կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-17 16:49
Հասարակություն

Բաքվի հայերը՝ Թուրքիայի արտգործնախարարության ռադիոտեղորոշչի ներքո

Բաքվի հայերը՝ Թուրքիայի արտգործնախարարության ռադիոտեղորոշչի ներքո

Սաիթ Չեթինօղլու

Հայերը միշտ մնացել են Թուրքիայի Հանրապետության ռադիոտեղորոշչի տակ։ Վերջերս (2021 թ․) հրապարակված Արտգործնախարարության փաստաթղթերում ուսանելի է տեսնել, թե որչափ բծախնդիր և մանրամասն աշխատանքներ են տարվել այդ ուղղությամբ։

Ինչպես որ անհնար է չապշել ի տես այն փաստի, թե ինչպես է Արտգործնախարարությունն առանց որևէ մանրամասն բաց թողնելու՝ մինչև ամենավերջին դետալն անգամ ուսումնասիրել անձանց և իրադարձությունները, և թե ինչպես է այս կառույցը հետախուզական կազմակերպության նման կանոնավոր ձևով աշխատելով՝ զեկույցներ պատրաստել, այնպես էլ այդ զեկույցները ժամանակագրորեն հետազոտելու շնորհիվ դժվար չէ գլխի ընկնել, որ այդ անողոք հետապնդումը հասել է մինչև մեր օրեր։

Մեր հոդվածի համար նյութ ծառայած փաստաթուղթը Բաքվում Թուրքիայի հյուպատոս Աբդյուլքադիրի զեկույցն է, որը կրում է 1929 թ․ մարտի 7-ի ամսաթիվը և «Թուրքիայի դեմ գործունեություն ծավալած որոշ հայեր» վերնագիրը[i]։ Սույն զեկույցում թեև հիմնականում ներկայացվում են Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության հետախուզական մարմնի ղեկավար կազմում տեղի ունեցած փոփոխությունները, բայց և այնպես զեկույցն, օգտվելով առիթից, անդրադառնում է նաև հայերին։

Զեկույցից մեզ համար պարզ է դառնում, որ հյուպատոսը Համառուսական արտակարգ հանձնաժողովում (Չեկա) կատարված փոփոխությունների մասին խոսելիս հրճվանքով է ընդունում այն փաստը, որ ղեկավար կազմի 2 հայ էլ է դուրս եկել այդ համակարգից։

Սխալ չի լինի նշել, որ ղեկավար կազմից դուրս եկած հայերից Նազարյանի՝ պոլսահայ լինելու փաստի ընդգծումը պայմանավորված էր նրանով, որ հեղինակը կարծում էր, թե այդպիսով կմեծանա զեկույցի կարևորությունը, բացի այդ՝ հյուպատոսն այդպիսով նպատակ ուներ ավելացնել տալ Ստամբուլի հայերի հանդեպ գործադրվող ճնշումները։

Զեկույցը գրվել էր այն պարանոյայով, թե իրենց պատմական տարածքներից վռնդված հայերը թուրքերի դեմ շարժումներ են սկսել / կսկսեն նաև այն վայրերում, ուր գնացել են։

Սույն զեկույցը մի օրինակ է առ այն, որ հայերը քրեականացվել և մեղադրվել են թուրքական փաստաթղթերում։ Չափազանցություն չի լինի ասել, թե մեղադրելու այդ խրոնիկական մոլուցքը Թուրքիայի արտաքին քաղաքականության անքակտելի մի մասն է դարձել։

Այն փաստը, որ զեկույցի սկզբում առկա է «Ռուսաստանի ներքին դրությունը» նշումը, ուշագրավ է Արտգործնախարարության կենտրոնական կազմակերպության խիստ մանրամասն կազմակերպված լինելը ցույց տալու տեսանկյունից։

Ստորև, առանց որևէ փոփոխության, ներկայացնում ենք այդ զեկույցը, որի միայն մեկ պարբերությունն է վերաբերում Չեկային, իսկ մնացյալն ամբողջովին հյուսված է «կառափնարանի արժանի» հայերին մեղադրելու շուրջ՝ Միրզոյանի և Դաշնակցության առանցքում։

Սույն զեկույցի ուշագրավ հատվածներից է նաև այն մասը, որում հյուպատոսը, չկարողանալով իրեն տիրապետել, անամոթաբար պնդում է, թե իբր Չեկան թուրք քաղաքացիների նկատմամբ բռնարարքներ կատարելով՝ նրանց կտտանքների է ենթարկել։

Զեկույցը հանձնում եմ ընթերցողների դատին՝ առանց մեկնաբանելու այն հանգամանքը, թե ինչ աննման նմուշ է սա՝ Թուրքիայի ղեկավար համակարգի հիմնական առանձնահատկություններից մեկի՝ ստորին օղակներից վերին օղակներ վերջիններիս հաճոյանալու ոճով զեկույց գրելու սկզբունքների առումով․

«Բաքվի Չեկայի ղեկավար հրեա Մարոզի և նրա օգնական Կարոբչենկոյի հետ Չեկայի քաղաքական մասնաճյուղում Թուրքիայի բաժնի տնօրենը՝ Թուրքիայի հայերից Նազարյանը և հետաքննիչ պաշտոնյա՝ դարձյալ հայ Գավրիլյանը, ինչպես նաև՝ նույն մասնաճյուղի ղեկավար կազմում գտնված մյուս հայերը ձերբակալվել ու Մոսկվա են ուղարկվել։

Դարձյալ, ստացված տեղեկության համաձայն, Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության ընդհանուր քարտուղար՝ հայազգի Միրզոյանի փոխարեն մեկ այլ անձ է նշանակվել։

Նախ և առաջ, ինչպես որ զեկուցվել էր, Չեկան վերոհիշյալ հայ անձանց ձեռքին վերածվել էր թուրքերի դեմ մի ահավոր վրեժ լուծելու գործիքի և տարիներ շարունակ գործել Ադրբեջանում, որի հետևանքով այդ երկրի հարյուրավոր զավակներ և մինչև իսկ մտավորականներ էին ոչնչացվել։

Նույնիսկ մեր քաղաքացիներից բազմաթիվ անձինք ենթարկվել են Չեկայի բռնություններին ու կտտանքներին։

Այստեղ ժողովրդական կոմիսարների ղեկավարների շրջանում ազդեցիկ դեմք եղող Միրզոյանը ևս այդ արյունոտ միջոցից կատարելապես օգտվել է՝ իսկական դաշնակցականի ոգով ու հայկական բնույթով։

Լուրեր են ստացվել առ այն, որ ռուսների անփույթ հայացքների առաջ տեղի ունեցող այդ ողբերգությունների հեղինակներին վերագրվող այդ բռնարարքներին տեղիք տված վերոնշյալ անձինք ազգային ուղեգծով են առաջնորդվել։

07․03․1929 թ․

Հյուպատոս Աբդյուլքադիր»

[i] T.C. Devlet Arşivleri, Dışişleri Bakanlığı Arşivi D_K_C_G0 135743_1_8 

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net