կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-01 17:59
Տարածաշրջան

Թուրքիայի համշենահայ մտավորականի հոդվածը մայրենի լեզվի և զուլման քաղաքականության մասին՝ «Անունդ, ազգանունդ ի՞նչ է, ո՞ր տեղից ես»

Թուրքիայի համշենահայ մտավորականի հոդվածը մայրենի լեզվի և զուլման քաղաքականության մասին՝ «Անունդ, ազգանունդ ի՞նչ է, ո՞ր տեղից ես»

Ստորև թուրքերենից թարգմանաբար ներկայացնում ենք ստամբուլաբնակ համշենահայ մտավորական Մահիր Օզքանի հոդվածը՝ Թուրքիայում պետականորեն իրագործվող բռնի ուծացման եւ մայրենի լեզուների և ինքնության պահպանման անհրաժեշտության վերաբերյալ։

Մահիր Օզքան

Անունները ցույց են տալիս  վերացական և շոշափելի առարկաներ, սահմանում կամ ճանաչելի են դարձնում դրանք։ Մարդիկ գոյություն ունեցող շնչավոր և անշունչ ամեն բանի անուն են տալիս, այդ թվում նաև՝ զգացմունքներին և մտքերին։ Դրա շնորհիվ իրար նման բաները մեկտեղում են, խմբավորում։ Դա միաժամանակ ցույց է տալիս նաև, թե ինչպես տարբերել նմանը ոչ նմանից։ Յուրաքանչյուր բաժանում հիմնվում է որևէ անվան վրա, ամեն անվանում մի բաժանում է։

Լեզուն առօրյա կյանքում առկա ինչքան շատ մանրուքների է անուն տալիս և սահմանում, այնքան հարստանում է, այդքան զարգանում է մարդկանց՝ կյանքը բարելավելու կարողությունը։  Լեզվի մեջ առարկաներն անվանակոչելու ժամանակ ինչքան տարբեր բառեր օգտագործվեն, այդքան այն կհարստանա։ Լեզուները ժամանակ առ ժամանակ միևնույն առարկաները անվանակոչում են տարբեր ծագում ունեցող բառերով։ Ժամանակի ընթացքում այդ տարբեր անունները կարող են հեռանալ նույն առարկայի իմաստը նկարագրելուց, ինչը կարող է օգնել անվանակոչել փոքրիկ տարբերությունները, ինչպես օրինակ՝ պատմությունն ու հեքիաթը։ Ինչքան էլ որ թվա, թե դրանք անվանում են միևնույն երևույթը, այդ բառերը ժամանակի ընթացքում ձեռք են բերում տարբեր իմաստներ։ Այդ պատճառով լեզուների զտմանն ուղղված շաժումները մեծ մասամբ հանգեցրել են տվյալ լեզվի աղքատացման։ Աշխարհագրական այն տարածքներում, որտեղ համատեղ ապրում են տարբեր լեզուներով խոսող և տարբեր ինքնություններ ունեցող ժողովուրդներ, անվանակոչումներն էլ բազմալեզու են լինում։ Միևնույն առարկան տարբեր լեզուներով խոսող ժողովուրդները տարբեր կերպ կարող են անվանել։  Ժողովուրդները երբեմն իմանում են, թե տվյալ առարկան մյուս լեզվում ինչ է կոչվում, երբեմն չեն իմանում։ Երբեմն մի ժողովրդի կողմից օգտագործված անունը հարևան ժողովուրդը վերցնում և ինքը ևս օգտագործում է։  Այդ ազդեցություններն ու փոխառությունները պետք է դիտարկել որպես հարստություն։ Կյանքի այս հանգույցում բնականոն  փոխազդեցությունները սովորական են։ Դրա համար էլ մարդիկ օտարություն չեն զգում այդ բառերը կիրառելիս։

Մեկ լեզու պարտադրելու նպատակն այն է, որ մարդիկ օտարանան իրենց մայրենիից, բնակավայրերից և իրենք իրենցից։  Դա նշանակում է հեռանալ էությունից, բնակավայրից։ Այդ պատճառով էլ բռնաձուլման գուցե և ամենակարևոր ոլորտներից երկուսը տեղանունների փոփոխությունն ու ազգանվան մասին օրենքով մարդկանց անունների փոփոխությունն են։

Օտար լինել սեփական բնակավայրին

Թուրքիայի գրեթե բոլոր շրջաններում գյուղերը ամենաքիչը երկու անուն ունեն։ Մեկը ժողովրդի կողմից օգտագործվող անունն է, մյուսը՝ գյուղի պաշտոնական անվանումը։ Թուրքերենից բացի՝ այլ մայրենիներով խոսող մարդիկ իրենց բնակավայրերում հիմնականում օգտագործում են տեղանունների մայրենի անվանումը, իսկ երբ դուրս են գալիս իրենց բնակավայրերից կամ գտնվում են պաշտոնական շրջանակներում, օգտագործում են թուրքերեն տեղանունը։

Կրթության տարածմամբ և տնտեսական զարգացումներով պայմանավորված՝ բնակավայրերի պաշտոնական անվան կիրառությունը տարածվել է ժողովրդի մեջ։ Օրինակ՝ այն գավառին, որտեղ ծնվել ու մեծացել եմ, և որին լազերը Նղեդի, իսկ համշենցիները Մաքրիյալ են կոչում,  արդեն շատերը սկսել են անվանել Քեմալփաշա։

Տեղանունների փոփոխությանն ուղղված աշխատանքները սկսվել են Հանրապետության հռչակումից առաջ: Ռազմական նախարար Էնվեր փաշան 1916 թ․ հունվարի 5-ին այսպիսի մի հրաման է արձակել․ «Օսմանյան կայսրությունում հայերեն, հունարեն ու բուլղարերեն, կարճ ասած՝ ոչ մուսուլման ժողովուրդների կողմից իրենց լեզուներով կոչող վիլայեթների, սանջակների, ավանների, գյուղերի, լեռների, գետերի, աստվածների անունները որոշվել է փոխել թուրքերեն։ Այս հարմար ժամանակն արագ օգտնվելով՝ ձեր օգնությունն ենք հայցում այդ գործին լծվելու համար»։

1926 թ․ «Արդվինի շրջանային գլխավոր խորհուրդ»-ը  տեղանունների փոփոխության վերաբերյալ որոշում է ընդունել։ Շրջանային խորհուրդը 1927 թ․ էլ որոշում է կայացրել Արդվինում վրացերեն խոսելու արգելքի մասին։ 1952 թ․ «Անվանափոխության մասնագիտացված հանձնաժողովը» պարբերաբար իրականացրել է տեղանունների փոփոխության գործը։ Այսինքն, երիտթուրքերի, միակուսակցական համակարգի, Դեմոկրատական կուսակցության կառավարման ժամանակաշրջաններում շարունակվել է այդ աշխարհագրական տարածքը միալեզու դարձնելու գործընթացը։

Այս ամենի հետևանքով ամենաշատը Արևելասևծովյան շրջանում և Արևելյան Անատոլիայում (Արևմտյան Հայաստան) մոտ 40 հազար անուն է փոխվել, որոնցից 12 հազարը գյուղի, մնացածը լեռան, բլուրի, գագաթի, գետի, հովտի, բնակավայրի և այլ անուններ են։ Հանրապետական շրջանից առաջ քարտեզների վրա օգտագործված Պոնտոս, Լազիստան, Հայաստան, Քրդստան անունները հանվել են քարտեզների վրայից։

Օտար լինել սեփական անվանը

Մարդու կյանքում ամենակարևորն անկասկած իր  անունն է։ Այն մարդիկ, որոնց մայրենին թուրքերենից տարբեր է, մեծ մասամբ, իրենց բնակավայրերի նման, երկու անուն են ունենում։ Բռնաձուլման ամենակարևոր գործիքներից մեկը մարդկանց անունների փոփոխությունն է և  երկար տարիներ տևող արգելքը, ըստ որի, թուրքերենից բացի մյուս լեզուներով անուն չպետք է դրվի։

1934 թ․ ընդունվել է  «Ազգանվան մասին օրենք»-ը, որով փորձել են մարդկանց իսկական թուրք քաղաքացիներ դարձնել՝ անցյալի, լեզուների, ընտանիքների հետ նրանց կապը կտրելու միջոցով։ Ոմանք իրենց ազգանուններն իրենք են ընտրել՝ սահմանված չափանիշների համաձայն, իսկ ոմանց համար  էլ ազգանուններ են ընտրել գյուղապետերը կամ հաշվառող պաշտոնյաները։ Այդ պատճառով Յըլմազ, Յըլդըզ, Չելիք, Օզքան և Թուրքիայում օգտագործվող այլ ամենատարածված ազգանունները համշենցիների ազգանուններից մի քանիսն են դարձել։

Գրեթե բոլոր լեզուներում մարդկանց անունները երկու հիմնական աղբյուրներ ունեն։ Առաջինը՝ կրոնական ինքնությունն է, երկրորդն էլ՝ լեզվական ինքնությունը։  Կրոնական ինքնությունից բխող անունները ավելի տարածված  են, և  ամեն լեզվում հոգևոր անունները օգտագործվում են այդ լեզվի հնչյունական համակարգին համապատասխան։

«Ազգանվան մասին օրենք»-ով սկսված գործընթացի ժամանակ մենք ոչ միայն կորցրել ենք համշեներեն (նկատի ունի հայոց լեզվի՝ Համշենի բարբառը) մեր անունները, այլև իսլամական անունների՝ սեփական լեզվում եղած ձևերի փոխարեն սկսել ենք կիրառել այդ անունների թուրքերեն ձևերը։ Օրինակ՝ Մուհամադ անունը թուրքերեն Մուհամեդ և Մեհմեդ ձևն է ստացել, իսկ համշեներենում Մոմմեթ է, սակայն այդ ձևը չենք կարող օգտագործել։ Մեր թոֆիքները Թևֆիք են, սուլեմանները Սյուլեյման, մեր սոֆյաները Սաֆիյե, աշեները Այշե, մոմերները Մուամմեր են դարձել։

Վերջին ժամանակներս իրենց երեխաներին համշեներեն անուններ տալ ցանկացողների թիվը թեև քիչ, սակայն աճել է։  Վերը նշածս անուններին ասում են՝ «Սրանք համշեներեն չեն»։ Մի կողմից ճիշտ է, սակայն մի կողմից էլ ճիշտ չէ։ Երբ մուսուլման լինելու պատճառով մեր լեզու մուտք գործած անունները մեր լեզվական կառույցին համապատասխանեցնում ենք, այն մերն ենք դարձնում։ Այսինքն՝ Մեհմեթը թուրքերեն է, իսկ Մոմմեթը՝ համշեներեն։

Պետք է բռնաձուլմանը դիմադրել այնտեղ, որտեղից այն սկսվել է

Բռնաձուլման քաղաքականության ժամանակ  նախ փոխել են անունը։ Իհարկե գիտեին, որ պաշտոնական անունը փոխելով՝ երևույթը չէր փոխվելու։ Դրա համար բռնաձուլման քաղաքականության ժամանակ գործադրվել են արգելքներ, ճնշումներ, գործի են դրվել կրթությունը, տնտեսությունը, մամուլը և բազմաթիվ այլ միջոցներ։ Ներկա փուլում, ցավոք, սխալ չի լինի ասել, որ անվանափոխվածների մեծ մասն իր անվանը համապատասխան ինքնություն է սկսել ձեռք բերել։

Փոխվող անվան բովանդակությունը կամաց-կամաց, սերնդեսերունդ մեկ այլ ինքնությամբ է լցվել։ Այդ պատճառով բռնաձուլմանը դիմադրելու ճանապարհը պետք է սկսել հենց ակունքից։

Եկել և անգամ անցել է այն ժամանակը, երբ իրերն իրենց անունով պետք է կոչենք։ Եկեք մեր գյուղերը միշտ և ամեն տեղ իր անունով կոչենք։ Եթե անհրաժեշտ լինի, ապա պաշտոնական անունը գործածենք միջանկյալ։ Մեր անունները, ազգանունները, մեր գերդասատանների անունները մայրենիով ասենք, երբ մեր երեխաներին տանք իսլամական անուններ, կիրառենք դրանց այն ձևերը, որոնք առկա են մեր մայրենիում։

Եթե պատասխանեմ վերնագրում տրված հարցին, ապա կասեմ՝ Ես Բեքարցի Մահիրն իմ, մաքրիալցի իմ։

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net