կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-26 17:07
Քաղաքական

Անընդունելի է՝ ԵՄ առաջնորդը միջնորդի խաղաղության համար՝ զոհաբերելով ճնշված կողմի իրավունքներն ու կարիքները․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ

Անընդունելի է՝ ԵՄ առաջնորդը միջնորդի խաղաղության համար՝ զոհաբերելով ճնշված կողմի իրավունքներն ու կարիքները․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ

Որպես համաեվրոպական քաղաքացիական հասարակության համայնքային կազմակերպություն՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը և ԵՄ երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերը, ներկայացնելով ԵՄ հայազգի քաղաքացիների զգալի մասը, իրենց խոր դժգոհությունն են հայտնում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի վերջին հայտարարության առնչությամբ, որը հրապարակվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ 2022 թվականի մայիսի 22-ի եռակողմ հանդիպումից հետո։

Խաղաղությանն ուղղված միջնորդությունն անհրաժեշտ է և ողջունելի։ Այնուամենայնիվ, էական է ապահովել, որ խաղաղության բանակցությունները հիմնված լինեն արդարության վրա, այլ ոչ թե անկյուն մղելով երկու ավտորիտար ռեժիմների կողմից, ինչպիսիք են Ադրբեջանը և Թուրքիան, արատավոր ագրեսիայի զոհ դարձած կողմին։ Ի դեպ, Թուրքիան ջիհադիստ վարձկաններ էր տեղափոխել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության դեմ։ Անընդունելի է, որ ԵՄ առաջնորդը միջնորդի խաղաղության համար՝ զոհաբերելով ճնշված կողմի իրավունքներն ու կարիքները։

Ցավոք, նախագահ Միշելի վերջին հայտարարությունն արհամարհում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵՄ-ի փաստաթղթավորված մոտեցումների հիմնական սկզբունքները և, ընդհանուր առմամբ, հակամարտության կարգավորման կարևոր հարցերում հաստատում է Ադրբեջանի դիրքորոշումը։

Շեղվելով ԵՄ-ի տասնամյակների մոտեցումներից, ինչպես նաև համապատասխան միջազգային բոլոր փաստաթղթերից՝ Շառլ Միշելը օգտագործում է «Ղարաբաղ» անորոշ ձևակերպումը «Լեռնային Ղարաբաղի» փոխարեն, որը որոշակի տարածք ունեցող քաղաքական միավոր է։ Այսպիսով, Եվրոպական խորհրդի նախագահը կրկնում է Ադրբեջանի նախագահի տեսակետը՝ ակնարկելով, որ Լեռնային Ղարաբաղը, որպես սուբյեկտ, գոյություն չունի, ինչն իր էությամբ ցեղասպանական մոտեցում է։

2022 թվականի մարտին Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական և մշակութային ժառանգության շարունակական ոչնչացման վերաբերյալ բանաձև՝ արձանագրելով, որ «հայկական մշակութային ժառանգության վերացումը հանդիսանում է համակարգված և պետական մակարդակով հովանովորվող հայատյացության, պատմական ռևիզիոնիզմի և հայերի նկատմամբ ատելության քաղաքականության ավելի լայն օրինաչափության մի մասը, որը խրախուսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից»: Միայն «Ղարաբաղ» տերմինի օգտագործումն ակնհայտորեն Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության նկատմամբ ադրբեջանական շարունակվող էթնիկ զտումների և իր էությամբ ցեղասպանական քաղաքականության հերթական դրսևորումն է։

Սույնով պարոն Շառլ Միշելին հիշեցնում ենք, որ, իբրև Եվրոպական խորհրդի նախագահ, նրա միջնորդությունը պետք է հիմնվի հետևյալ փաստերի և հանգամանքների վրա.

  • ԵՄ-ի և Հայաստանի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» (CEPA), որն ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտին, «ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված նպատակների և սկզբունքների, և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա, ներառյալ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը»՝ որպես երեք հիմնական սկզբունքներից մեկը։
  • Բաքվի ցանկացած անմիջական վերահսկողություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ անխուսափելիորեն նշանակում է դրա հազարամյա բնիկ հայ բնակչության էթնիկ զտում։ Ուստի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը պետք է արտացոլվի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության կամքի ժողովրդավարական արտահայտմամբ, առաջնային է բնակչության երկարաժամկետ ու կայուն անվտանգության ապահովման և հայրենիքում ապրելու իրավունքի երաշխավորման համար։
  • Տրանսպորտային/հաղորդակցական կապերի ապաշրջափակումը պետք է իրականացվի՝ հարգելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Նոր հակամարտության համար հիմքեր ստեղծելու ցանկացած հնարավոր ռիսկ պետք է բացառվի։
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատումը եւ սահմանագծումը չեն կարող կատարվել ուժի կիրառման հետևանքով և չպետք է իրականացվեն հապճեպ՝ առանց հաշվի առնելու դրա բոլոր հետևանքները։
  • Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի հայատյացության պետական քաղաքականության բոլոր դրսևորումները։
  • Հետևելով Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև ԵՄ մի շարք անդամ երկրների խորհրդարանների բանաձևերին՝ Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ՀՀ կառավարությունից է նաև ակնկալում, որ բանակցությունների ընթացքում այն պնդի վերոնշյալ բոլոր կետերը։

 

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
26.05.2022 թ.