«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում վերջին շրջանում անշարժ գույքի շուկան ավելի է ակտիվացել: Երեւանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բարձրացել են: Ըստ մասնագետների կանխատեսումների՝ անշարժ գույքի գները չեն նվազելու, այլ դրանք ավելի են բարձրանալու:
«Ժողովուրդ» օրաթերթը Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, բնակարանների թանկացում արձանագրվել է Երեւանի ոչ բոլոր վարչական շրջաններում: Ի դեպ, Կենտրոն վարչական շրջանում հունվարին բնակարանի մեկ քմ կազմում է 1300 դոլար: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ Կենտրոնում բնակարանի մեկ քմ հունվարին վաճառվել է 683 հազար դրամով, մինչդեռ անցյալ տարվա դեկտեմբերին այն կազմել է 680 հազար 600 դրամ, այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում 2400 դրամով թանկացել է:
Բնակարանի այսչափ թանկացումը մեկ ամսվա ընթացքում զգալի է հատկապես Հայաստանի նման երկրում: Փոխարենը Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները նվազել են 1100, Ավանում՝ 1000 դրամով, Աջափնյակում՝ 500 դրամով, Մալաթիայում՝ 1100 դրամով, իսկ, ահա, Քանաքեռ-Զեյթունում բնակարանի մեկ քմ-ի գինը բարձրացել է 2100 դրամով: Շենգավիթ վարչական շրջանում բնակարանի գինը բարձրացել է 2050 դրամով, իսկ Դավիթաշեն վարչական շրջանում հունվարին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 353 հազար 500 դրամով, Ավանում 316 հազար 600 դրամով, Մալաթիա-Սեբաստիայում՝ 312 հազար դրամով, Նոր-Նորքում՝ 309 հազար դրամով:
Բնակարանի մեկ քմ-ի գինը Նուբարաշենում ե՛ւ անցյալ տարվա դեկտեմբերին, ե՛ւ այս տարվա հունվարին արժեցել է 190 հազար 50 դրամ»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում