Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլի դավաճանության գործով բողոքաբերներ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին դիմեցին, որ Վերաքննիչի նախագահից պահանջի փաստաթուղթ, որը կապացուցի, որ գործն իրեն մակագրվել է օբյեկտիվ չափորոշիչների հիման վրա՝ հայտնում է Yerkir.am-ը։
Արծվիկ Մինասյանն ու Հակոբ Մարտիրոսյանը դատավոր Բիշարյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն են ներկայացրել և հիմնավորում են, որ Նիկոլի դավաճանության գործը հնարավոր է նրան մակագրվել է միտումնավոր, քանի որ մակագրվել է ձեռքով, իսկ իրենց Վերաքննիչ դատարանի նախագահը հրաժարվել է տրամադրել փաստաթուղթ, որը կվկայեր հակառակի մասին։
Բողոքաբերները Վերաքննիչ դատարանի նախագահին գրավոր հարցում են ուղարկել անհատական մակագրման չափորոշիչների պահպանման վերաբերյալ և խնդրել են, որ նախ՝ պատասխանվի՝ այբբենական կարգով գործերի մակագրման շրջանակներում որքա՞ն գործ է մուտքագրվել դատարան, որպեսզի ծանրաբեռնվածությունը հասկանան և օբյեկտիվ չափանիշների հիման վրա հասկանան, թե ինչպես է գործը հասել դատավոր Բիշարյանին, և 2-3 հավելյալ հարցադրումներ՝ պարզաբանեց Արծվիկ Մինասյանը։
«Դրանց վերաբերյալ պատասխանն ընդամենը եղել է, որ մակագրվել է այբբենական սկզբունքով՝ այլ տվյալներ չենք կարող տրամադրել։ Սա որևէ ձևով չի կարող հիմնավորել մեր գրավոր հարցման ընկալումը, որ ամեն ինչ եղել է հավուր պատշաճի»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը։
Նրանք պահանջեցին, որ հարցը պարզելու համար նաև նախագահող դատավորը դիմի Վերաքննիչ դատարանի նախագահին պահանջի այդ տվյալները, քանի որ առաջնահերթ Բիշարյանը պետք է շահագրգիռ լինի, որպեսզի իր անկղմնակալությունը կասկածի տակ չդրվի։
«Դրսում և նույնիսկ դահլիճում տրամադրվածությունն այն է, որ կա կանխակալ մոտեցում այս գործի հանդեպ։ Գործը իր հանրային հնչեղությամբ, լայն տարածվածության առումով շատ կարևոր է դարձնում, որ անաչառության ընկալումը ապահովվի»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Օրենքի հիման վրա ստեղծված դատարան չեք, դրա համար ձեզանից ինքնաբացարկ ենք պահանջում՝ ասացին բողոքաբերները։
Դատարանը 10 րոպե ընդմիջում հայտարարեց դատարանի նախագահին հասցեագրված հարցման պատասխանը ստանալու և միջնորդությանը կցելու համար․ դրանից հետո նոր ինքնաբացարկի որոշումը կայացնելու համար դատավոր Կարեն Բիշարյանը կհեռանա խորհրդակցական սենյակ։
Նշենք, որ Արծվիկ Մինասյանը և Հակոբ Մարտիրոսյանը 2021 թ-ի հունիսի 11-ին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրել են հանցագործության մասին հաղորդում առ այն, որ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը՝ Նիկոլ Փաշինյանը, ուղղակի դիտավորությամբ կատարել է արարքներ, որոնցով օգնել է Ադրբեջանի Հանրապետությանը, որպեսզի վերջինիս կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականցված թշնամական գործունեության արդյունքում Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո անցնեն հայկական զինված ուժերի կողմից նախկինում ազատագրված Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմած տարածքները, այդ թվում՝ Հադրութի շրջանը և Շուշի քաղաքը, ինչը պաշտոնապես ամրագրվել է 2020թ նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահի հետ ՀՀ վարչապետ Փաշինյանի ստորագրված հայտարարությամբ։ Բողոքաբերները գտնում են, որ Դատախազությունն անգործություն է ցուցաբերել՝ այս հաղորդման հիման վրա Փաշինյանի հանդեպ դավաճանության հատկանիշներով քրեական գործ չհարուցելով, այլ հաղորդումը բաժանելով երկու մասի և կցելով այլ գործերի։ Առաջին ատյանի դատարանը, սակայն, գտել է, որ Դատախազությունը անգործություն չի ցուցաբերել։ Այս որոշումն էլ Արծվիկ Մինասյանն ու Հակոբ Մարտիրոսյանը վիճարկել են Վերաքննիչ դատարանում։
Մանրամասն՝ տեսանյութում․