Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 9-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանն իր հավատարմագրի պատճենը հանձնեց Ռումինիայի արտգործնախարարության պետքարտուղար Դան Նեկուլեսկուին:
Զրույցի ընթացքում պետքարտուղար Նեկուլեսկուն շնորհավորեց դեսպանին, հույս հայտնելով, որ դեսպան Մինասյանն իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական հարաբերությունների խորացմանը և կարևոր ներդրում կունենա հայ-ռումինական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանի և ԵՄ միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ երկուստեք հույս հայտնելով, որ այն նոր էջ կբացի ինչպես ՀՀ-ԵՄ, այնպես էլ ՀՀ-Ռումինիա հարաբերություններում։
Զրուցակիցներն անդրադարձան 2018թ․ Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, վստահություն հայտնելով, որ այն առավել կխթանի և կզարգացնի Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների բազմակողմ և երկկողմ համագործակցությունը՝ հաշվի առնելով Ռումինիայի՝ որպես Ֆրանկոֆոնիայի ռեգիոնալ կենտրոնի կարևոր դերակատարությունը:
Կողմերն անդրադարձան նաև տարբեր ձևաչափերում համագործակցության հեռանկարներին, շեշտվեց ղարաբաղյան հակամարտության բանակցային ճանապարհով կարգավորելու կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Զրույցի ընթացքում Հայաստանի դեսպանը ընդգծեց ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ Ռումինիայի վարած քաղաքականության կարևորությունը, որի շնորհիվ մասնավորապես ռումինահայ համայնքը կարողացել է պահպանել իր ինքնությունը, սերտ կապերը Հայաստանի հետ, ինչպես նաև իր նշանակալի ներդրումը բերել Ռումինիայի հասարակական-քաղաքական և մշակութային կյանքում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Մինասյանն ընդգծեց, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքեր կներդնի երկու երկրների միջև տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությանը նոր լիցք հաղորդելու ու երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամրապնդելու համար։