կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-10 22:48
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարսից հյուպատոսի Հայաստանի նստավայրը, Հրապարակի տակի քաղաքը, Սելիմի քարավանատունը․ հայկական շինություններ

Փաշինյանը համաձայնություն է տվել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունը Հայաստան գա՝ ծանոթանալու «ադրբեջանական» հուշարձանների վիճակին՝ գրում են ադրբեջանական լրատվամիջոցներն ու զուտ հայկական հուշարձանները ներկայացնում իբրև ադրբեջանական։ Քանի որ վերջին շրջանում մեր երկրի մասին կենսական ինֆորմացիան, ցավոք, թշնամի պետությունների լրատվամիջոցներից ու նրանց պաշտոնյաներից ենք իմանում, չի բացառվում, որ պատվիրակության գալու մասին լուրն էլ ճիշտ լինի։ Մինչ այդ, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Հայաստանի կազմակերպության նախագահ, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության նախկին պետ Գագիկ Գյուրջյանը Yerkir.am-ի հետ զրույցում հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց մի քանի հուշարձանների մասին։

Արտաքինից նախշազարդ շենքում, որ գտնվում է Հանրապետության փողոցի վրա, ինչ-որ մի ժամանակ նստել է Պարսկաստանի հյուպատոսը, ու ինտերիերն էլ զարդարել է երեք ազգերի՝ պարսիկների, հայերի ու ռուսների նախշազադերով։ Ճարտարապետը գերմանացի է՝ Միխայիլ ֆոն դեր Նոննեն, որ Երևանի նահանգային ճարտարապետն էր, հայկական շինություն է կառուցել Հայաստանի տարածքում, այս տարածքը երբեք որևէ այլ երկիր չի գնել, քանի որ դեսպանատներն այն ժամանակ գտնում էին Սանկտ Պետերբուրգում։ Այսինքն, սա զուտ հայկական հուշարձան է, ոչ թե պարսկական, ինչպես սխալմամբ երբեմն ներկայացնում են, ոչ էլ, առավել ևս, ադրբեջանական, ինչպես հորինում է թշնամի պետությունը։

 

Գագիկ Գյուրջյանը պատմեց, որ սա առանձին կառուցված շենք չէ, այլ կողքի երկու շենքերը կառուցված են եղել, և գերմանացի ճարտարապետը որոշել է դիմային և հետևի պատերով ծածկել ու դարձնել առանձին տուն։ Մուտքն արել են կողքի շենքի միջով, որովհետև այդ շինությանը դուռ հնարավոր չէր հարմարեցնել։

Այս շենքի կառուցման մի քանի տարեթվեր են նշում՝ 1876-1895 թվականներ։ Երբ 1827 թ-ին Երևանի նահանգը մտել է Ռուսաստանի կազմը, այսօրվա Հանրապետության փողոցը նոր բացվել է, քանի որ հենց այդտեղ է կառուցվել Երևանի նահանգապետարանի շենքը, որը հետագայում դարձավ Առաջին Հանրապետության կառավարության շենքը։ Փողոցը կոչվել է Նահանգային, հետո Լենինի, Ալավերդյան, և այսօր Հանրապետության։ Երևանի առաջին տրամվայն այդ նեղ փողոցով էր անցնում և մինչև 1960-ականները գործում էր։

Նահանգապետարանի շենքի դիմացի փողոցին էլ կառուցվել է նահանգապետարանի մասնաշենքը, ավելի ուշ մեկ այլ շենք՝ եկամտաբեր տուն, որն այսօր ՀՅԴ գրասենյակն է, իսկ երկուսի դրսի պատերը միացնելով էլ ստացվել է նախշազարդ շենքը՝ որպես տուն։

«Հետագայում, երբ անհրաժեշտ էր Երևանի նահանգում ունենալ Պարսկաստանի հյուպատոս, այդ սենյակը տրամադրեցին Պարսկաստանի հյուպատոսին։ Եվ նա ինտերիերը ձևավորել է իր ուզած ձևով՝ պարսկական հայելապատ ստալակտիտներ, առաստաղը հայելապատ։ Այս աշխատանքներն իրականացրել են հայ վարպետներ և նմուշների մեջ հայկական օրնամենտներն են գերակշռում։ Սոխակներով և վարդերով հատվածները զուտ պարսկական որմնանկարչության դրվագներ են։ Կա նաև ռուսական մատրյոշկաների վրա արվող նկարներից։ Եվ կա նաև մեր հայկական զարդանախշեր։ Ենթադրում եմ, որ այստեղ կա նաև Հովնաթանյանների ձեռքը, մասնավորապես, խաչով խալին հենց Հովնաթանյան նկարիչն է նկարել։ Իսկ հայելապատ հատվածն իրենց աղոթատեղին է»,-ասաց Գագիկ Գյուրջյանը։

Հետո այդ սենյակը տարբեր նպատակներով է օգտագործվել՝ խորհրդային առաջին տարիներին օգտագործվել է որպես լիկկայան,  այնուհետև ռազմական դատախազի նստավայր, մինչև 1964 թ-ին Հուշարձանների պահպանության ընկերությունը Վարազդատ Հարությունյանի գլխավորությամբ այդտեղ նստեց, այդ սենյակում աշխատել է և Մարտիրոս Սարյանը, երբ հուշարձանների պահպանության ընկերության նախագահն էր, Թամանյանը, Թորամանյանը, այնպես որ այն պատմական շատ հետաքրիր շունչ ունի, և, հետաքրքրական է, որ որևէ մեկը չի փորձել ինտերիերը ձևափոխել, հյուպատոսի նախշազարդումը նույնությամբ մնացել է մինչև այսօր։

Երևանում մեկ այլ հետաքրքրական շինություն է հենց Հանրապետության Հրապարակի տակ գտնվող աղյուսաշեն համալիրը։ Ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի նախագծով երբ վերականգնում էին Հանրապետության Հրապարակը, շերտերը բացվեցին, ու երևացին այդ շինությունները, որոնք շատ խորը չեն գտնվում։ 10 օրով շինարարությունը դադարեցվեց։ Գագիկ Գյուրջյանի հանձնարարությամբ հնագետները պեղումներ կատարեցին, հասկացան՝ ինչ է, այդ շինությունների հատակագիծը գծվեց, և  քանի որ տեխնիկապես դա հնարավոր չէր բաց պահել,  ավազով լցվեց և նորից ծածկվեց, որ  ապահով պահպանվի հետագայի համար։

Հանրապետության հրապարակի տակ ոչ մի մահմեդական բան չկա, վստահեցնում է Գագիկ Գյուրջյանը, այնտեղ ոչ մի թունել գոյություն չունի։ Պարզապես, երբ Հրապարակը չկար, այսօրվա Ամիրյան փողոցն էր շարունակվում, շարունակվում էին Աբովյան, Նալբանդյան փողոցները, և այդ փողոցների խաչմերուկների մեջ շինություններ էին։ Այնտեղ գիմնազիայի մի շենք կար՝ երկու հարկանի, մինչև 1924 թվականը գործող գիմնազիա էր, մինչև Թամանյանի կողմից Երևանի հատակագիծը գծելը և Հրապարակի ձևավորումը։ Կողքը եղել է մի ճաշարանի շենք։ Այդ շինություններն ունեին իրենց նկուղային հարկերը։ Երբ Հրապարակը կառուցել են, բնականաբար, այդ շենքերը քանդել են և մնացել են նկուղները։ Այն ժամանակվա տեխնիկան այնպիսին չէր, որ դներ, ամբողջությամբ վերացներ։ Հայ ճարտարապետների կառուցած շենքերի  հենց այդ նկուղներն էլ բացվել էին Հրապարակի նորոգման ժամանակ։

Ադրբեջանը կեղծում է նաև հայկական քարավանատների պատմությունն ու փորձում յուրացնել նաև այդ հուշարձանները։ Այնինչ աարավանատները դրանք այսօրվա հյուրանոցներն են, որոնք հիմնականում Մետաքսի ճանապարհի վրա էին կառուցվում՝ իբրև հանգրվաններ առևտրականների համար։ Մեզ մոտ ավելի վաղ շրջանի էլ կան քարավանատներ, ասաց Գագիկ Գյուրջյանը, բայց պահպանվածներից հիմնականում 12-14-րդ դարերի քարավանատներն են։

Մասնավորապես, Սելիմի քարավանատունը 14-րդ դարի է և կառուցվել է Օրբելյան իշխանների ժառանգների կողմից։ Դա հայկական պատմական ժառանգության այն տեսակն է, որ պահպանվել է ոչ միայն Սելիմում, այլև ունենք Թալինի քարավանատունը, ունեն Արուճի քարավանատունը։

«2006-07 թվականներին Արուճի քարավանատունը վերականգնեցինք։ Ծրագրում կար նաև Թալինի քարվանատունը, որը Հայաստանի ամենամեծ քարավանատունն է և ոչ կրոնական ժառանգության մաս, բայց դա մնաց անկատար»,-ասաց Գագիկ Գյուրջյանը։

Փաստացի, որ կայսրության տիրապետության տակ էլ գտնվել է Հայաստանն այն ժամանակ, քարավանատները կառուցել է տվյալ տարածքի հայ իշխանը և հայկական մշակութային ժառանգություն է։

Այս մասին բարձրաձայնելու ևս մեկ առիթ  առաջացել, քանի որ մենք լավ չենք աշխատում մեր ունեցած ժառանգությունը ճիշտ ներկայացնելու համար մեր ժողովրդին, նկատեց Գագիկ Գյուրջյանը, որովհետև մենք չունենք այս ոլորտում պետական քաղաքականություն։

Մինչդեռ որևէ մեկը Հայաստանում չի կարող ցույց տալ այնպիսի մի շինություն, որն, ասենք, ադրբեջանցի ճարտարապետ կառուցած լինի։ Փոխարենը կարելի է Բաքվում ցույց տալ բազմաթիվ հուշարձաններ, շինություններ, որոնք ոչ միայն կառուցել են հայ ճարտարապետներ և  և հայկական ճարտարապետության ոճով, այլև ֆինանսավորել են հայ մարդիկ։ Օրինակ, Բաքվի օպերայի շենքը հայ ճարտարապետ Տեր-Միքելովի նախագծով է կառուցվել։ Կան Քաջազնունու, Վրացյանի նախագծերով շենքեր, որոնք ևս մասնագիտությամբ ճարտարապետներ էին։

«Ադրբեջանցիները որդեգրել են պատմությունը աղավաղելու քաղաքականություն, ստեղծել են գիտնականների մի սերունդ, որոնք հետևողականորեն տանում են այդ պետական քաղաքականությունը՝ օգտվելով այն բանից, որ մենք չունենք այդ տեսակ պետական քաղաքականություն, որ պետական մակարդակով ներկայացնենք այդ խնդիրները»,-փաստեց Գագիկ Գյուրջյանը։

Երբ 2005 թ-ին ադրբեջանցիները Նախիջևանում ամբողջովին ավերեցին Ջուղայի հայկական խաչքարերը և տեղը ստեղծեցին հրաձգարան, այն ժամանակ ՅՈՒՆԵԿՕ-ն ցանկացավ մասնագետների խումբ գործուղել Ադրբեջան՝ արձանագրելու այդ փաստը, բայց Ադրբեջանը թույլ չտվեց։ Մինչդեռ հիմա ստում են անգամ այդ մասին՝ ասելով, իբրև թե, Հայաստանը համաձայն չի եղել, որ ՅՈՒՆԵԿՕ-ի մասնագետները գան։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․