կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-19 14:11
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը պատշաճ համարեց դատախազ Մարտիրոսյանի մասնակցությունը Նիկոլի դավաճանության գործով վերաքննիչ բողոքի քննությանը

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Բիշարյանի նախագահությամբ, քննվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի և փաստաբան  Հակոբ Մարտիրոսյանի բողոքը, որով վիճարկում են Փաշինյանի հանդեպ պետական դավաճանության հիմքով քրեական գործ չհարուցելու՝ Դատախազության անգործությունը որպես այդպիսին չճանաչելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Արծվիկ Մինասյանը և Հակոբ Մարտիրոսյանը  վիճարկեցին դատախազ Մարտիրոսյանի՝ սույն բողոքի քննությանը որպես պատշաճ դատախազ հանդես գալու հարցը։ Դիմողները այս հանգամանքը կասկածի տակ էին դնում՝ հաշվի առնելով, որ գրավոր հանձնարարություն առկա չէ հատկապես սույն բողոքի քննությանը դատախազ Մարտիրոսյանի մասնակցելու մասին։

Վերաքննիչ դատարանը, սակայն, այս բողոքը հիմնավոր չհամարեց՝ նկատի ունենալով, որ այսօրվա դատական նիստի վայրի և ժամանակի մասին Վերաքննիչ քրեական դատարանը գրավոր ծանուցել է Գլխավոր դատախազին, իսկ դատական նիստին ներկայացել են դատախազներ Մարտիրոսյանը և Մուրադյանը․ այս իմաստով դատարանը անհրաժեշտություն չտեսավ գրավոր լիազորագրի հիման վրա բողոքի քննությանը դատախազ Մարտիրոսյանի մասնակացելու համար։

Նշենք, որ Արծվիկ Մինասյանի և Հակոբ Մարտիրոսյանի կողմից 2021 թ-ի հունիսի 11-ին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրվել է հանցագործության մասին հաղորդում առ այն, որ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը՝ Նիկոլ Փաշինյանը, ուղղակի դիտավորությամբ կատարել է արարքներ, որոնցով օգնել է Ադրբեջանի Հանրապետությանը, որպեսզի վերջինիս կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականցված թշնամական գործունեության արդյունքում Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո անցնեն հայկական զինված ուժերի կողմից նախկինում ազատագրված Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմած տարածքները, այդ թվում՝ Հադրութի շրջանը և Շուշի քաղաքը, ինչը պաշտոնապես ամրագրվել է 2020թ նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահի հետ ՀՀ վարչապետ Փաշինյանի ստորագրված հայտարարությամբ։ Բողոքաբերները գտնում են, որ Դատախազությունն անգործություն է ցուցաբերել՝ այս հաղորդման հիման վրա Փաշինյանի հանդեպ դավաճանության հատկանիշներով  քրեական գործ չհարուցելով, այլ հաղորդումը բաժանելով երկու մասի և կցելով այլ գործերի։ Առաջին ատյանի դատարանը, սակայն, գտել է, որ Դատախազությունը անգործություն չի ցուցաբերել․ այս որոշումն էլ Արծվիկ Մինասյանն ու Հակոբ Մարտիորսյանը  վիճարկել են Վերաքննիչ դատարանում։

Մանրամասն՝ տեսանյութում․