմիտրի Նիկոլովի անունով: Ավարտելով դպրոցը (I կարգ)՝ վերադարձել եմ Կովկաս՝ Մուրադի հայդուկային խմբի հետ Հայաստան անցնելու համար: Այնուհետև գործել եմ Պարսկաստանում: 1909-ին վերադարձել եմ Կովկաս և ձերբակալվել:
Բանտերում ՝ Ջուլֆայից մինչև Պետերբուրգ, մնացել եմ ավելի քան 3 տարի, 163 դաշնակցականների ծանոթ դատավարությունից հետո՝ Սիբիր չընկնելու համար, անցել եմ Բուլղարիա:
2. 1912-ին հայ կամավորներից կազմակերպել եմ մի վաշտ և Անդրանիկի հետ մասնակցել Բալկանյան պատերազմին՝ հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության: Պատերազմի վերջին շրջանում, իբրև հեղափոխականներ, հրաժարվել ենք մասնակցել բալկանյան ժողովուրդների ներքին կռիվներին և զորացրել Հայկական վաշտը: Ես վիրավորվել եմ այդ պատերազմում: Հայոց դրոշակը և շատ հայ կրծքեր զարդարվել են քաջության խաչերով:
3. Անցյալ համաշխարհային պատերազմի նախօրյակին, ներման արժանանալով ցարական կառավարության կողմից, վերադարձել եմ Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով: Կռիվների առաջին շրջանում վարել եմ Հայկական կամավորական 2-րդ գումարտակի փոխհրամանատարությունը, վերջին շրջանում՝ ղեկավարել հայ-եզդիական մի առանձին զորամաս:
4. 1917-ին սակավաթիվ ուժերով օգնության եմ փութացել պաշարված Կողբին և փրկել այդ շրջանի հայությանը: Այդ միևնույն օրերին անցել եմ Աբբաս Գիոլ, կապվել եզիդների հետ, հետս առնելով վերջինների առաջնորդ Իվո բեկին, վերադարձել եմ Տփխիս և նրան կապի մեջ դրել Հայոց Ազգային Խորհրդի հետ:
5. Հայաստանի անկախության նախօրյակին վարել եմ Ալաջայի կռիվները, որոնցով կարելիություն ընձեռել Էրզրումից, Սարիղամիշից, Ղարսից նահանջող հայկական զորամասերին՝ անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ, և Արփաչայը կտրել-անցել եմ միայն այն ժամանակ, երբ վերջին նահանջող հայ զինվորի հետ իմ մարդկանց հաջողվեց փոխադրել Անիից պրոֆ. Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունները:
6.1918 մայիսի վերջերին վարել եմ Ղարաքիլիսայի ճակատամարտը: Վիրավորվել եմ: Ներկայացվել եմ ամենաբարձր քաջության շքանշանի:
Պիտի խոստովանել, որ առանց Ղարաքիլիսայի ճակատամարտի ոչ թե օրվա Խորհրդային Հայաստանը, այլև այդ երկրամասի վրա այսօր ապրող հայությունը չէինք ունենա: Ղարաքիլիսայի եռօրյա հերոսականը փրկեց գլխովին ոչնչացումից Արարատյան հայությանը և հիմքը դրեց Հայկական Պետության:
7. Հայաստանի անկախության օրով, 1919-ի աշնանը փրկել եմ Դավալուի և Վեդիի միջև պաշարված Հայկական 2-րդ գունդը:
8. 1919-ի երկրորդ կեսից անցել եմ Սյունիք՝ Էդիֆ բեյի զորքերի կողմից պաշարված, սովի և սրի մատնված Գողթանին օգնություն հասցնելու համար: Փրկվեցին թե՛ այդ շրջանը, թե՛ այդտեղի հայությունը:
9. Այնուհետև լծվել եմ վտանգված Ղափանի և Արևիքի հայության ֆիզիկական գոյության պաշտպանության գործին՝ հետ մղելով մուսավաթական Ադրբեջանի և Նուրի, Խալիլ թուրք փաշաների պարբերական հարձակումները:
10. 1920-ի կեսերին՝ Դրոյի զորամասի կողմից Ղարաբաղն ու Զանգեզուրը լքելուց հետո, ստանձնել եմ բովանդակ Սյունիքի ինքնապաշտպանության գործը: Մեր այդ՝ աշխարհից բացարձակապես կտրված լեռնաշխարհում, առանց բավարար հացի և ռազմամթերքի, առանց սպայական կադրերի և արտաքին որևէ օգնության, քաղաքականապես մենակ, շրջագծաձև ճակատի վրա, ավելի քան մի տարի տևող անհավասար ու հաղթական կռիվներով՝ Սյունիքը, որը Հայաստանի կառավարության և Մոսկվայի ներկայացուցիչ Լեգրանի միջև կնքված պայմանագրով հանձնված էր Ադրբեջանին, պարտադրում է իր կամքը խորհրդային իշխանությանը, Մյասնիկյանի օրով իր 1921, հունիս դեկլարացիայով Սյունիքը համարվում է կցված իր մայր երկրին՝ Հայաստանին:
Սյունիքի հերոսականի շնորհիվ փրկված են Հայաստանի մտավորականությունը, ՀՅ Դաշնակցությունը, հայ հեղափոխական և մարտական տարրերը:
11. Իմ կյանքն ու գործունեությունը կհաստատեն հետևյալ իրողությունները.
Ես միշտ երևան եմ եկել վտանգների ժամանակ: Խաղաղության օրով պաշտոններ չեմ փնտրել, քանզի չեմ սիրել: Վարել եմ միշտ էլ ժողովրդական ուժեր՝ մի տեսակ պաղություն զգալով դեպի այսպես կոչված «կանոնավոր» զորամասերը:
Ղեկավար տարրերը քամել եմ ժողովրդից և վերջինները կաղապարել, եթե, այսպես կարելի է ասել, ըստ իր պատկերի:
Կռիվներում եղել եմ մարդ, ավելի քան մարդ, անգամ՝ թուրք ու թաթարների դեմ, վկա՛ զորամասերիս ուղղված իմ հրամանագրերն ու կանչերը: Սովետական իշխանության կողմից ինձ վերագրվածները հասարակ հերյուրանքներ են՝ սահմանված ամեն գնով հակառակորդին վարկաբեկելու ձգտող պրոպագանդայի համար: Ես երբեք չեմ օգտվել արտաքին ուժերից, անգամ՝ հարազատ Պետության միջոցներից:
Առաջնորդվել եմ Մամիկոնյանների ուխտով. եղել եմ խոր հավատքի և էթիկայի մարդ և այդ իսկ պատճառով հաճախ դառնության բաժակներ դատարկել: Հավատքի և պաշտամունքի տաճարում միշտ էլ առաջին տեղերը հատկացրել եմ Աստծուն և Հայրենիքիս: Հայաստանն է եղել երկրավոր սրբազնագույնն ինձն համար: Շնչել, ապրել եմ նրանով՝ միշտ պատրաստ տառապելու, զոհաբերելու և մեռնելու նրա համար: Դա է եղել իմ սրբազան ցավը, կարոտը, ուրախությունը, իմ գոյության իմաստը, իմ անմահությունը, իմ գերագույն իրավունքն ու պարտականությունը, միաժամանակ երկրի ժողովուրդը ջերմորեն կապվել ու կուրորեն հետևել է ինձ: Ինձ թշնամացել են սրբության զգացումից զուրկ կիսամտավորականն ու թղթի… կանոններով ղեկավարվող միջակ զինվորականը:
Ռոճիկ չեմ ստացել ողջ կյանքում: (Այդ սկզբունքի դեմ մեղանչել եմ մի անգամ՝ Ամերիկայում, ուր ընդունեցի, որ ինձ՝ իբրև գործչի, շաբաթական տրվի: Մեղանչեցի և արդարորեն պատժվեցի: Այդ օրից մարդկային տմարդությունը ստվերիս պես հետևեց ինձ՝ ամենուրեք): Հրաժարվել եմ անգամ օտար պետության սահմանած թոշակից: Ունեցել եմ հարուստ լինելու և ճոխ ապրելու ամեն կարելիություն, սակայն ապրել եմ իբրև ժողովրդի մարդ, համեստորեն, աղքատ կոչվելու աստիճան: Նյութապաշտությունը հեղափոխականի, զորականի, հայրենասերի համար համարել եմ մեկը մեր աշխարհի ամենամեծ պղծություններից:
Հայաստանից հեռանալիս հետս եմ առել Արաքսի Հայկական ափում զինվորներիս կողմից զարնված վագրի մորթին՝ իմ միակ վարձատրությունը, Զավալ փաշայի դաշույնը՝ իմ միակ պատերազմական ավարը, պարտություն չտեսած Սյունյաց Դրոշակը, թո՛ղ դա դրվի կրծքիս վրա, գերեզմանիս մեջ, և մի հին Հայկազյան բառարան՝ իմ միակ մխիթարիչը տարագրանքի մեջ:
12. Հայը Հայաստանից դուրս ենթակա է վատասերումի: Այդ չարիքի դեմ պայքարել հնարավոր է միայն ցեղային արժեքների, առաքինությունների և սրբությունների խոր ճանաչումով ու վերապրումով, մի բան, որ հիմնավորեցի և անվանեցի Ցեղակրոնություն: Դրա նպատակն է անհայրենիք հայությանը, հոգևոր ու քաղաքական անտուն անտերությունից փրկելով, դարձնել հայրենատեր: Դա Հայրենատիրական շարժում է, որի մեջ վերանորոգվելով միայն պիտի միանան հայության բոլոր հատվածները: Իմ այդ ազգահոգ քարոզչության համար հայության հատվածականացած, ապահայրենացած ու պարտվողական տարրերը դավադրեցին ինձ:
Ներո՜ւմ եմ բոլորին, ներում կրկնակի պատճառներով. առաջին՝ իմ ազգային դավանանքը թույլ չի տալիս թշնամանք տածել դեպի որևէ Հայ մարդ, երկրորդ՝ խորապես հասկանում եմ այդ դժբախտներին, որոնք դեռ չեն հաղթահարել ստրուկն իրենց մեջ, որով և՝ մնացել են տկար և չար:
Այսօր, իբրև հայրենակարոտ տարագիր, մի հատիկ ցանկություն ունեմ՝ մեռնե՜լ Հայրենի լեռների վրա:
13. Բուլղարիայում տեղի ունեցավ ռազմաքաղաքական անցքերի հասունացրած պետական հարվածը: Սպասվում է Կարմիր բանակը: Գիտեմ, թե ինչ է սպասվում ինձ, բայց և այնպես որոշել եմ մնալ, հակառակ որի կարելիություն ունեմ par avion (օդանավով – խմբ.) ինձ նետելու Wien (Վիեննա – խմբ.): Չեմ հեռանում, որ հալածանքի չենթարկվեն մեր կազմակերպությունները: Մնալու ավելի լուրջ պատճառներ ունեմ ՝ ծանոթ երկու ընկերներիս:
Եկավ սովետական բանակը, և տեղի ունեցավ այն, ինչ որ սպասում էի: Օգտվելով ստեղծված թոհուբոհից՝ իրենց ցեղի կաթով չմեծացած մի քանի վատասերված հայեր արդեն գործի են անցել: Նրանք, առավելապես կոշկակարներ, իբրև ոստիկանական լրտեսներ՝ հետները զինված բուլղար միլիցիոներներ առած, ընկել են տնետուն, ինձ են փնտրում:
Հավիտենական զզվելի ստրուկնե՜ր, որոնք տկար իրենց չարությունը բավարարելու, իրենց հայազգի «թշնամիները» ոչնչացնել տալու սև նպատակով, միշտ էլ օգտվել են օտար ուժերից:
Նվազ զզվելի չեն, սակայն նաև միայն անվանապես ազգայնական տարրերը: Իբրև շուկայի բարոյականի տեր էակներ՝ անասնանալու աստիճանի սնանկացել են սրանք: Ծանոթ, բարեկամ, ազգական, ոչ ոք իր դուռը չի բանա առջևդ, եթե անգամ Նազովրեցու խաչն ուսիդ և փշե պսակը արնածոր ճակատիդ իր պաշտպանությունը փնտրես: Մոռացան, մոռացան բոլորը, որ իմ թափած աշխատանքի շնորհիվ միայն, ամբողջ չորս տարի զերծ մնալով հրեաների ճակատագրից, հարստացան ու հարստացան: Նրանք, ովքեր դեռ երեկ հայացքդ ու բարևդ կորսային, այսօր փախչում են անունիցդ, ստվերիցդ անգամ:
Կարմիրները սպասում են ինձ. յոթնիցս ստոր է նա, ով գերադասում է կյանքը մահից բոլոր պարագաների մեջ: Թո՛ղ կատարվի անխուսափելին: Այսօր կյանքին ես կապված եմ այն չափով միայն, ինչ չափով որ ինձ դեռ պարտական եմ զգում ծառայելու Հայաստանին:
Ո՞ւր ես, ո՞ւր ես դու՝ Հայաստանի տիրասիրտ ու պաշտելի ժողովուրդ, որի ոգին միշտ էլ վսեմանալ գիտի վտանգների ժամանակ:
Գաղո՛ւթ, դու մի անգամ ևս ինձ ապրեցրիր ամոթանքի ողբերգությունը, ամո՜թ քեզ:
ՆԺԴԵՀ
1944. սեպտեմբեր, Սոֆիա
ՀՀ ազգային անվտանգության նախարարության արխիվ, գործ N11278, հատոր 4