կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-12 16:37
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայի ներգրավումը արցախյան գործընթացին ուղիղ համեմատական է Հայաստանի անվտանգությանը. Ռուբեն Մելքոնյան

Թուրքական քաղաքական ընկալման մեջ 19-րդ դարից սկսած Հայաստանը կամ հայությունը, որպես քաղաքական գործոն, հաճախ նույնացվում է Ռուսաստանի հետ. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ «Ռուս–թուրքական հարաբերությունների ներկա փուլը և դրա հնարավոր ազդեցությունը Արցախի վրա․ սցենարային զարգացումներ» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ-արևելագետ Ռուբեն Մելքոնյանը։

Ըստ արևելագետի՝ Թուրքիայում հայ ասելիս ավելի շատ ընկալում էին Թուրքիայի քաղաքացի հայի, Հայոց պատրիարքությանը ենթակա հայի, և սա անդրադառնում է նրանց քաղաքական գործունեության, մտածելակերպի վրա. անտեսել այս հանգամանքը՝ սխալ է։

Մելքոնյանը նշեց, որ այս ընկալումը մի քանի դրսևորում է ունեցել: Այսօրվա վիճակը ավելի հասկանալի ներկայացնելու համար Ռուբեն Մելքոնյանը պատմական զուգահեռներ տարավ. առաջինը 1920 թ. հայ-թուրքական պատերազմն է:

«Թուրքական քաղաքական վերնախավը և երկրի երկրորդ նախագահը (Իսմեթ Ինոնյու) իր հուշերում գրում է, որ 1920 թ. օգոստոսին Հայաստանի վրա հարձակվեցին այն բանից հետո, երբ հասկացան, որ Ռուսաստանում Հայաստանի նկատմամբ կա անվստահություն: Իսկ թե ինչ եղավ հետո՝ հայտնի է՝ Կարսի անկում, Գյումրիի (Ալեքսանդրապոլ) անկում և այլն: Երկրորդը տեսանք 1992-93 թվականներին, երբ երկու անգամ Թուքիան պլանավորել է հարձակում Հայաստանի վրա՝ մեկը Ռուսաստանում Խազբուլատովի հետ կապված իրադարձությունների ժամանակ, մեկն ավելի ուշ, երկու անգամն էլ դրանք կանխվել են ամենակրիտիկական վիճակում», - ասաց Մելքոնյանը՝ հավելելով, որ այս քաղաքական մտածողությունը շարունակվում է, և դրանով կարելի է պայմանավորել Թուրքիայի արդի մոտեցումները այս հարցի շուրջ: 

Անդրադառնալով Թուրքիայի արտաքին քաղաքականության՝ Հայաստանի նկատմամբ ցայտուն դրսևորվող ոճային նրբերանգներին՝ արևելագետը նշեց, որ դրանցից մեկը Թուրքիայի արտաքին քաղականության ոճն է միջազգային հարաբերություններում. «Քաղաքական միջազգային բանակցություններից առաջ Թուրքիան արհեստականորեն օրակարգը հարստացնում է այլ հարակից թեմաներով, որպեսզի բանակցելիս հնարավորություն ունենա մանևրելու՝ բանկցողի համար զգայուն թեմաների շուրջ։ Մոսկովյան հանդիպումից առաջ (մարտի 5-ին), որի օրակարգը Իդլիբն էր, Թուրքիայն օրակարգ է մտցնում Արցախի հարցը: Հանդիպումից երկու օր առաջ Թուրքիայի արտգործնախարարը հանդիպում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ. բացահայտ քաղաքական ուղերձն այն էր, որ Թուրքիան, որպես ՄԽ անդամ և տարածաշրջանային խնդիրներով մտահոգված ուժ, իր մտահոգությունն է հայտնում այս հարցի շուրջ։ Սրանով փորձ է արվում արհեստականորեն քաղաքական օրակարգը հարստացնել ևս մեկ՝ Արցախի հարցով, որպեսզի բանակցությունների ժամանակ՝ Իդլիբից, թուրք-ռուսական այլ խնդիրներից բացի Արցախի հարցը ևս անուղղակիորեն մտնի քաղաքական օրակարգ։ Սա Թուրքիայի ձեռագիրն է՝ համանման զուգահեռներ բոլոր երկրների հետ էլ կան», - ասաց Մելքոնյանը:

Հաջորդ իմիջային առանձնահատկությունը, ըստ Արևելագիտության դեկանի, այն է, որ Թուրքիան իրեն հռչակել է տարածաշրջանային գերտերություն, համարելով, որ իրավունք ունի ներգրավվելու տարբեր հակամարտությունների լուծմանը, այդ թվում՝ Արցախյան հարցում, և 1993-ից Թուրքիան և՛ ռազմական, և՛ քաղաքական-դիվանագիտական բաղադրիչներով իրականացրել է քայլեր այս հարցում ընդգրկվելու համար։

«Ռուս-թուրքական հարաբերությունների թուրքական ընկալման մեջ անպայմանորեն կա նաև հայկական բաղադրիչը, որը, բացի պատմականից, ունի ավելի ռեալ-պոլիտիկ ձևակերպում՝ Արցախի խնդիրը։ Միամտություն կլինի կարծել, որ Թուրքիան այս կարևոր միջոցը չի իրականացնելու ամեն պատեհ և անպատեհ առիթներով։ Մոսկովյան բանակցություներից առաջ ականատես եղանք այս ձեռագրին, ինչը անվտանգության կարևոր բաղադրիչ է, քանի որ Թուրքիան ապակառուցողական, կոնֆլիկտակիր երկիր է, և նրա ընդգրկվածությունն այս հարցում որ կարող ենք ձևակերպել որպես ներթափանցում: Նրա գործելաոճը ուղիղ համեմատական է Հայաստանի անվտանգային խնդիրների հետ, և այս հարցերին պոպուլիստական կամ հոխորտանքներով լի մոտեցումները տեղ չունեն, քանի որ կարող են հետևանք ունենալ», - հայտնեց Ռուբեն Մելքոնյանը՝ հիշեցնելով, որ վերջերս ակտիվացել էր մի թեմա, ըստ որի խոսվում էր, որ բացահայտվել է մի փաստաթուղթ, որի համաձայն Թուրքիան պատրաստվում էր 2016 թ-ին հարձակվել Հայաստանի վրա, որը չհերքվեց Թուրքիայի կողմից, և հայկական մասնագիտական շրջանակները սահմանափակվեցին քննարկումներով։

Մելքոնյանն ասաց, որ Թուրքիայի անվտանգության կոնցեպտում միշտ հա «մեկուկես պատերազմ» մոդելը. կես պատերազմն ուղղված է քրդերին, մեկ պատրեազմն ուղղված է հարևան երկրներին և այդ մեկ պատերազմի թիրախում Հայաստանը միշտ ունի իր կայուն բարձր դիրքը։ Այսինքն, Թուրքիայի անվտանգության հայեցակարգում ամեն տարի քննարկվում է պատերազմ Իրաքի դեմ, Սիրիայի դեմ, Հունաստանի, Բուլղարիայի դեմ, այդ թվում նաև Հայաստանի դեմ։ Դա ամեն տարի թարմացվում է և դիտարկվում աշխարհաքաղաքական զարգացումների ծիրում։

«Այդ փաստաթղթի բացահայտումը որոշակի անհանգստություն առաջացրեց, բայց դա ուշացած անհանգստություն է, որովհետև Թուրքիայի պարագայում Հայաստանի դեմ սպառնալիքը ոչ թե անակնկալ պետք է լինի պետական կառույցների համար, այլ դա ճշմարտություն է, քանի որ Թուրքիան, սկսած Հայաստանի անկախացումից, ամեն տարի իր ռազմավարության մեջ դիտարկում է Հայաստանի դեմ պատերազմը և 1992-ին, 1993-ին կարող էր կյանքի կոչվել, և 2016-ից հետո կարող է կյանքի կոչվել միջնորդավորված, «փոքր եղբոր»՝ Ադրբեջանի միջոցով։ Արցախի հարցի ակտիվացումը Թուրքիայի կողմից այս կրիտիկական ժամանակշրջանում երկսայր սրի էֆեկտ ունի, մի կողմից սիրաշահում է կրտսեր եղբորը՝ Ադրբեջանին, երկրորդը՝ թուրք-ռուսական քաղաքական օրակարգում ներառելով այս հարցը՝ որոշակի անհանգստություն է պատճառում Ռուսաստանին, քանզի ՌԴ-ն ՄԽ համանախագահ է, ՀՀ դաշնակից և տարածաշրջանային գերտերություն, որը մասնակցություն ունի կոնֆլիկտների լուծմանը», - եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը: