Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի վերին իրավարար կարծես պարզել է մեր առջև պատմության հայելին, և նրա արտացոլանքի մեջ տեսնում ենք մեր ժամանակը՝ իր հակասականությամբ, հաղթանակներով և պարտություններով, մարտիրոսություններով ու դավաճանություններով։ Տասնամյակների հեռավորությամբ օտար ուժերի կողմից հայ ժողովրդի վզին փաթաթված երկու հեղափոխություն՝ նույն կարգախոսներով՝ արդարություն, ժողովրդավարություն, ժողովրդի իշխանություն և խաղաղություն։ Բոլոր կարգախոսները՝ կեղծ, իսկ խաղաղությունը՝ մուրալու ճանապարհով, որի դիմաց հաղթած թշնամին պահանջում է թանկագին զոհողություններ։ Երկու դեպքում էլ այս բեմադրության օտար նվագարարները պատմության ասպարեզ են իջեցնում նույն ժողովրդի թափոնից կազմված իրենց հինգերորդ շարասյունը՝ ապազգային, արկածախնդիր և բացարձակապես անպատասխանատու սեփական ժողովրդի ու երկրի ճակատագրի հարցում։ Ժամանակի հարյուրամյա շրջապտույտի մեջ ահա երկու իրականություն, որն ապրեց և որի գահավեժ շրջապտույտից դեռ դուրս չի եկել հայ ժողովուրդը։
Երկու դեպքում էլ ակնհայտ է, թե ինչպես են ավելի լավ կյանքի մասին գայթակղիչ խոստումները հակադրության մեջ դրվում ժողովրդի զարգացման տրամաբանական ընթացքի, նրա պայքարի կենսական նպատակների և նույնիսկ հիշողության ու ինքնության հետ, և հրեշավոր ծրագրի հետևանքները լինում են մարդկային ու տարածքային հսկայական կորուստները, համազգային մեծ շփոթը, հաղթանակող բանակի կազմաքանդումը, պետական, տնտեսական և սոցիալական համակարգերի քայքայումը, ինքնապաշտպանության բնազդի բթացումը, լուռ համակերպումը ներքին ու արտաքին նվաստացումներին և ցեղասպան հարևանի պահանջներին կամազուրկ ենթարկվելը՝ որպես թե հանուն խաղաղության ու եղբայրության։
Դժվար էր երևակայելը, որ 1920-ական թթ. փորձությունից հետո ևս մեկ անգամ հայ ժողովուրդը թույլ կտա իր հետ խաղարկել նույն ներկայացումը, բայց ճիշտ հարյուր տարի անց նա վերածվել է նույնանման բեմադրության հլու դերակատարի և դեռ չի կարողանում հաղթահարել թշնամիների պարտադրած ճակատագիրը։
Պատմության այլ զուգադիպություններից են ազգային երկու ապստամբությունները, որոնցից մեկը տեղի է ունեցել 1921, իսկ մյուսը՝ 1988 թվականին։ Պատմության այս երկու աստեղային ժամերը հայ ժողովուրդը կերտեց՝ ըմբոստանալով օտարի պարտադրած անազատ գոյության դեմ, տեղի ունեցավ համազգային աննախադեպ համախմբում անկախության ու ինքնիշխանության գաղափարի շուրջ, և երկու դեպքում էլ թվաքանակով փոքր ժողովուրդը կարողացավ հաղթել իրենից բազմապատիկ առավելություններ ունեցող բռնապետություններին։
1918 թ. փետրվարի 18-ին հայ ժողովուրդն ընդվզեց օտարի հեղափոխության հայ դրածոների իշխանության դեմ և, միակը լինելով ռուսական նորացված կայսրության կազմում, թեկուզև կարճ տևած հաղթանակի շնորհիվ դուրս շպրտեց երկրից ազգային պատկանելությունից զուրկ բոլշևիկյան հեղկոմին և բեկեց պատմության կործանարար ընթացքը։
1988 թ փետրվարի 18-ին հայ ժողովուրդը Հայաստանի մայրաքաղաքում ոտքի ելավ բնապահպանական հիմնահարցերի լուծման պահանջով, իսկ երկու օր անց իր բացարձակ աջակցությունը հայտնեց ադրբեջանական ստրկատիրության դեմ անկախության պայքարի դուրս եկած արցախահայության ազգային-ազատագրական շարժմանը։ Ժողովրդի բացարձակ մեծամասնությունը հավատաց, որ հաղթելու է և հաղթեց՝ անցնելով պատերազմի ու զրկանքների դաժան փորձությունների միջով։ Երբ նույն ժողովրդի ծնունդ՝ օտարի դրածոները, 1990-ականներից սկսած, կասկածի տակ դրեցին այս պայքարի իմաստն ու վերջնական նպատակները, դրանով նրանք փաստեցին ու փաստում են իրենց դավաճանական էությունը, որովհետև արցախյան պայքարը նախ և առաջ արցախահայության՝ ազատության ու անկախության հասնելու ձգտումով է թելադրված, և եթե մի ժողովրդի զավակներ կարող են կասկածի տակ դնել իրենց եղբայրների ու իրենց հայրենիքի մեկ հատվածի ամենասրբազան իրավունքի իրացումը, նշանակում է՝ նրանք դավաճան են, օտարահպատակ և անբարոյական՝ իրենց գիտակցությամբ, արյամբ և թերևս ժառանգականորեն։
Անկախության և ազատության համար պայքարը ժողովուրդների սրբազան և գերակա իրավունքի իրացումն է՝ անկախ նրանից՝ այդ պայքարը կտարվի ներքին, թե արտաքին թշնամիների դեմ։ Իհարկե, երբ նման պայքարները համընկնում են իրենց աշխարհաքաղաքական շահերին, մեծ տերությունները խրախուսում և աջակցում են դրանց։ Ավելին՝ նրանք հաճախ կազմակերպում և պետություններին ու ժողովուրդներին պարտադրում են իրենց դրածոների ձեռքով իրականացված հեղաշրջումները և դրանց հետևած բռնիշխանությունները՝ որպես թե ժողովրդական հեղափոխություններ ու ժողովրդավարական կառավարում, ինչի ականատեսը եղել ենք 1920 և 2018 թվականներին ու դրանց հաջորդած շրջաններում։
Դրսից օտարների հովանավորությամբ հրահրված և իրականացված «հեղափոխությունները», բնականաբար, ավելի հեշտությամբ են հաջողության հասնում, քանի որ այդ օտարները ոչ միայն հովանավորում, այլև ոտքի են հանում երկրի ներսում եղած՝ իրենցից սնվող ողջ հինգերորդ շարասյունը՝ միաժամանակ մեծ ճնշում գործադրելով գործող օրինական իշխանությունների վրա։ Բնական ազգային հեղափոխություններ հնարավոր չէ առաջացնել ցանկացած ժամանակ, որովհետև բացակայում է կաշառված զանգվածը, որը արհեստական հեղափոխությունների կրիտիկական միջուկն է կազմում, չկան համապատասխան մեծ միջոցները, պետականորեն կազմակերպվող լայնածավալ քարոզչությունը, իսկ արտաքին դերակատարները ոչ թե ճնշում, այլ աջակցում են իրենց ենթակա դրածո ռեժիմներին։
Մյուս կողմից՝ հասարակության հավաքական գիտակցությանը հատուկ է ոչ թե հեղափոխական, այլ բնաշրջական վերափոխությունը, և ժամանակ է պահանջվում, մինչև նրա գլխում մեխված մտայնությունները փոխարինվեն նոր, հաճախ հակառակ դիրքորոշումներով։ Զանգվածային մտածողությունը պահպանողական է և հաճախ վատը, բայց շոշափելին չի ցանկանում փոխարինել խոստումնալից, բայց անորոշ հեռանկարով։ Հետևաբար որքան որոշակի ու վստահելի երևա հնարավոր ապագան, այնքան արագ ու վճռականորեն կբնաշրջվի հասարակական միտքը։
Ժողովրդային շարժումների ու հեղափոխությունների հաջողության համար անհրաժեշտ է, որ դրանց կարգախոսները համահունչ լինեն հանրության՝ տվյալ պահի կենսական ու առաջնային պահանջներին, ծրագրված լինեն երկար ժամանակի համար, և այդ ծրագրերը հագեցած լինեն իրարահաջորդ գործողությունների խիտ ժամանակացույցով։ Չի կարող լինել մեկ փողոցի կամ հրապարակի հեղափոխություն. շարժումը պետք է ընդլայնվի ու ընդգրկի թե՛ երկրի տարածքը, թե՛ բազմաշերտ բնակչությունը։
Հայոց ազգային-ազատագրական հեղափոխության տեսաբան ու առաջնորդ Քրիստափոր Միքայելյանը սովորեցնում է. «Այո՛, անցյալի կորուստները ճնշում, ճմլում են մեր սրտերն ու մտքերը, բայց չնմանվենք Թուկիդիտեսի այն հերոսին, որ կռվի միջոցին, փոխանակ իր հակառակորդի հարվածներին դիմադրելու, փոխանակ աշխատելու նրա մարմնի ամենազգայուն կետերին հարվածներ տեղալու, ձեռքերը սեղմում էր մարմնի այն տեղերին, ուր ընկնում էին հակառակորդի հարվածները։ Կասկած չկա, որ այդպիսի մի ընթացք մեզ կտաներ միայն դեպի անպայման կորուստ, այնինչ հարատև կռիվը դեռ շատ բան կարող է խոստանալ մեզ։ Եվ ո՞վ գիտե, թե ինչ գույնով պիտի լուսաբանվեն այսօրվա մեր կորուստները 50-100 տարուց հետո, երբ դրանք կկապվեն հետևողականությամբ՝ մեր կյանքում տեղի ունենալիք հետագա երևույթների հետ։ Ո՞ր ազգը արդյոք, — երբեմն ստրուկ, իսկ այժմ ազատ,— չէ մոռացել իր կրած զարհուրելի կորուստները։ Ո՞րը արդյոք դրանցից կփոխեր այսօրվա իր ազատությունը նախկին վիճակի հետ և անցյալ կյանքի այնպիսի մի ընթացքի հետ, ուր ոչ մի զոհողություն չլիներ կատարված։ «Չկա մարդկության համար ավելի գեղեցիկ հույս, քան մի ճնշված ազգի հարություն առնելը»,— ստիպված է եղել խոստովանել նույնիսկ այնպիսի մի հրեշ, որպիսին էր Դիզրայելին։
Հարատև կռիվ,— հաճախ և երկար ժամանակ, գուցե անհաջող, չնայած երբեմն նույնիսկ իր լայն ծավալին,— ահա թե ուր է մեր փրկության բանալին։ Պահպանե՛նք, շարունակե՛նք կռիվը, որպեսզի լայնանա, ընդարձակվի և ընդարձակվելով հարատևի, ահա դեպի մեր նպատակը տանող միակ ճանապարհը։ Չշեղվենք այդ ճանապարհից, որ սփռված է հուսատու ապագայի գրավիչ ծաղիկներով»*։
Այսօր դեռ ողջ է ու առաջին գծում է այն սերունդը, որը ոչ միայն տեսավ հայության 1988 թ. փետրվարյան պոռթկումը, այլև եղավ ազգային-ազատագրական պայքարի, Հայաստանի ու Արցախի անկախության կերտիչը։ Նորից փետրվարն է, և նորից պետք է հիշենք մեր պատմական անցյալի, հին ու նոր կորուստների, փետրվարյան և մյուս փառապանծ ընդվզումների ու հաղթանակների մասին։
Կրկին վիրավոր են Արցախն ու Հայաստանը, բայց հրապարակում ոչ միայն դասալիքներն ու ազգադավներն են, այլև երեք սերունդ, որոնք թրծվել են նախորդ պատերազմներում։ Պատմության հայելին մեր առջև է և, փետրվարների դասը ցուցանելով, հուշում է, որ պայքարը շարունակվում է, պե՛տք է շարունակվի մինչև հաղթական ավարտ։
—————————————————————————————
* Միքայելյան Ք․, Ամբոխային տրամաբանություն, Եր․, Երևանի համալսարանի հրատ․, 1990, էջ 89-90։