Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1988 թ.-ին սկիզբ առած Արցախյան ազատագրական շարժումն ուներ իր կազմակերպիչները։ Մարդիկ, ովքեր մի կողմ դնելով իրենց վախերը, հաշվի չառնելով իշխանական ճնշումներն ու սպառնալիքները, կարողացան ժողովրդին համախմբել Արցախը մայր Հայաստանին միավորելու գաղափարախոսության շուրջ։ Այդ անձանցից է նաև դաշնակցական, ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախկին անդամ Ալյոշա Գաբրիելյանը, ում հետ «Ապառաժ»-ը զրուցել է այդ օրերին ստեղծված կացության, գործընթացների և այսօրվա իրավիճակի մասին։
—Պարո՛ն Գաբրիելյան, որո՞նք էին այն նախադրյալները, որոնք հիմք հանդիսացան արցախյան շարժման ձևավորման համար։
-Նախադրյալները գալիս են նախորդ դարի սկզբներից, երբ խորհրդային տարիներին Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանի Հանրապետությանը։ Իհարկե, խորհրդային տոտալիտար պայմաններում հնարավոր չի եղել մասսայական արտահայտել մայր Հայաստանին միանալու արցախահայության արդար պահանջը, սակայն երբեմն եղել են դեպքեր, երբ տարբեր անհատներ, մտավորականներ տարբեր ձևով իրենց բողոքն են ներկայացրել կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեին, որը կուսակցության բարձրագույն մարմինն էր և իրենք էին որոշում գրեթե ամեն ինչ, սակայն շատ արագ կասեցվել են այդ բողոքները, և մտավորականներին Ղարաբաղից հեռացրել են։
Պատուհան բացվեց միայն այն ժամանակ, երբ նախորդ դարի 80-ականների վերջերին ձնհալ կատարվեց, և Գորբաչովյան վերակառուցման շրջանում խոսքի որոշակի ազատություն տրվեց, մարդու հիմնարար իրավունքները սկսեցին հաշվի առնվել։ Տեսնելով ադրբեջանական իշխանությունների կողմից վարվող հակահայ քաղաքականությունը՝ ժողովուրդը հասկացավ, որ Ղարաբաղն էլ Նախիջևանի ճակատագրին էր արժանանալու, իսկ Թուրքիան արդեն ծրագրել էր Հեյդար Ալիևի գլխավորությամբ Ղարաբաղի վերջնական հայաթափումն ու կործանումը։
-Ինչպե՞ս սկսվեցին առաջին հանրահավաքները։
-Հանրահավաքները սկսվեցին, երբ հնարավոր էր արդեն ազատ խոսք ասել, հրապարակ իջնել և ԱՀ-ում և ՀՀ-ում մի խումբ հայրենասեր մտավորականների կողմից նախաձեռնվեց Արցախյան շարժումը։
-Ի՞նչպես է զարգացել Արցախի ազատագրական պայքարը:
-Արցախյան շարժումը, որը ծնունդ էր 80-ականների վերջին Խորհրդային միության վերակառուցման, պիտի բաժանենք մի քանի փուլերի։
Շարժման սկզբնական փուլում անհրաժեշտ էր Խորհրդային միության կոմունիստական կուսակցության բարձրագույն մարմնի՝ Կենտկոմի հարցին արդարացի լուծում տալու անհրաժեշտությունը։ Այդ իսկ պատճառով 1987-86 թթ.-ն նամակներ էին ուղարկում։ Մարդիկ դժվարությամբ, բայց ստորագրում էին, որովհետև վախ կար սահմանափակումներից, աշխատանքից հեռացնելուց, բայց ամեն դեպքում գաղտնի ստորագրում էին և այդպիսով իրենց համաձայնությունը տալիս, որ Արցախը միանա Հայաստանին։ Կենտկոմը ընդունում էր այդ նամակները, որովհետև վերակառուցում էր և մարդկանց հնարավորություններ էր տալիս իրենց կարծիքն արտահայտելու՝ խոստանալով վերանայել հարցը։ Ճիշտ էր, թե խալ, սակայն ԿԿ-ից լավ լուրեր էին գալիս, որը մեծ շարժառիթ էր ստեղծում։ Իհարկե, այդ ամենը նախաձեռնվում էր մարդկանց կողմից, ովքեր, մոռանալով տուն-տեղ, շարժման ակտիվիստներ էին դարձել։
Հաջորդ փուլն արդեն կոլեկտիվներում ժողովներն էին։ Փետրվար ամսին արդեն սկսվում էին կոլտնտեսությունների հաշվետու ժողովները։ Օգտվելով այդ առիթից՝ ակտիվիստնեը կոլտնտեսություններում հաշվետու ընտրական ժողովներում Արցախի՝ մայր Հայաստանի վերամիավորման մասին բանաձև էին ընդունում, և ժողովուրդը հավանություն էր տալիս։ Այս ձևով ժողովրդին արթնացնում և ընդգրկում էին հավաքների մեջ, որը ժողովրդական բնույթ էր ստանում։
խորհրդային Ադրբեջանի ԿԿ-ն տեսավ, որ իրավիճակը լարվում է, սկսեց ձեռնարկել ակտիվիստների նկատմամբ «որս»։ Տարբեր առիթներով հետապնդում, վախեցնում, աշխատանքից հեռացնում էին։ Այսպես շարունակվեց այնքան, մինչև Մոսկվան սկսեց Ադրբեջանի ղեկավարության ձեռքով չեզոքացնել ակտիվիստներին, որպեսզի մարի «կրակը»։
Իրավիճակն այնպիսին էր, որ եթե ժողովուրդն իր ձայնը չբարձրաձայներ, ապա այդ մի քանի ակտիվիստիներին չեզոքացնելով՝ կմարեր շարժումը։
Շարժումը սկսեց Հադրութ, Ասկերան և ԼՂԻՄ այլ շրջկենտրոններից, որտեղ ես անձամբ մեծ դերակատարություն եմ ունեցել։ Երբ արդեն փետրվարի 12-ի իրադարձությունները տեսնելով՝ Խորհրդային Ադրբեջանի ԿԿ Բյուրոյի ներկայացուցիչները թափանցել էին այստեղ և կուսակցական ակտիվներ էին կազմակերպում, որպեսզի տեղի ունեցածը համարեին մի քանի էքստրեմիստների բռնած գործ, որը 2 ժողովուրդների բարեկամությունը հակասող է և այդպես ճնշեին, իսկ, եթե Բյուրոն էլ որոշում ընդուներ դրա մասին, ապա արդեն ամեն ինչ մարման էր տարվելու։ Այդ ժամանակ պահանջ առաջացավ, որպեսզի ժողովուրդը դուրս գա փողոց։ Փետրվարի 13-ին զանգվածային միջոցառումներ տեղի ունեցան շրջկենտրոններում, որտեղ ժողովուրդը ոչ ասաց ադրբեջանական իշխանություններին և պահանջեց վերամիավորում մայր Հայաստանի հետ։ Սրանք առաջին ծիծեռնակներն էին։
Այս ամենը խորանալով՝ թափանցեց նաև մարզկենտրոն Ստեփանակերտ և արդեն փետրվարի 15-ից նախապատրաստական աշխատանքներ էին կատարվում առաջին միտինգը կազմակերպելու համար։
Ստեփանակերտի հիմնական 2 ուսումնական հաստատությունների՝ Մանկավարժական ինստիտուտի և Գյուղատնտեսական քոլեջի դասախոսների, ուսանողների միջոցով մենք կարողացանք կազմակերպել հանրահավաք, որին աջակցել էր Պատարայից մեր դաշնակցական ընկեր Արզումանյան Կարենը, ով պաստառներ էր պատրաստել և հանկարծակի մտանք Ստեփանակերտի հրապարակ։ Այդտեղ մեծ գործ կատարեց Ասկերանի նախաձեռնող խմբի ղեկավար Սլավա Առուշանյանը, թերթի խմբագիր Կոմիտաս Դանիելյանը։
Տեղի ունեցավ առաջին միտինգը, և մարդիկ, կողքից տեսնելով, աստիճանաբար միացան մեզ, որովհետև տեսան, որ կա գաղափար, կա վերամիավորման պահանջ։ Դրանից անմիջապես հետո շարժումը թափ առավ Ստեփանակերտում։
Հաջորդ հանրահավաքը փետրվարի 20-ին էր, երբ տեղի ունեցավ մարզխորհրդի գործկոմի հայտնի նիստը, որտեղ ԼՂԻՄ և Շահումյանի պատգամավորները համատեղ որոշեցին Արցախը միացնել Հայաստանին և դիմեցին ԱԽՍՀ գերագույն խորհրդին՝ հավանություն տալու և ՀԽՍՀ գերագույն խորհրդին իր կազմում ընդունելու համար ։
Քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը հավաքվել էր ներկայիս նախագահական շենքում (նախկին կոմունիստական կուսակցության մարզային շենք) և Գևորգովի գլխավորությամբ ամեն կերպ փորձում էր ճնշում գործադրել, որ մարզխորհրդի գործկոմի որոշումը չընդունվի։ Շրջաններից խոչընդոտում էին պատգամավորների մուտքը Ստեփանակերտ, փակել էին ճանապարհները, եղանակն էլ բարենպաստ չէր, սակայն տարբեր ճանապարհներով կարողացանք ապահովել պատգամավորների ներկայությունը, և նիստը կայացավ։ Որոշումն ընդունվեց։ Ադրբեջանի ներկայացուցիչները ամեն կերպ փորձում էին ձգձգել, սակայն, եթե ժողովուրդը չգար հրապարակ, ապա որոշում գուցե և չկայացվեր, որովհետև այդ որոշումն ընդունվեց ժողովրդի ճնշման տակ ։
Շարժման հաջորդ փուլը նստացույցերն ու գործադուլներն էին, որով հասկացնում էինք ղեկավարությանը որոշում ընդունել և Արցախն իրավաբանորեն միացնել Հայաստանին։
Պահանջը չկատարվեց, և Մոսկվայի ղեկավարության թողտվության պայմաններում Ադրբեջանը ծրագրեց և իրագործեց այն, ինչ տեղի ունեցավ Սումգայիթում, Բաքվում, Գանձակում, և կամաց-կամաց օղակը սեղմվեց դեպի Ղարաբաղ։ Մենք հասկացանք, որ առանց արյան վերամիավորման գործընթացը կազմակերպել չենք կարող։ Դա արդեն հաջորդ փուլն էր՝ պատերազմի շրջանը, որտեղ, Դաշնակցության աշխատանքի շնորհիվ մեր ժողովուրդը կամավորագրվելով ջոկատներ կազմեց և նվիրվածությամբ մասնակցեց պատերազմին, և ունեցանք այն՝ ինչ ունեցանք
-Այո՛, շարժումը պսակվեց բաղձալի հաղթանակով, սակայն 2020թ. դաժան պատերազմն ու հետագա քաղաքական զարգացումները կարծես թե մեզ հասցրին պետականության կորստի շեմին։ Այսօր Արցախը թեկուզ վիրավոր, բայց շարունակում է համառորեն իր պայքարը, սակայն ժողովրդի մեջ կարծես հուսալքություն է տիրում։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է մեր անելիքը, և ինչպե՞ս եք պատկերացնում ելքը ստեղծված իրավիճակից։
-Ինձ վրա հատկապես շատ է ազդել 2021թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետի դրսևորած աննորմալ կեցվածքն ու Արցախի մասին հնչեցրած նրա մտքերը, որով փաստորեն հավասարության նշան է դրել Արցախում բնակվող ադրբեջանցիների և հայերի միջև՝ ցույց տալով, որ այդտեղ ադրբեջանցիներ են եղել, և նրանց հարցն էլ պետք է լուծվի։ Ինչ խոսք, ցնցող էր. դրան ի պատասխան՝ հաջորդեցին ԱՀ նախագահի և ԱՀ ԱԺ հակադարձող հայտարարությունները: Ես եկել եմ այն համոզման, որ հայտարարություններով հնարավոր չի լինելու Արցախի հարցն օրակարգում պահել։ Ժողովուրդը պետք է ընդվզի։ ՀՀ ներկայիս իշխանություններն Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում և հետապնդում Ադրբեջանի հետ իրենց ասած «խաղաղության» անմարդկային պայմանագրի կնքումը։ Սա նրանց ծրագիրն է: Եթե ժողովուրդը համակերպվի և ոչինչ չձեռնարկի, պարզ է, որ այդպես էլ կլինի։
Ադրբեջանը փորձում է Արցախում ապրելու համար խոչըդոտներ ստեղծել՝ ահաբեկելով բնակիչներին, կրակելով, ճանապարհներ փակելով և այլն։
Մենք պետք է հասկանանք, որ ռուս խաղաղապահները ժամանակավոր են և չեն կարող մշտական մեր անվտանգությունն ապահովել։ Մեր անվտանգությունը մեր ժողովրդի մեջ է, մեր զինված ուժերի ուսերին է։ Արցախի բնակչությունը քանակապես պետք է ավելանա: Քաղաքական ուժերի ղեկավարների գործունեությունն այս ուղղությամբ պետք է տարվի։ Ժամանակի ընթացքում պետք է հավաքների և ցույցերի միջոցով պետք է ցույց տանք միջազգային հանրությանը, Ադրբեջանին և Հայաստանի կործանարար իշխանություններին, որպեսզի տեղ հասցնենք՝ արցախցին չի ընկճվել և չի ընկճվելու, որպեսզի տեսնեն, որ մենք միասնական ենք ու պայքարելու ենք մինչև վերջ։
-Ձեր կարծիքով հնարավո՞ր է, որ ժողովուրդը դուրս գա փողոց և իր վճռական խոսքն ասի բոլորին։
-Այդ օրն էլ կգա ինչպես առաջին շարժման ժամանակ, այնպես էլ հիմա ժողովուրդն իր վերջնական խոսքը կասի։ Ժամանակը կգա: Պետք է կազմակերպվեն նման հավաքներ, որպեսզի ժողովուրդն ասի, որ ինքն է տերն այս երկրի, և ոչ ոք՝ թե՛ ՀՀ և թե՛ ԱՀ իշխանություններն առանց ժողովրդի իրավունք չունեն մեր հարցը լուծելու։ Համաժողովրդական շարժման միջոցով միայն կարող ենք երկիրը փրկել։ Ոչինչ կորած չէ, ամեն ինչ առջևում է։ Մենք պետք է մեր բանակի հետ միասին պայքարենք և հասկացնենք բոլորին, որ Արցախը շատ բան է տեսել, բայց երբեք չի ընկճվել։
Վահագն Խաչատրյան