կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-15 15:37
Քաղաքական

Աշոտ Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. պաշտպան

Աշոտ Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. պաշտպան

Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մինասյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը։

Նշենք, որ դատարանում այսօր քննվում էր Մինասյանին ձերբակալելու իրավաչափության հարցը։

Վարդեւանյանն ասաց, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

«Քննիչներն ամեն կերպ փորձում էին անել մի հնարք, որ ձերբակալման իրավաչափության հետ զուգահեռ քննվի կալանավորման միջնորդությունը, որն իրենց չհաջողվեց։ Դա չհաջողվեց մեր գործողությունների արդյունքում, հակառակ պարագայում դա լինելու էր։ Կարծես թե քննիչները տեղյակ չէին Քրեական դատավարության օրենսգրքի կարավորումներին։ Եթե ձերբակալման քննությունն արդեն իսկ սկիզբ արել է, ապա այն չի կարող դառնալ կալանավորման հետ քննվող հարց»,- նշեց նա։

Անդրադառնալով հարուցված քրեական գործի մասին ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութին՝ Վարդեւանյանն ասաց. «Շատերի մոտ տպավորություն առաջացավ, որ այն կարեւոր հեռախոսազրույցը երեւի տեղի է ունեցել օրինակ՝ երեկ կամ 2 օր առաջ։ Այդ խոսակցությունը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին, ժամը 14։30-ին։ Նոյեմբերի 9-ին 305-րդ հոդվածի նախապատրաստողը եւ 300-րդ հոդվածի նախապատրաստողը նոյեմբերի 10-ին մասնակցում է հանրահավաքի, նոյեմբերի 11-ին մասնակցում է հանրահավաքի, նոյեմբերի 13-ին լինում է իր գյուղում՝ իր ընկերների հետ»։

Պաշտպանը նշեց, թե այս քրեական գործով նախաքննությունն ինչ տրամաբանությամբ է ընթանում. «Բոլորդ իմանում եք ավելի շատ, քան պաշտպանը եւ ձերբակալված անձը։ Երբ տեսանյութը հրապարակվեց, ես գտնվում էի ԱԱԾ-ում՝ քննիչի աշխատասենյակում, քննիչն էլ տեղյակ չէր, որ նման տեսանյութ է հրապարակվել։ Այդ տեսանյութի հիմնական բովանդակությունը նախաքննական գաղտնիք էր։

Արամ Վարդեւանյանը հայտնեց, որ Աշոտ Մինասյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման եւ 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) եւ 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) հատկանիշներով։