Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարությունների ընթացքում ՀՅԴ շարքերն են համալրելու 100 նորագիրներ: Եվ ահա երեկ նախ` Դրաստամատ Կանայանի շիրիմի մոտ, ապա` Ղարաքիլիսայի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի մոտ տեղի ունեցան երդման արարողություններ: Մի քանի տասնյակ նորագիրներ անդամագրվեցին ՀՅԴ-ին:
Ղարաքիլիսայի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի մոտ ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը: Ներկայացնում ենք նրա ելույթն ամբողջությամբ:
«Սիրելի' հայրենակիցներ
Հայ Յեղափոխական Դաշնակցության Լոռու մարզային կոմիտեի, «Սիմոն Զավարյան» կոմիտեության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ:
1918 թվականի մայիսի 28-ը բեկումնային դարձավ մեր ժողովրդի բազմադարյա պատմության մեջ և արմատապես փոխեց նրա ընթացքը: Հարյուրամյակներ շարունակ առանց պետականության գոյատևած, զրկանքների ու ցեղասպանության միջով անցած հայ ժողովուրդը կարողացավ ի մի բերել իր բոլոր ուժերը և ելք գտնել անելանելի թվացող իրավիճակից: Իսկ ելքը մեկն էր` ստեղծել և պաշտպանել իր անկախ պետականությունը:
Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը վերադարձրին մեր ժողովրդի հույսն ու հավատը ապագայի հանդեպ: Ստեղծվեցին առաջին պետական ինստիտուտներն ու խորհրդանիշերը, անցկացվեցին առաջին խորհրդարանական ընտրությունները, և 20-րդ դարի սկզբին Հայաստանում դրվեցին ժողովրդավարության հիմքերը:
Չնայած ծանր ու բարդ աշխարհաքաղաքական եւ սոցիալ-տնտեսական պայմաններում Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատեւեց շատ կարճ, սակայն մեծ ժառանգություն և պատմության դաս հանդիսացավ սերունդների համար:
Հայ ժողովուրդը շատ բան է կորցրել պատմության քառուղիներում: Սակայն, դիմակայելով ճակատագրի հարվածներին, բոլոր փորձություններից նա դուրս է եկել ավելի ուժեղ ու իմաստնացած: Դրա վկայությունն այսօր հաստատուն քայլերով զարգացող ու բարգավաճող հայկական երկու հանրապետություններն են, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը, մեր հզոր ու հաղթական բանակը, մեր հզոր ու հպարտ երիտասարդությունը: Մենք պարտավոր ենք միասնաբար ու համատեղ ուժերով պահել ու փայփայել մեր ձեռքբերումները` ամեն ինչից վեր դասելով պետական եւ ազգային շահերը:
Այդ ներշնչումով է, որ այս օրերին ամբողջ հայության հայացքը ուղղվում է դեպի Սարդարապատ, Բաշ-Ապարան և Ղարաքիլիսա։ Այդ ներշնչումով է, որ այսօր` մայիսի 27-ին, Ղարաքիլիսայի ճակատամարտում հաղթանակի օրը, աշխարհի չորս ծագերից մեր սիրելի հայրենակիցները հավաքվել են այստեղ` Ղարաքիլիսայում՝ նշելու հայոց ազգային անկախ պետականության ստեղծման 100-ամյակը:
«Պիտի խոստովանել, որ առանց Ղարաքիլիսայի ճակատամարտի ոչ թե օրվա Խորհրդային Հայաստանը, այլև այդ երկրամասի վրա այսօր ապրող հայություն չէինք ունենա: Ղարաքիլիսայի եռօրյա հերոսականը փրկեց գլխովին ոչնչացումից Արարատյան հայությանը և հիմք դրեց Հայկական Պետության»,- ասել է Գարեգին Նժդեհը:
Այս տոնական օրը մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին, Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի մեր հայրենակիցներին, Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ: Մայիսի 28-ը ավետիս է, որն իր մարգարեական շնչով ավետում է՝ անպայման կգա նաև այն օրը, երբ արդեն մենք կնվաճենք իրավունքը տոնելու ոչ թե Ազատ ու Անկախ Հայաստանի, այլ Միացյալ, Ազատ ու Անկախ Հայաստանի օրերը»: