Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2021-ի դեկտեմբերի 5-ին Վեդիում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով առաջատար էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ ձայների 42,86 %-ով (8666 ընտրող), ՔՊ-ն երկրորդ տեղում էր՝ 38,04 %-ով (կուսակցությունը գլխավորում էր Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը, որն ստացել էր 7690 ձայն), «Հանրապետություն» կուսակցությունն ստացել էր ձայների 16,31 %-ը (3299 ձայն)։
Այսինքն՝ ընտրություններին մասնակցած որևէ քաղաքական ուժ չէր կարողացել հաղթահարել և հավաքել անցողիկ՝ 50+1% շեմը, ինչը նշանակում էր, որ առանց կոալիցիա կազմելու հնարավոր չէր ձևավորել համայնքային իշխանություն:
Չհանդուրժելով պարտությունը և չկազմելով կոալիցիա՝ դեկտեմբերի 16-ին Գարիկ Սարգսյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուները տարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացրել ինքնաբացարկի դիմումներ և հրաժարվել մանդատներից:
Արդյունքում՝ ՀՀ կառավարությունը 2022 թվականի հունվարի 4-ին Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշում էր կայացրել։
Ընդամենը 1 օր անց՝ հունվարի 5-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արարատի նախկին մարզպետ, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը նշանակվեց Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Իսկ ԿԸՀ-ն հունվարի 10-ի նիստում Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների անցկացման օր նշանակեց 2022 թ. մարտի 27-ը:
Yerkir.am-ը գրավոր հարցմամբ ԿԸՀ-ից հետաքրքրվել էր, թե պետական բյուջեից որքա՞ն գումար է ծախսվել Վեդիի խոշորացված համայնքի ավագանու՝ 2021 թ. դեկտեմբերի 5-ին կայացած ընտրության կազմակերպման և անցկացման վրա: Ստացված գրավոր տեղեկանքում մանրամասն ներկայացված են յուրաքանչյուր տեղամասի համար ծախսվող գումարը՝ 831,491 դրամ (Վեդիի 28 տեղամասերի համար ծախսվել է 23,281,748 դրամ), ինչպես նաև թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ծախսերը, որոնց մեջ մտել են նաև անհատական սարքերի օպերատորների աշխատավարձերը, քվեաթերթիկների և ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրությունը (միասին՝ 9,815,814 դրամ):
Այդպիսով՝ Վեդի խոշորացված համայնքի ընտրությունների վրա մարտի 27-ին ևս պետական բյուջեից ծախսվելու է առնվազն 33,097,562 դրամ: Եվ սոցիալական ճգնաժամ ապրող, թանկացումների կործանարար ալիքին դիմակայել փորձող ՀՀ քաղաքացին այս գինը վճարում է միմիայն այն բանի համար, որ Փաշինյանը հագուրդ տա իր կրքերին, նվաճի ՏԻՄ-երը և այնտեղ ղեկավարներ կարգի սեփական խունտայի ներկայացուցիչներին, տվյալ պարագայում՝ իր զավեշտալի արկածներով հայտնի «կոկորդիլոսաբույծ» Գարիկ Սարգսյանին:
Վահե Սարգսյան