կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-11 23:00
Հասարակություն

Կոչ ենք անում անհարկի գնումներ չանել ու խուճապ չառաջացնել, պարենային անվտանգության խնդիրները վերահսկում են․ նախարար

Կոչ ենք անում անհարկի գնումներ չանել ու խուճապ չառաջացնել, պարենային անվտանգության խնդիրները վերահսկում են․ նախարար

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ կառավարությունը վերահսկում է Հայաստանում պարենային խնդիրները։ Նա նաև կոչ է անում խուճապային տրամադրություններ չստեղծել և անհարկի գնումներ չանել։

Գրառման մեջ ասվում է․

«Ռուսաստանյան, ինչպես նաև հայաստանյան ԶԼՄ-ներում վերջին երկու օրերին տարածվող տեղեկատվության վերաբերյալ, համաձայն որի նախատեսվում է սահմանափակել ՌԴ-ից մի շարք պարենային ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ երկրներ, տեղեկացնում եմ, որ Հայաստանի պարենային անվտանգության խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության և անմիջական վերահսկողության տակ։

Մինչ այս պահը, ՌԴ կառավարության կողմից չկա հաստատված որոշում պարենային ապրանքների արտահանման արգելքի վերաբերյալ, հետևաբար Հայաստան ապրանքների ներմուծումն իրականացվում է բնականոն կերպով։

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս նվազագույն պարենային զամբյուղում ներառված ապրանքների մասով կանխատեսվող դեֆիցիտ չկա։ Մենք կապի մեջ ենք ռուսաստանյան մեր գործընկերների հետ, և նույնիսկ արտահանման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ ՌԴ կառավարության որոշման պարագայում՝ Հայաստանի Հանրապետությունն ունի բնակչության պարենային անվտանգությունն ապահովելու բոլոր անհրաժեշտ ռեսուրսները։

Ռուսաստանի Դաշնության հացահատիկի ինքնաբավությունը կազմում է շուրջ 150 տոկոս, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն ունի բավարար պաշարներ ներքին սպառման և արտահանման համար։

Կոչ ենք անում քաղաքացիներին խուճապային տրամադրություններ չառաջացնել եւ անհարկի գնումներ չկատարել»։