Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինձ ասացին, որ ոստիկանները հարվածել են քաղաքացու՝ անտեղի, և սկսվեց այդ քաշքշուկը։ Դուք տեսաք, որ խաղաղ երթ էր, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով իրենց երթի ժամանակ Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպին, երբ ոստիկանները քաշքշեցին ցուցարարներին։
«Իշխանությունը հոգեվարքի մեջ է, վերջին ճիգերն է գործադրում, փորձում են ինչ–որ մի կերպ ճնշել ժողովրդին։ Չեն կարողանալու, ավելի են բորբոքելու, և ինչքան իրենց այդպես պահեն, այդքան շուտ է իրենց վերջը գալու։ Եւս մեկ անգամ՝ որպես գեներալ, որպես ուսադիր կրող մարդ, հորդորում եմ ուժայինի բոլոր ներկայացուցիչներին, դուրս չգալ իրենց լիազորությունների շրջանակից և ծառայել օրենքի, երկրին, այլ ոչ թե անձերին և խմբակներին»,– ասաց նա։
Արթուր Վանեցյանը նշեց, թե տեղյակ չէ՝ արդյոք տարածքից մարդ է բերման ենթարկվել միջադեպի ժամանակ։
«Երբ ամփոփում էինք երթը, ասացին, որ ոստիկաններից մեկը հարվածել է մեր տղաներից մեկին։ Չգիտեմ ում է հարվածել, ինչի է հարվածել։ Շատ է խոսվում, որ ոստիկանի համազգեստով այս իշխանությունների ներկայացուցիչներ են, գուցե նրանք են եղել»,– ասաց նա՝ հավելելով, որ ոստիկանների մեջ կան շատ մարդիկ, որոնք հստակ կատարում են իրենց մասնագիտական պարտականությունները։
«Բայց կան նաև ոստիկաններ, որոնք անհասկանալի կերպով սադրանքներ են իրականացնում։ Նորից եմ կրկնում՝ իշխանությունը հոգեվարքի մեջ է, և դա վերջին ճիգերն են իշխանությունը պահելու, բայց չի հաջողվելու նրանց ․․․ Որևէ կերպ չեն կարողանալու կասեցնել մեր պայքարը, ուղղակի անհնարին է»,– ասաց Արթուր Վանեցյանը։