Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019 թվականի ապրիլի 24-25-ի լիագումար նստաշրջաններում Բելգիայի Ներկայացուցիչների պալատը քննարկել և ընդունել է օրենք, որն, ի թիվս այլ հարցերի, պատժում է ցեղասպանությունների ժխտումը, ինչպիսիք են Ռուանդայի ցեղասպանությունը և Սրեբրենիցայի կոտորածները: Չնայած Բելգիայի հայ համայնքի, խոհրդարանի մի քանի անդամների և ոլորտի մասնագետների ջանքերին`ընդունված տեքստը չի ընդգրկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, թեև Բելգիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը երեք մակարդակով` Ներկայացուցիչների պալատ, Սենատ և կառավարություն` վարչապետ Շառլ Միշելի պաշտոնական հայտարարությամբ. տեղեկացնում է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը:
«Բելգիական խորհրդարանի` Հայոց ցեղասպանությունը օրենքից բացառելու մասին որոշումն անընդունելի է և խորապես հիասթափեցնող: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու նախադրյալներ կան. մի քանի եվրոպական երկրներում նմանատիպ օրինակներ եղել են: Ժխտողականության սերմանումը, անշուշտ, խրախուսում է ավտորիտար ռեժիմը, ինչպիսին Էրդողանինն է, և, ցավոք, սա կանաչ լույս է` հակահայկական տրամադրությունների համար»,- ասել է Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը:
Ըստ նրա` ցավալի է տեսնել, թե ինչպես Պալատի մեծամասնությունը անհաղորդ մնաց հասարակական կարծիքին, Բելգիայի լավագույն լրատվամիջոցներում հրապարակված բազմաթիվ հոդվածներին, մարդու իրավունքների ակտիվիստների պահանջներին և տարբեր խորհրդարանականների տեսակետներին, որոնց նվիրվածությունն արդարադատությանը Հայ դատի հանձնախումբը շատ բարձր է գնահատում:
«Այս ամենը, անկասկած, նշանակում է, որ մենք Բելգիայի հայ համայնքի հետ էլ ավելի մեծ ջանքեր ենք գործադրելու`պահանջելով արդարադատություն Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի և նրանց սերունդների համար: Առաջիկա ընտրություններից հետո մենք մտադիր ենք սերտորեն աշխատել Բելգիայի նոր խորհրդարանի հետ և հարցը վերադարձնել օրակարգ»,- ընդգծել է Գասպար Կարապետյանը: