կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-05 19:12
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի իշխանության անգործության պայմաններում Ադրբեջանը լկտիացել է․ Վահե Հակոբյան

Հայաստանի իշխանության անգործության պայմաններում Ադրբեջանը լկտիացել է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը Ազատության հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքի ժամանակ։

Նա իր ելույթում նշեց․

«Սիրելի հայրենակիցներ,

Շնորհակալ եմ, որ այստեղ եք,

շնորհակալ եմ, որ եկել եք համոզման, որ այլևս հնարավոր չէ հանդուրժել մեր հայրենիքի բզկտումն ու բզկտողներին։

Ուզում եմ դիմել նաև մեզ այսօր չմիացած մեր քույրերին և եղբայրներին.

գիտակցո՞մ եք արդյոք, որ այսօր Հայաստանի գոյության խնդիր ունենք,

գիտակցո՞մ եք արդյոք, որ վաղուց արդեն հարցը միայն Արցախը չէ:

Այսօրվա հանրահավաքի նպատակներից մեկը ինչքան ուժ ունենք զանգ խփելն է՝ մեր երկիրը ծայրահեղ վտանգված է:

Զանգ խփել՝ արթնացման, զանգ խփել՝ համախմբման, միավորման համար։

Արդեն գրեթե մեկ տարի է Հայաստանի սուվերեն տարածքում է գտնվում ադրբեջանական զինուժը:

Չկա որևէ երաշխիք, որ այդ զորքը վաղն ավելի չի խորանա, կամ մեկ այլ տեղից ադրբեջանական նոր զորք չի որոշի մտնել Հայաստանի սուվերեն տարածք՝ չհանդիպելով դիմադրության:

Եվ սա տեսական խոսակցություն չէ: Ընդամենը հիշեք Սյունիքի նկատմամբ Ադրբեջանի հավակնություններն ու ուժով միջանցք ստանալու սպառնալիքները:

Սյունեցին այս բոլոր խնդիրներն ու սպառնալիքները վաղուց արդեն իր աչքով է տեսնում, իր մաշկի վրա է զգում, երբ վախենում է իր երեխային դպրոց ուղարկել, կամ գյուղ սնունդ հասցնելու համար երկար ու անբարեկարգ ճանապարհով է անցնում, երբ արթնանում ու ամեն օր պատուհանից զինված թշնամուն է տեսնում:

Սյունեցին և արցախցին այսօր մենակ են թշնամու դեմ, չի զգում իր մեջքին կանգնած պետությունը, չի հասկանում ով է իրեն պաշտպանելու թշնամուց:

Իսկ Ադրբեջանի ախորժակն օր օրի մեծանում է:

Հայաստանի իշխանության անգործության պայմաններում Ադրբեջանը լկտիացել է: Այնքա՛ն է լկտիացել, որ արդեն Արցախում խաղաղապահների պատասխանատվության գոտում է փորձում ռազմական նվաճումներ ունենալ, հումանիտար աղետ է առաջացնում Արցախում, հոգեբանական տեռոր է իրականացնում՝ կոչ անելով արցախցուն լքել իր տունը ու հեռանալ:

Այսօր Ադրբեջանը դա անում է Արցախում, արդեն անում է Սյունիքում ու Գեղարքունիքում, վաղը անելու է Տավուշում, Արարատում, հետո նաև չկասկածեք՝ Երևանում ու ողջ Հայաստանում:

Իսկ Փաշինյանն ու իր խմբակը շարունակում են խաղաղության դարաշրջան բացելու կեղծ օրակարգը բերել առաջին պլան:

Շատ լավ բան է խաղաղությունը, բոլորս ենք խաղաղություն ուզում:

Բայց այդ թեզի ներքո ու՞մ հետ, ի՞նչ է բանակցում այս իշխանությունը:

Երկու բառով այն մասին, թե ինչ է կատարվում այսօր:

Ադրբեջանը Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հիմքում դնելու համար տալիս է 5 կետից բաղկացած առաջարկ, որոնք բացառապես ադրբեջանական շահն են արտահայտում:

Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ այդ առաջարկը ընդունելի է և իր կողմից առաջարկում է լրացնում է որոշ ասպեկտներով:

Ասպեկտ առաջին՝ Արցախի ժողովրդի անվտանգության հարցը:

Ուշադրություն՝ Արցախի անվտանգության չէ, պետականության չէ, միայն՝ ժողովրդի անվտանգության:

Ասպեկտ երկրորդ՝ կարգավիճակի հարցը:

Ուշադրություն՝ ինքնորոշման իրավունքի չէ, ինքնորոշման իրավունքի իրացման չէ, առանց սահմանափակման իրացման չէ՝ միայն կարգավիճակի․ Ադրբեջանի կազմում էլ այդ կարգավիճակը կարող է լինել:

Պարզից էլ պարզ է՝ չէ՞… Վստահ եմ, բոլորս հասկանում ենք, թե ինչ են անում այս իշխանությունները, և ուր են հասել սրանք, և ուր են հասցրել մեր երկիրն ու մեզ:

Հետո հայտարարում են, որ այդ առաջարկներն ուղարկում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, որ դրանց հիման վրա բանակցություն կազմակերպեն: Ուղարկել են, որ ի՞նչ անեն:

Չե՞ն հասկանում Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ու Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների տարբերությունը:

Լավ դա էլ չեն հասկանում, բա հիմա էլ Փաշինյանը պատրաստվում է գնալ Բրյուսել Ալիևին հանդիպելու՝ Եվրոպական միության միջնորդությամբ:

Չե՞ն հասկանում ԵՄ-ի ու Մինսկի խմբի համանախագահության միջնորդ լինելու տարբերությունը:

Հիշեցնեմ համանախագահները երեքն են՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, իսկ հիմա միայն ԵՄ միջնորդության մասին է խոսվում:

Չե՞ն հասկանում, թե՞ ժողովրդին են հիմարի տեղ դնում:

Ու ոչ միայն սեփական ժողովրդին…

Եվ լրիվ այլ հարց՝ ի՛նչ բանակցություն, քանի դեռ մեր տղերքը Բաքվից չեն վերադարձել, ադրբեջանական զորքն էլ Հայաստանի տարածքում է:

Սա բանակցությու՞ն է, թե՞ ինքնաոչնչացում:

Թուրքիայի բոլոր ասածներին էլ են համաձա՞յն:

Թուրքիան էլ է չէ՞ ասում որ ՊԵՏՔ է ընդունեն Ադրբեջանի առաջարկը ու նոր ֆորմատի մասին է արդեն խոսում՝ Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան:

Սրա՞ն էլ են համաձայն:

Ի վերջո, ու՞մ շահերն է սպասարկում այս իշխանությունը:

Ու՞մ շահերն է պաշտպանում՝ Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի, թե՞ թշնամու:

Վաղը եկող սերունդը հարցնելու է՝ լավ ապրելը ո՞րն է, երբ ո՛չ սկզբունք ունես, ո՛չ արժեք, ո՛չ հայրենիք:

Այսօր քննարկում են Բրյուսելում փաստաթուղթ կստորագրվի, թե չի ստորագրվի: Հարց եմ տալիս՝ ի՞նչ կապ ունի:

Քանի՞ անգամ ենք համոզվել, որ Փաշինյանը բանավոր, ժողովրդի մեջքի հետևում պայմանավորվում է, հետո գալիս ու սկսում լուռ կյանքի կոչել թշնամու ուզածը:

Վաղը մեր երեխաները չեն կանգնելու հարցի առաջ՝ իրենց ծնողն ում էր սիրում, ում չէր սիրում, այլ կանգնելու են փաստի առաջ, որ բոլորը լուռ թույլ տվեցին իրենց հայրենիքը սկուտեղի վրա մատուցել թշնամուն:

 Մենք այսօր սրա հետ գործ ունենք՝ անտարբերության: Այս հանրահավաքը սրա՛ համար է:

 Այս հանրահավաքը Հայաստանի մասին է:

Այս հանրահավաքը մեր պետության լինել-չլինելու, մե՛ր լինել-չլինելու մասին է»:

Մանրամասն՝ տեսանյութում․