Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը «Ֆեյսբուք»-ում բացել է «Դեպի Վանի հերոսամարտի 100-ամյա տարեդարձը» խումբը: Նա նշում է. «2015 թվականին լրանում է Հայոց Մեծ ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մարդկության ու հայ ժողովրդի դեմ գործած ոճիրը դեռ չի ստացել իր արժանի գնահատականն ու հատուցումը, և ուրեմն մի ամբողջ դար չհանդարտվող արդարության մղումը պիտի բարձրաձայնվի ժամանակի ու ընկալումների նոր հանգրվանից: Սրա հետ մեկտեղ մենք եղել ենք ոչ միայն զոհ ու հալածյալ, այլև դիմադրության, ուժի, հերոսության փառավոր էջեր ենք գրել նույն 1915-ի դժնդակ օրերին: Եվ դրանցից մեկն էլ Վանի հերոսամարտն էր:
Վանը մեր միասնության, կամքի, մաքառումի և հաղթանակի առհավատչյան դարձավ, այն ոգի տվեց հուսահատվածներին, թիկունք եղավ անպաշտպաններին, ճանապարհ բացեց գոյատևման երթի համար: Ոգեկոչելով հարյուր հազարավոր նահատակների հիշատակը, եկեք նաև փառաբանենք մեր հերոսներին, արժանին մատուցենք նրանց, ովքեր պահպանեցին կյանքի երակը, վրեժխնդիր եղան զոհվածների համար, ընդվզումի ու պայքարի կրակը վառեցին նվիրյալների սրտերում, սրբագործեցին մեր արժանապատմությունը:
2015 թվականը թող դառնա ոչ միայն խոնարհումի ու հիշատակի տարի` կորստի, ցավի ու արյան կանչի արթնացումով, այլև նշանավորի այն պայքարը, որ ծնվեց Վանի պարիսպների տակ ու վախճան չունի մինչև վերջնական հաղթանակ:
Բացելով ֆեյսբուքյան այս խումբը, եկեք միասնաբար դա վերածենք մի հարթակի, որտեղ սկիզբ կդնենք նոր նախաձեռնությանը` վերակենդանացնել պատմության այդ լուսավոր դրվագը, ի հայտ բերել մոռացված հերոսներին, բացահայտել նորանոր մոռացված էջեր և նպատակադրված հասնել նրան, որ պետականորեն ու համազգային շուքով նշվի Վանի հերոսամարտի 100-ամյա տարեդարձը»: