կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-06 11:00
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաշնակցության դրած սանդղակներն այսօր էլ գերարդիական են. Ռուբեն Մելքոնյան

Մեր ամենահին կուսակցության անցած ճանապարհը, նաև այդ ճանապարհի ընթացքում նրա գործունեությունն ու դրած սանդղակները այսօր էլ գերարդիական են՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, որը մասնակցում էր ՀՅԴ հիմնադրման 131-ամյակի միջոցառմանը Երևանի «Դվին հոլլ» համալիրում։

«Որովհետև այսօր էլ հարձակումները շարունակվում են ազգայինի նկատմամբ, մեր հավաքական հիշողության նկատմամբ, մեր արժանապատվության նկատմամբ։ Ընդ որում թիրախավորված է ինչպես Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, այնպես էլ Սփյուռքը․ այս երեք տիրույթներում էլ Դաշնակցությունը ոչ միայն ունի անելիք, այլև ունի հնարավորություն այդ ամենն անելու։ Նրա անցած պատմությունը լի է պայքարի նմանատիպ հաջողության օրինակներով։ Եվ ես հույս ունեմ, որ 21-րդ դարում էլ Դաշնակցությունը կգրանցի նմանատիպ հաջողություններ՝ ի փառս և ի շահ հայոց ազգային պետականության և հայ ազգի ընդհանրապես»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Դաշնակցությունը նաև կուսակցություն է, որն ունի «կարմիր գծեր»․ հայ-թուրքական հարաբերությունները դրանցից մեկն է, որի վտանգները ՀՅԴ-ն մատնանշեց և՛ երկկողմ արձանագրությունների կնքման մտադրության տարիներին, և՛ հիմա։ Թուրքագետն ասում է՝ այս երկու պրոցեսը նույնիսկ չի էլ կարելի համեմատել․ եթե այն ժամանակ Դաշնակցության համար շատ սկզբունքային է եղել և նրանք դուրս են եկել կոալիցիայից, ապա հիմա տեղի է ունենում հայկական արժանապատվության, մեր շահերի, հայ-թուրքական հարաբերություններում հայկական տրամաբանության տոտալ ոչնչացում։

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում, դա տաբուների կոտրում է, «կարմիր գծերի» խախտում է և այլն։ Դաշնակցությունը, կարծում եմ, հիմա մաքսիմալ անհանդուրժող պետք է լինի, որովհետև սրանից ավելի վատ իրավիճակ հայ-թուրքական հարաբերություններում և ավելի պարտվողական գաղափարներ մեր ամբողջ պատմության ընթացքում երբևէ չեն եղել»,-ասա թուրքագետը։  

Ցավալին, նրա դիտարկմամբ, այն է, որ այդ պարտվողական գաղափարների կրողներն ունեն լծակներ, ցավոք սրտի՝ իշխանություն են, և այդ պարտվողական գաղափարները տեսականից տեղափոխվում են գործնական հարթություն՝ անելով քայլեր, որոնք վերաբերում են մեր պետականությանն ու մեր ազգին։ Դրա հետևանքները, Ռուբեն Մելքոնյանի համոզմամբ, տասնամյակներ ուղեկցելու են մեզ։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․