կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-04 21:44
Աշխարհ

Պաշտոնաթող են եղել Ջոնսոնի չորս մերձավոր օգնականներ. BBC

Պաշտոնաթող են եղել Ջոնսոնի չորս մերձավոր օգնականներ. BBC

Մեծ Բրիտանիայի վարչապետի չորս մերձավոր օգնականներ բառացիորեն մի քանի ժամվա տարբերությամբ որոշել են հեռանալ իրենց պաշտոններից՝ կառավարության ղեկավարի հետ տարաձայնությունների պատճառով: Փետրվարի 4-ին այդ մասին հաղորդել է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:

Ջոնսոնի՝ ներքին քաղաքականության կառավարման գրասենյակի ղեկավար Մունիրա Միրզայից անմիջապես հետո պաշտոնաթող են եղել հասարակայնության հետ կապերի տնօրեն Ջեկ Դոյլը, աշխատակազմի ղեկավար Դեն Ռոզենֆելդը եւ վարչապետի անձնական քարտուղար Մարտին Ռեյնոլդսը: Ջոնսոնի օգնականների պաշտոնաթողությունը տեղի է ունեցել, ինչպես նշում է BBC-ն, կառավարող Պահպանողական կուսակցությունում նրա առաջնորդության նկատմամբ աճող քննադատության ֆոնին: 

Վերջին օրերին մի շարք բրիտանացի պատգամավորներ, այդ թվում պահպանողականներ, վարչապետին կոչ են արել ներողություն խնդրելու ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերից՝ արված հայտարարությունների լույսով, սակայն կառավարության ղեկավարը մինչեւ հիմա հրաժարվում է իր խոսքը հետ վերցնել:

Հունվարի 31-ին Ջոնսոնը, ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում, Սթարմերին, որը 2008-ից մինչեւ 2013 թվականը գլխավորել է Թագավորության դատախազական ծառայությունը, մեղադրել է այն բանում, որ նրա գերատեսչության թողտվությամբ բրիտանացի ռադիոհաղորդավար Ջիմմի Սեւիլը (1926 – 2011) չի ենթարկվել քրեական պատասխանատվության՝ իբր դեռահասների նկատմամբ սեռական բռնության՝ տեղ գտած բազմաթիվ դեպքերի պատճառով: Բրիտանացի քաղաքագետների կարծիքով՝ մերձավոր օգնականների պաշտոնաթողությունը կդառնա եւս մեկ հարված Ջոնսոնի համար, որը լուրջ ճնշման է հանդիպում ընդդիմության եւ մի շարք պահպանողականների կողմից Դաունինգ սթրիթում երեկույթների հետ կապված սկանդալի պատճառով, որոնք տեղի էին ունեցել համավարակի առաջին ալիքի խիստ սահմանափակիչ միջոցների գործողության շրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: