Ռուսաստանի կողմից բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովին Ուկրաինայի պատերազմում հրամանատար նշանակելը հրամանատարության և վերահսկողության կենտրոնացման փորձ է. Twitter-ում հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ ռազմական գործողությունները համակարգելու անկարողությունը մինչ օրս խոչընդոտել է ռուսական ներխուժմանը Ուկրաինա։
Բրիտանական հետախուզության տվյալներով՝ ինչպես շատ բարձրաստիճան ռուսաստանցի գեներալներ, Դվորնիկովն էլ նախկինում հրամանատարական փորձ ունի Սիրիայում։ Բացի դրանից՝ 2016 թվականից նա ղեկավարում է Դոնբասին սահմանակից՝ Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգը։
«Վերջերս ռուսական զեկույցներում նշվում է Դոնբասում հարձակումների առաջընթացի մասին, քանի որ ռուսական ուժերը վերադիրքավորվում են դեպի արևելք: Դվորնիկովի ընտրությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես ուկրաինական վճռական դիմադրությունը և անարդյունավետ նախապատերազմական պլանավորումը ստիպեցին Ռուսաստանին՝ վերագնահատել իր գործողությունները»,- ասվում է բրիտանական հետախուզության զեկույցում: