կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-16 13:28
Քաղաքական

Ինչպես Նիկոլը դուռ բացեց պատերազմի համար

Ինչպես Նիկոլը դուռ բացեց պատերազմի համար
Ինչպես Նիկոլը դուռ բացեց պատերազմի համար
 
Երկու տարի առաջ 2020թ. փետրվարյան այս օրերին, Նիկոլը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է 6 սկզբունք, որոնք հնչեցվել են Մյունխենում` Ալիևի հետ քննարկման ժամանակ: Այդ սադրիչ արկածախնդրությունը Նիկոլն անվանել է «Մյունխենյան սկզբունքներ»:
Այդ չարաբաստիկ «սկզբունքներից» հատկապես 3-րդը, 4-րդը և 5-րդը քանդեցին ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում 26 տարի շարունակված բանակցային տրամաբանությունը: Աշխարհին խառնաշփոթի մեջ գցած և Ադրբեջանին պատերազմի քարտ-բլանշ տված կապիտուլյանտը, հռչակել էր հետևյալը.
« 3-րդ. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:
4-րդ. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում:
5-րդ. Հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար և Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաև Ադրբեջանը»:
3-րդ «սկզբունքով» նա հայտարարեց, որ փաստացի հրաժարվում է փոխզիջումային քաղաքականությունից և առիթ տվեց Ադրբեջանին` խաղաղ լուծումներից հրաժարվելու և ռազմական ագրեսիա իրականացնելու համար: Դրա համար էր իր բարեկամ Ալիևը, խայտառակ պատերազմից հետո, հրճվանքով շարունակ հարցնում «Nə oldu Paşinyan?»:
4-րդ «սկզբունքը», վստահ եմ, որ առ այսօր, աշխարհում ոչ ոք չի հասկանում թե ի՞նչ է ի նկատի ունեցել: Համոզված եմ, որ ինքը ևս չի հասկացել, թե ի՞նչ է ուզում ասել: Մի բան փաստ է, որ քաղաքական անգրագիտությամբ փայլող նրա ուղեղում խլրտացող «հեղափոխություն» երևույթը կործանարար հետևանքներ է թողել հայոց պետականության վրա:
5-րդ «սկզբունքը» մեծագույն հիմարություն էր, որը մինչ պատերազմը շարունակ կրկնում էր Նիկոլը: Ու՞մ էր փորձում հաճոյանալ դրանով: Ալիևի՞ն, ԵԱՀԿ Մինսկի խմբի՞ն, հայ ժողովրդի՞ն... Թե՞ պոպուլիզմով տառապողի հույսերով, կարծում էր ադրբեջանցի ժողովուրդն էլ է «հիանալու» իր թավշյա կերպարով:
 
Բազմաթիվ անգամներ ասել ենք և´ պատերազմից առաջ, և´ հետո, որ Նիկոլի հռչակած «Մյունխենյան սկզբունքները» ԵԱՀԿ ՄԽ տարիներով գործադրած ջանքերի միտումնավոր ձախողում էր: Այն նաև միջազգային հանրության հաստատուն ընկալումների մեջ խառնաշփոթ մտցրեց: Իսկ 2020թ. հուլիսին հրահրված Տավուշյան մարտերը` վերջնականապես նոր պատերազմի դուռ բացեցին Արցախի դեմ: Դրա համար էլ 44 օր շարունակ հայոց բանակը և հայ ժողովուրդը մեն-մենակ մնաց արյունալի պատերազմում: Գոնե մեկ երկիր չգտնվեց, որ դատապարտեր ադրբեջանա-թուրքական ագրեսիան:
 
Իր սեփական կետից սկսելով, Նիկոլին թվում էր, թե Սերժ Սարգսյանի ինադու «լավ» գործ է անում: Նա այդպես էլ չհասկացավ, որ նման ինքնահավան տգիտությամբ, դավադիր հանցանք գործեց ողջ հայ ժողովրդի հանդեպ: Չհասկացավ, որ իր հիմար ամբիցիաների պատճառով, հայ ժողովուրդը ստիպված եղավ զոհել 5000-ից ավելի կյանքեր, հանձնեց հսկայական ռազմավարական տարածքներ, խարխլեց ողջ անվտանգային միջավայրը, ծանր հարվածի տակ դրեց Հայաստանի ներկան ու զարգացման հեռանկարները:
 
Ահա, թե ինչ է նշանակում փողոցից «գտած» վարչապետը, որին իշխանության է բերում կրթական ցենզ չունեցող, խաբված ամբոխը: Ամբոխի որոշումը` 21-րդ դարում արյունոտ պատմություն դարձավ մի ողջ հինավուրձ և հերոսական ժողովրդի համար:
 

Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար