կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-02 20:16
Հասարակություն

ՀՅԴ–ական Գերասիմ Վարդանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. պաշտպան

ՀՅԴ երիտասարդական միության անդամ Գերասիմ Վարդանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։

«Կալանավորման հիմքերն առավել քան մտացածին են։ Նախեւառաջ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկվող հանցագործության կատարումից անցել է առավել քան 19 ամիս ժամանակ, իմ պաշտպանյալի նկատմմաբ ընտրված է եղել այլ խափանման միջոց, որի պայմանները չեն խախտվել։ Բացի այդ պետք է հաշվի առնել այժմ մեր երկրում տիրող իրավիճակը, իմ պաշտպանյալի անձը, ով հանդիսանում է Հայաստանի անկյունաքարային կուսակցություններից մեկի անկյունաքարային դեմքը, իրացնելով իր Սահմանադրությամբ նախատեսված իրավունքները, դուրս է եկել խաղաղ ցույցերի իրավունքը։ Իմ պաշտպանյալի կալանքը կրում է զուտ քաղաքական հետապնդման անհերքելի տարրեր»,- նշեց նա։

Շենք, որ Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի դեպքերով հարուցված քրեական գործով. «Որոշել են ակտիվացնել այս գործով քրեական հետապնդումները։ Որոշակի մասով մեղադրանքի ձեւակերպումներ են հանվել, այսինքն՝ մեղադրանքի որոշակի հատվածներ վերացվել, որոշակի հատվածներ ավելացվել են։ Ըստ էության, մեղադրանքի խստությունը մնացել է նույնը»։

Հիշեցնենք, որ այսօր անհնազանդության բողոքի ակցիաների ընթացքում կարմիրբերետավորները Գերասիմ Վարդանյանին ձեռնաշղթաներով բերման են ենթարկել։

Նշենք, որ մինչ այդ Երեւանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանները փորձել են բերման ենթարկել ընդդիմադիր պատգամավորներ Տիգրան Աբրահամյանին, Արամ Վարդեւանյանին, սակայն ի վերջո, բերման չէին ենթարկել:

Հիշեցնենք, որ Երեւանում, չնայած անձրեւային եղանակին, վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: