կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-10-28 21:46
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արմեն Սարգսյանի այցը Սաուդյան Արաբիա կարող էր լավ պաս լինել, բայց երևի ինքնանպատակ կդառնա․ Ռուբեն Մելքոնյան

Չնայած Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև առկա են խնդիրներ, որոնցից Հայաստանը կարող է օգտվել, բայց ես թերահավատ եմ, որ Հայաստանի ներկա իշխանությունները կկարողանան և կուզենան մտնել այդ բարդ կոմբիանացիաների, այդ բարդ խաղի մեջ և դիվիդենտներ քաղել, որոնք երկարաժամկետ հեռանկարում երևացող դիվիդենտներ կարող են լինել՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը՝ վերլուծելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ոչ պաշտոնական այցը Սաուդյան Արաբիա, համաժողովի ժամանակ հանդիպումը և զրույցը թագաժառանգ, փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մուհամեդ բին Սալմանի հետ։

«Մենք երևի պետք է ֆիքսենք, որ Արմեն Սարգսյանի այս քայլը ավելի շատ կտեղավորվի ինքնանպատակ գործողությունների ծիրում, ինչը շատ ափսոս է, որովհետև այն, ինչ այս այցը կարող էր տալ՝ առանց խորանալու այցի նրբերանգների մեջ և Արմեն Սարգսյանի՝ ներքին քաղաքականության մեջ ունեցած կրավորական պահվածքի և այլնի մեջ, բայց այս այցը, եթե ֆուտբոլային տեմինալոգիայով ասենք, կարող էր լինել լավ պաս, որ այլ խաղացողները տանեին առաջ։ Հիմա Արմեն Սարգսյանը այդ պասը տվել է, ես չեմ կարծում, որ այդ պասը ընդունող խաղացողներ այս իշխանության մեջ կան»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Նա կողմ չէ, որ կոնֆլիկտ ունեցող երկու երկրների միջև մանևրելով մենք կառուցենք մեր երկրի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, բայց, միևնույն ժամանակ, կողմ է այն դիրքորոշմանը, որ պետք է մաքսիմալ օգտվել այդ պահին ստեղծված իրավիճակից։ Իսկ այս պահին ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև կան անթաքույց խնդիրներ։

«Իհարկե, այդ խնդիրների մեծ մասը տեղավորվում է իսլամական աշխարհում ազդեցության կամ առաջնորդ լինելու հավակնությունների մեջ, որտեղ Թուրքիան շատ հարցերում զիջում է Արաբիային։ Նաև հաշվի առնելով այն, որ մինչև օրս Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև չկան դիվանագիիտական հարաբերություններ, Արմեն Սարգսյանի այցը, կարծում եմ, բավական հետաքրքիր էր։ Կարելի՞ է այն կապիտալիզացնել՝ ես ենթադրում եմ, որ՝ այո, որովհետև չնայած այցը պաշտոնական չէր՝ աշխատանքային էր, բայց և՛ ընդունելության, և՛ հանդիպումների մակարդակը թույլ է տալիս պնդել, որ սա դե ֆակտո դիվանագիտական հարաբերությունների մեկնարկ կարելի է համարել․ եթե դե յուրե չկա, բայց դե ֆակտո երկրի նախագահին ընդունում է թագաժառանգը, կարելի է համարել գոնե հիմք այդ հարաբերությունները ստեղծելու համար»,-վստահեցրեց արևելագետը։

Այդ այցը կապիտալիզացնելու ռեսուրս ունենք, համոզված է նա, ունեինք նաև պրոֆեսիոնալ դիվանագետներ, որոնք կարող էին այս բարդ իրավիճակում կողմնորոշվել, նրանց մի մասը այսօր դուրս է եկել ծառայությունից, բայց երևի հատուկենտ պրոֆեսիոնալ դիվանագետներ մնացել են պետական համակարգում, որոնք կկարողանան այս խնդիրը լուծել։

Հայաստանը Սաուդյան Արաբիային կարող է հետաքրքրել մի քանի առումով՝ նշեց նա․ եթե նայենք կրոնական տեսանկյունից՝ Սաուդյան Արաբիան համարվում է իսլամական աշխարհի լիդերներից մեկը, այդ երկրում են գտնվում իսլամական ամենակարևոր համաշխարհային սրբավայրերը, և այդ երկիրը, լինելով կրոնապետություն, միևնույն ժամանակ դաշնակցում է աշխարհի տարբեր զարգացած երկրների հետ։ Եվ իմիջային առումով քրիստոնյա Հայաստանի հետ իսլամական Սաուդյան Արաբիայի հարաբերությունները կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ Արևմտյան աշխարհում իմիջն ավելի ճիշտ փաթեթավորելու համար։

«Սա՝ իմիջային․ մենք խոսում ենք մի պետության մասին, որը մտածում է նման տիպի քայլերի մասին՝ իմիջն ավելի ուժեղացնելու և այլն, մենք չենք խոսում այնպիսի պետության մասին, ինչպիսին մենք ենք, որ ունենք օրհասական խնդիրներ լուծելու, ուստի Սաուդյան Արաբիայի համար նման թիրախները շատ ընկալելի են և ռեալ»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Հաջորդը, ինչով Հայաստանը կարող է հետաքրքրել Սաուդյան Արաբիային այն է, որ այդ երկիրն ունի լավ հարաբերություններ մեր դաշնակցի՝ Ռուսաստանի հետ, հակաթուրքական կոալիցիայում Սաուդյան Արաբիան ամենևին պասիվ չէ, և այս առումով Հայաստանից Սաուդյան Արաբիան կարող է ակնկալել հակաթուրքական իր գործունեության մեջ ինչ-ինչ քայլեր։

«Եվ, բնականաբար, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի մրցակցությունը բացի կրոնականից տարածվում է նաև ռեգիոնալ ազդեցության համապատկերում, և այս առումով ռեգիոնալ մի պետության հետ, որը նաև խնդիրներ ունի և՛ ռեգիոնում, և՛ հատկապես Թուրքիայի հետ, այդ երկրի հետ հարաբերությունների հաստատումը Սաուդյան Արաբիային կարող է թույլ տալ մտնել խաղի մեջ լիովին այլ տեղից, լիովին այլ հարթությունում, որտեղ մինչ այս ինքը չի եղել և, էլի օգտագործելով իր կշիռը իսլամական աշխարհում, կարող է փորձել Թուրքիային զսպել նաև օգտագործելով հայկական խաղաքարտը ճիշտ փաթեթավորմամբ»,-նշեց Ռուբեն Մելքոնյանը։

Հակաթուրքական մեկ այլ կոալիցիա կարող է լինել Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս միավորումը։ Ռուբեն Մելքոնյանը վստահ է, որ սա պահի տակ ստեղծված հարթակ է, որտեղ հավաքվել են Թուրքիայի հետ խնդիրներն այս պահին ավելի սրված պետությունները․ Հունաստանը ավանդաբար միշտ խնդիրներ ունի Թուրքիայի հետ, Եգիպտոսը և Թուրքիան նմանատիպ մրցակցություն ունեն, ինչ որ Սաուդյան Արաբիան և Թուրքիան՝ իսլամական աշխարհում լիդերի մրցակցությունը, որը կարծես դարերով տևող մրցակցություն է, և այս պահին դա անվանել կոալիցիա՝ նա շատ մեծ վերապահումներ ունի, հետևաբար Հայաստանի միացումն էլ այդ «կոալիցիան» ոչ շատ լուրջ քայլ է, եթե դա պաշտոնական մակարդկում է։

«Բայց կա հարցի մյուս կողմը․ այդ պետություններից յուրաքանչյուրը՝ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Հունաստանը Թուրքիայի հետ իրենց բանակցությունները շարունակում են հարաբերությունները հստակեցնելու․ երբեմն զիջում են, երբեմն հասնում են որոշակի հաշտության, այս պարագայում բաց տեքստով և պաշտոնապես մտնել այդ հարաբերությունների մեջ կստացվի մատի և մատանու արանքը մտնելու անշնորհակալ գործ։ Բայց այս հակաթուրքական կոալիցիոն վիճակները թույլ են տալիս Հայաստան պետությանը գտնելու այդ պետությունների հետ շփման նորանոր եզրեր և իրականացնելու կարճաժամկետ, կոնկրետ, թեկուզ փոքր ծրագրեր ընդդեմ այն պետության, որից Հայաստանը ունի սպառնալիք և գտնվում են տարբեր բևեռներում»,-առաջարկեց նա։

Եգիպտոսի հետ այս համապատկերում Հայաստանի համագործակցությունը կարող է, օրինակ, ավարտվել միջազգային հարթակում ինչ-որ հակաթուրքական քվեարկության ժամանակ Եգիպտոսի քվեների ստացմամբ։ Նույնը Հունաստանի պարագայում, օրինակ, Արցախի հետ կապված հարցի քննարկման ժամանակ մենք կարող ենք ակնկալել այդ պետություններից որևէ մեկի դրական ռեակցիան կամ գոնե մեզ դեմ չքվեարկելը․ սա այդ հնարավորությունն է, որ տրվում է Հայաստանին և Հայաստանը պետք է փորձի կապիտալիզացնել։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․