կարևոր
4975 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-28 17:31
Սփյուռք

Դիարբեքիրի հայ համայնքի ղեկավարը թուրքական լրատվամիջոցին պատմել է այստեղի հայերի դրության մասին

Դիարբեքիրի հայ համայնքի ղեկավարը թուրքական լրատվամիջոցին պատմել է այստեղի հայերի դրության մասին

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի ղեկավար խորհրդի անդամ Օհաննես Գաֆուր Օհանյանը թուրքական Bianet լրատվակայքին ներկայացրել է եկեղեցում իրականացված աշխատանքները և հայ համայնքի ընդհանուր վիճակը։

 Յունուս Ասլան

Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը, 7-ամյա դադարից հետո վերաբացվել է 2022 թ․ մայիսին։

 2015 թ․ փողոցային ընդհանուրմների ժամանակ վնասված 646-ամյա սույն եկեղեցու սուրբծննդյան նախապատրաստություններն ավարտվել են։ Մինչ այդ, Սուրբծննդյան տոնի կապակցությամբ, երկրում բնակվող և արտասահմանցի հայերը հանդիպում էին Դիարբեքիրում և իրենց կարոտն առնում։ 

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի ղեկավար խորհրդի անդամ Օհաննես Գաֆուր Օհանյանը պատմել է եկեղեցում կատարված աշխատանքների և հայկական համայնքի ընդհանուր դրության մասին։

Եկեղեցին 7 տարի փակ է մնացել

Օհաննես Գաֆուր Օհանյանը նշելով, թե մոտ 14 տարի է, որ Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի ղեկավար կազմում է, և որ մինչ այդ եկեղեցին ավերակ վիճակում է եղել, հայտնել է, թե իրենք նախ որոշել էին իրականացնել եկեղեցու վերանորոգման գործը։

Նա նշել է, որ եկեղեցին վերանորոգելիս իրենք ոչ մի հաստատությունից օգնություն չեն ստացել, այլ՝ ավերակ եկեղեցին վերականգնել են աշխարհի զանազան վայրերում ապրող հայերի և շրջանում բնակվող համայնքի աջակցությամբ։

Օհաննես Օհանյանն ասել է, որ նախ եկեղեցին հանդիսավոր կերպով վերաբացվել է 2011 և 2012 թվականներին։ Վերաբացումից հետո շուրջ 3 տարի անընդմեջ գործած եկեղեցին հաճախ է հոծ թվով այցելուներ ընդունել, սակայն 2015 թ․ Դիարբեքիրի Սուր շրջանում տեղի ունեցած ընդհարումների հետևանքով եկեղեցին 7 տարի շարունակ փակ է մնացել։ Բախումների ընթացքում ավիրված եկեղեցին վերանորոգելու համար, ըստ Գաֆուր Օհանյանի, իրենք դիմել էին Թուրքիայի Շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայական փոփոխությունների նախարարություն, և վերջինս ստանձնել էր եկեղեցու նորոգման ծախսերը։ Օհանյանը նշելով, որ եկեղեցին մոտ 2 տարի նորոգման մեջ է եղել, հիշեցրել է, որ այն վերաբացվել է 2022 թ․ մայիսին։ Վերաբացմանը մասնակցել են աշխարհի բազմաթիվ վայրերից ժամանած հայեր։

Օհաննես Գաֆուր Օհանյանը շեշտելով, որ եկեղեցին կենտրոնական տեղում է գտնվում, հավելել է, թե այն շատ այցելուներ է ընդունում։ Օհանյանը հայտնելով, որ եկեղեցին իր ծուխն ունի, և այստեղ ժամանակ առ ժամանակ պատարագներ են մատուցվում, ասել է, որ այստեղ են գալիս նաև շրջակա նահանգներից և Եվրոպայից։

 «30-40 հոգանոց մի խումբ է ինքնությունը փոխել»

Գաֆուր Օհանյանը հայտնելով, որ Դիարբեքիրը հայկական համայնք ունի, նշել է, որ նաև Ստամբուլից են այստեղ գալիս և մասնակցում կրոնական արարողություններին։ Օհանյանը հավելել է, որ մատուցվող պատարագների և կազմակերպվող միջոցառումների ժամանակ հոծ թվով համայնք է եկեղեցում հավաքվում։

Օհաննես Գաֆուր Օհանյանն ընդգծելով, որ Թուրքիայում հայ լինելը խնդրահարույց է, նշել է, որ այնուամենայնիվ վերջերս հայերն իրենց ինքնության համար որևէ հարձակման չեն ենթարկվել։ Նա նաև հավելել է, որ Սուր շրջանում տեղի ունեցած բախումները բացասաբար էին ազդել ոչ միայն հայերի, այլ նաև՝ այս վայրերում ապրող բոլոր ժողովուրդների վրա։ Ըստ Օհանյանի՝ տեղի հայությունը երկար ժամանակ չէր կարողացել միջոցառումներ իրականացնել, և որ վերջին շրջանում Դիարբեքիրի հայ համայնքի հանդիպած ամենամեծ դժվարությունը կապված է եղել եկեղեցու փակ լինելու հանգամանքի հետ։

Օհանյանն ասելով, որ եկեղեցու վերաբացման շնորհիվ Դիարբեքիր վերջնականապես վերադարձած հայեր չեն եղել, հայտնել է, որ նույն ժամանակ Թուրքիան լքած հայերի թիվը բավականին մեծ է։ Ճնշումների պատճառով իրենց արմատները թաքցնել կամ կրոնափոխ լինել հարկադրված հայերի խնդրին ևս անդրադարձած Գաֆուր Օհանյանը նշել է, որ վերջին 12 տարվա մեջ 30-40 հոգանոց խումբ է իր հայկական ինքնությանը վերադարձել։

Օհաննես Գաֆուր Օհանյանը շեշտելով, թե Սուրբ Ծնունդը համայն քրիստոնյա աշխարհի տոնն է, մաղթել է, որ այն գեղեցիկ բաներ բերի ամբողջ մարդկությանը, և որ նոր տարում այնպիսի աշխարհ ունենանք, որում ոչ մի մարդ ճնշման կամ շահագործման չենթարկվի։ Նա նաև շնորհավորել է բոլորի տոնը։

 Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու մասին

Եկեղեցին կառուցվել է 1376 թ․։ Պատմական Սուր շրջանում, հոծ հայկական բնակչություն ունեցած Ֆաթիհփաշա թաղամասում գտնվող եկեղեցին մինչև 1915 թ․օգտագործվել է հայերի կողմից, սակայն դրանից հետո քաղաքում ապրող հայերի մեծ մասն աքսորվել է կամ սպանվել։

Առաջին աշխարհամարտի ժամանակ որպես զորանոց օգտագործված եկեղեցին հետագայում դարձել է Սյումերբանկ ֆիրմայի բամբակի պահեստավայր։ 1960 թ․ սկսած վերստին պաշտամունքների համար բացված 3 հազար քմ տարածքի վրա գտնվող Սուրբ Կիրակոս եկեղեցին հատկապես 1980 թ․ հետո, մինչև 2012 թ․ դատարկ և ավերակ է մնացել, քանի որ քաղաքում ապրող հայերը տարբեր պատճառներով գաղթել էին Թուրքիայի արևմտյան նահանգներ կամ եվրոպական երկրներ։

https://bianet.org/bianet/yasam/272047-surp-giragos-kilisesi-nden-ohannes-ohanyan-kimse-ezilmesin

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net