կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-31 11:37
Իրավական

Հայտնի է Ավետիսյանների սպանության գործով վերաքննիչ բողոքի քննությանը օրը

Հայտնի է Ավետիսյանների սպանության գործով վերաքննիչ բողոքի քննությանը օրը

Հայտնել ենք, որ քրեական վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով պաշտպանի և տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների ներկայացրած վերաքննիչ բողոքը: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ վերաքննիչում այս գործով առաջին դատական նիստը նշանակված է նոյեմբերի 12-ին:

Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը դատարանից պահանջել է բեկանել և փոփոխել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Վալերի Պերմյակովին ցմահ ազատազրկման դատապարտելու վերաբերյալ` օգոստոսի 23-ի դատավճիռը, նրա նկատմամբ ՀՀ քր.օր. 34-329 հոդ. 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել: Պերմյակովի նկատմամբ նշանակել համաչափ մեղմ պատիժ: Նշենք, որ այս հոդվածը վերաբերում է պետական սահմանն ապօրինի հատելու փորձին: Ըստ պաշտպանի՝ դատաքննության ընթացքում չի ապացուցվել, որ նա սահմանահատման փորձ է կատարել:

Վերաքննիչ բողոք են ներկայացրել նաև գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը, Արայիկ Զալյանն ու Արամազդ Կիվիրյանը: Մասնավորապես`Սաքունցն ու Զալյանը պահանջում են ամբողջությամբ բեկանել և փոփոխել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Վալերի Պավելի Պերմյակովի նկատմամբ կայացրած դատավճիռը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության: Արամազդ Կիվիրյանը նույնպես պահանջում է բեկանել դատավճիռն ու գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության՝ տուժողների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանի, Անահիտ Կոշտոյանի, Անդրանիկ Պողոսյանի, Նարինե Պողոսյանի հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության` ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին քննելու համար:

Վերաքննիչ դատարանում հիշյալ գործը մակագրվել է քրեական վերաքննիչ դատարանի դատավորներ Մհեր Արղամանյանին, Մխիթար Պապոյանին և Սերգեյ Չիչոյանին: