կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-11 14:29
Մշակույթ

Ամեն ինչ առջևում է. Մաքսիմ Վենգերովը` Խաչատրյան կատարելու մասին

Ամեն ինչ առջևում է. Մաքսիմ Վենգերովը` Խաչատրյան կատարելու մասին

Տեղեկացրել էինք, որ  «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնի շրջանակներում համերգով հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը: Վենգերովն արդեն Հայաստանում է, պատրաստվում է վաղը` Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգին:

Լրագրողների հետ զրույցում ջութակահարը նշեց, որ «Արմենիա» փառատոնն իր տեսակով եզակի է, քանի որ այն ճանապարհ է հարթում երիտասարդների առջև: Երիտասարդները, Վենգերովի բնութագրմամբ, մեր ապագան են` նրանց ձեռքում է մեր վաղվա օրը:

«Երիտասարդների մեջ այնքան էնտուզիազմ կա, որ դու էլ ես վարակվում իրենց էներգիայով: Ինչ վերաբերում է ինձ, ապա ինձ համար էլ փառատոնը հարթակ է, որտեղ պետք է ներկայացնեմ վարպետությունս. այն նաև քո ոլորտի մարդկանց հետ կապեր հաստատելու միջոց է: Մի լավ խոսք կա` փառատոները ստիպում են քեզ մտածել քառակուսուց դուրս»,-ասաց Վենգերովը:

Վաղը կայանալիք համերգին Վենգերովը Բրամսի «Ջութակի կոնցերտը» կկատարի, որը, ըստ ջութակահարի, ավելի քան 30 անգամ կատարել է: Սակայն, նրա հավաստմամբ, սա այնպիսի ստեղծագործություն է, որ յուրաքանչյուր անգամ կատարելիս` նոր շերտեր ես բացահայտում:

Վենգերովը նշեց նաև, որ պատրաստվում է Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը» սովորել.«Խաչատրյանի այդ գործը կատարելու առաջին փորձերն արել եմ տարիներ առաջ, սակայն ինչ-ինչ պատճառներով այն դուրս մնաց ծրագրից: Ամեն ինչ առջևում է, քանի որ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը» ջութակի համար նախատեսված լավագույն 10 ստեղծագործությունների շարքում է»:

Ջութակահարը նշեց, որ տարիներ առաջ բավական երկար ժամանակ սովորել է անվանի հայ դաշնակահար Վահագն Պապյանի մոտ: Ըստ նրա` հենց Պապյանի շնորհիվ է, որ ինքը դիրիժորական վահանակի առջև էլ է կանգնել.«Պապյանն ինձ համոզեց, որ նաև դիրիժորությւոն անեմ: Նա ասում էր` դիրիժոր լինելը հնարավորություն է տալիս երաժշտությունը մեկ այլ կողմից տեսնել ու ընկալել: Պապյանը ոչ թե իմ ուսուցիչն է, այլ իմ մեծ եղբայրը, արտերկրում մենք շատ ենք համերգներով հանդես եկել»:

Նշենք, որ վաղը տեղի կունանա «Արմենիա» մրցույթ-փառատոնի գալա համերգը: