կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-03 16:27
Աշխարհ

ՌԴ ՊՆ-ն արտասահմանցիներին կտարհանի Մարիուպոլից՝ Էրդողանի՝ Պուտինին ուղղված խնդրանքով

ՌԴ ՊՆ-ն արտասահմանցիներին կտարհանի Մարիուպոլից՝ Էրդողանի՝ Պուտինին ուղղված խնդրանքով

Ռուսական բանակը կիրակի հումանիտար միջանցք է բացում Մարիուպոլից արտասահմանցի քաղաքացիների տարհանման համար՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խնդրանքով, որով նա դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հաղորդում է Интерфакс-АВН-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

«Հումանիտար գործողության անցկացումը հնարավոր է միայն Կիեւի իշխանությունների լիակատար աջակցությամբ՝ Մարիուպոլից հումանիտար շարասյան անցման, տարհանման իրականացման ընթացքում «լռության ռեժիմի» պահպանման, ինչպես նաեւ նավահանգստից դուրս եկող նավերի ուղղությամբ կրակի բացման հնարավորությունը բացառելու համար»,- հայտարարել է ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցեւը:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խնդրանքի համաձայն՝ որոշում է կայացվել լիակատար աջակցություն ապահովել Մարիուպոլի առանձին շրջաններում ազգայնական գումարտակների զինյալների պատանդառության տակ մնացած արտասահմանյան պետությունների քաղաքացիների տարհանմանը»,- ասել է Միզինցեւը:

Նրա խոսքով՝ ռուսական բանակը ապրիլի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած, հումանիտար միջանցք է բացում Մարիուպոլից Բերդյանսկ, երաշխավորում է «լռության ռեժիմի» պահպանումը շարժման երթուղով:

«Բերդյանսկից արտասահմանցի քաղաքացիները կարող են տարհանվել ցանկացած հումանիտար երթուղով. ցամաքային տրանսպորտով դեպի Ղրիմի Հանրապետություն կամ Կիեւի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքներ, ինչպես նաեւ ջրային տրանսպորտով՝ ընտրված ուղղություններով»,- ասել է Միզինցեւը:

Միզինցեւի խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունների գրավոր երաշխիքները պետք է ուղարկվեն Ռուսաստան, Թուրքիա, Կարմիր խաչի միջազգային կոմիտե եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ:

Ապրիլի 2-ին Միզինցեւն Ուկրաինայի իշխանություններին մեղադրել էր Մարիուպոլից բնակչության տարհանման նպատակով հումանիտար միջանցքի կազմակերպման հարցով պարտականությունների չկատարման համար: Շաբաթ նա հայտնել էր, որ ռուսական բանակը հումանիտար միջանցք էր բացել մարտի 31-ին եւ ապրիլի 1-ին ու 2-ին: Դա տեղի էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ ՌԴ նախագահին ուղղված անձնական դիմումի հիման վրա:

Միզինցեւը մեղադրել է նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Մարիուպոլից քաղաքացիական բնակչության տարհանման ժամանակ ապակառուցողական աշխատանք տանելու համար: