Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս էլ որերորդ անգամ ԱԺ լիագումար նիստերի ժամանակահատվածում Ալեն Սիմոնյանը մեծ խմբով մեկնում է գործուղման, իսկ իրականում տուրիստական շրջագայության, եւ դա, բնականաբար, պետական բյուջեի հաշվին, ու ես ստիպված եմ լինում իմ հարցերը հղել ոչ հասցեատիրոջը: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
«Ինչո՞վ է պայմանավորված 11 հոգանոց պատվիրակության մեկնումն Ինդոնեզիա, ինչքա՞ն է դա նստելու Հայաստանի հպարտ հարկատուների վրա, ի՞նչ արդյունքներ է ստանալու Հայաստանն այդ այցից»,- ասաց նա:
Ի պատասխան՝ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Տիկի՛ն Մանուկյան, տեղեկացնեմ Ձեզ, որ Ազգային ժողովն ունի տարբեր միջխորհրդարանական հարթակներում պատվիրակություններ: Պատվիրակությունների կազմերը հաստատվում են ԱԺ խորհրդի կողմից, որի անդամ են նաեւ ձեր խմբակցության ներկայացուցիչները: Ալեն Սիմոնյանը չի մեկնել Ինդոնեզիա՝ շրջագայության, Ալեն Սիմոնյանը մեկնել է Ինդոնեզիա որպես Միջխորհրդարանական միությունում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար»:
Արեգնազ Մանուկյանը նշեց, որ իր հարցերին խուսափողական պատասխան տրվեց։ «Ուզում եմ ընդգծել, որ այս խորհրդարանում Ալեն Սիմոնյանը միակը չէ, որ տուրիստական տոմս է շահել: ՔՊ-ի պատգամավորները հերթով մեկնում են շրջագայությունների՝ զրո արդյունք տալով Հայաստանին ու լիքը անձնական տպավորություններ ստանալով, եւ կրկին՝ բյուջեի հաշվին»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց, որ ԱԺ կայքում հրապարակվում են ԱԺ նախագահի որոշումները, ներկայացված են բոլոր պատվիրակությունների այցերի նպատակները, ծախսերը, կազմերը։ «Տեղեկացնեմ, որ պարբերաբար տրվում են հաշվետվություններ, տեղեկացնեմ նաեւ, որ ձեր նշած շրջագայությունների ընթացքում, ցավոք, հաճախ միայն ՔՊ-ի պատգամավորները մեկնում են եւ բարձրաձայնում են այն հարցերը, որոնք բխում են Հայաստանի եւ Արցախի շահերից: Օրինակ՝ ես կարող եմ խոսել որպես ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար եւ ձեզ հիշեցնել, օրինակ, վերջերս ընդունված երկու բանաձեւի մասին, որտեղ կան կետեր, որոնք շատ կարեւոր են մեզ համար: Ձեզ էլ խորհուրդ կտամ փոխել ձեր ոճը, որովհետեւ արդեն հոգնեցնում է»,- ընդգծեց ԱԺ փոխխոսնակը: