կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-08 16:05
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ամենը տգետ, հանցավոր քաղաքականության հետևանք է, ուստի այն պետք է չեզոքացվի․ Ռուբեն Մելքոնյան

Մեր երկիրը կանգնած է մի շարք անվտանգային խնդիրների առջև, դրանցից առաջինը հոգևոր անվտանգությունն է. ըստ Yerkir.am-ի՝ «Ներկա իրավիճակում մտավորականի դերը» խորագրով՝ մտավորականների հավաքի ժամանակ  ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանը։

«Այս 2․5 տարվա ընթացքում մտավորականության թիրախավորումը զուգակցվում էր նաև ազգային արժեքների հանդեպ տոտալ հարձակումներով և հայագիտական առարկաների դեմ հալածանքներով»,- ասաց նա և հիշեցրեց, որ այդ հարձակումները զուգակցվում էին տաբուների կոտրմամբ, և որևէ արգելք, սրբություն չկար։

Մելքոնյանի համոզմամբ՝ հասարակության այդ հատվածի համար միևնույն էր՝ հայհոյում են քաղաքական գործչի, թե՝ Ամենյան Հայոց հայրապետին, որը մեկ ժամ առաջ պահանջեց Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։

«Մտավորականության համար թիվ մեկ թշնամին դիլետանտիզմն է, տգիտությունը, այն չարիքը, որը համակել է մեր պետական համակարգը, որ սողոսկել է պետական տարբեր համակարգեր, տարբեր ոլորտներ, որի կործանիչ հետևանքներն ենք տեսնում։ Տգետների, դիլետանտների հոծ բանակը, որոնք զբաղեցնում են պատասխանատու պաշտոններ, իրենց բացասական հանցագործ ներկայությամբ, քանդել և քանդում են այդ ոլորտները»,- շեշտեց արևելագետն ու,  անդրադառնալով թուրքագիտությանը, շեշտեց, որ 30 տարվա ընթացքում Թուրքիան և Ադրբեջանը երբևէ չեն փոխել իրենց ընդգծված թշնամական քաղաքականությունը և դիրքորոշումը՝ Հայաստանի ու հայության նկատմամբ:

«Բայց, չգիտես՝ ինչու, կային շրջանակներ որոնք փորձում էին երկխոսել թուրքերի հետ, ներել նրանց, ԱԺ ամբիոնից հայտարարում էին, որ կան լավ թուրքեր, ԱԺ իշխող ֆրակցիայի ղեկավարը հայտարարում, էր, որ Թուրքիան չի միջամտելու Արցախյան հարցին։ Իսկ կրթության ոլորտի պատասխանատուներից մեկը, որն այս օրենքի գործի կարդինալներից է, խոսում էր, որ չի կարելի այրել Թուրքիայի դրոշը ապրիլի 23-ին՝ ջահերով երթի ժամանակ, որովհետեւ դա հանցագործություն է։ Այդ նույն անձը որոշում էր չափորոշիչները, որոնցով պետք է դաստիարակվեն սերունդներ»,- հիշեցրեց Ռուբեն Մելքոնյանն ու պնդեց․ «Այս հանցավոր դիլետանտիզմն  ուղղակի  սպառնալիք է եղել և մնում  մեր անվտանգությանը։ Այս ամենը տգետ, հանցավոր քաղաքականության հետևանք է, ուստի այդ հանցավորությունն ու տգիտությունը պետք է չեզոքացվի նաև քաղաքական հարթակում»։

Մանրամասները՝ տեսանյութում։