կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-10 15:29
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը երկակի խաղ է խաղում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

Երբ խոսում ենք մեր տարածաշրջան Արևմուտքի ներթափանցման մասին որպես ազդակ, այդ ազդակը նշանակում է Թուրքիայի ավելի ներքաշում տարածաշրջան, որը մեզ համար մերժելի է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ նորընտիր Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը 34-րդ Ընդհանուր ժողովից հետո առաջին մամուլի ասուլիսում։

«Ադրբեջանն էլ երկակի խաղ է խաղում․ բնական է, որ Ռուսաստանը չի ուզում կորցնել Ադրբեջանը, բայց նաև ակնհայտ է, որ նա ուղղակի կապի մեջ է Ուկրաինայի իշխանությունների հետ, և փոխադարձաբար Ուկրաինայի իշխանությունները Արցախյան պատերազմի ժամանակ զինամթերք են հասցրել Ադրբեջան։ Այս պատճառով պետք է զգուշավորությամբ մոտենալ այս խնդրին, որովհետև ինչ էլ լինի ելքը՝ անպայմանորեն ունենալու է իր ազդեցությունը տարածաշրջանի վրա»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ նա ասաց, որ ՀՅԴ-ի գործունեությունը չի սահմանափակվում օրենսդրական նախաձեռնություններով։

«Դուք լավ գիտեք, որ Ընդհանուր ժողովի նախօրեին փետրվարի 26-27-ին համահայկական ընդգրկմամբ ցույցեր տեղի ունեցան Սփյուռքի մեջ։ Դա կապվեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Սումգայիթի ջարդի և Արցախյան գոյամարտի հետ։ Սա եղավ 12 երկրներում։ Կասկած չկա, որ այսօր իրողությունները մի քիչ տարբեր են, որովհետև պարտվողական հոգեբանության մեջ է ընկել մեր ժողովուրդը Արցախյան պատերազմից հետո, և սա է մեծագույն հարցը, որ այս իշխանությունները բանակցում են, երբ որ պարտված կողմ են։ Այն դեպքում, որ մենք ունեինք անխոցելիության զգացում, երբ հաղթող կողմ էինք։ Այսօր այդ հոգեբանական կամուրջը պետք է անցնենք, որ վերականգնենք մեր անժամանցելի իրավունքները»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։ 

Նշենք, որ փետրվարի 28-ից մարտի 8-ը Հայաստանում տեղի է ունեցել ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովը, որն ընտրել է նոր բարձրագույն մարմին՝ Բյուրո։ Աշխարհի շուրջ 30 երկրներից ժամանած 100 պատվիրակներ քննարկել և արժևորել են համահայկական կառույցի հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ուղենշել ՀՅԴ առաջիկա քառամյակի ռազմավարությունը՝ որդեգրելով քաղաքական գործունեության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները։ ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովը հրապարակել է իր Հայտարարությունը։

Մանրամասն՝ տեսանյութում․