Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք, որպես Վրաստանի քաղաքացիներ, որոշեցինք մեր դժգոհությունն արտահայտել անչափահասին ծեծելու փաստի կապակցությամբ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության նախագահ Արթուր Միրզոյանը՝ խոսելով հաշմանդամություն ունեցող անչափահաս Լևոն Համբարձումովին ոստիկանների կողմից ծեծելու առիթով հայ համայնքի ներկայացուցիչների անցկացրած բողոքի ակցայի մասին Վրաստանի Ներքին գործերի նախարարության դիմաց։
Լևոն Համբարձումովը, ինչպես գրեցին լրատվամիջոցները, ազգությամբ հայ է, բայց Արթուր Միրզոյանն ընդգծեց, որ անչափահասի հայ լինելու հանգամանքը իրենք չեն շեշտադրում, պարզապես փորձում են իշխանությունների ուշադրությունը հրավիրել ոստիկանների ցուցաբերած բռնության փաստի վրա։
«Մենք չենք միացել ընդդիմությանը, մենք զուտ առանձին ենք ակցիա անում, մեր լոզունգների մեջ հակառակն է՝ ասում ենք, որ մենք հավատում ենք, որ մեղավորներն օրենքի ամբողջ խստությամբ կպատժվեն»,-ասաց Արթուր Միրզոյանը։
Այս գործով ձերբակալված երկու ոստիկանները՝ Նուկրի Բաքրաձեն և Կախա Բակաշվիլին իրենց մեղքը չեն ընդունում, նրանք ասում են՝ տեսանյութում երևացող ոստիկաններն իրենք չեն։
Արթուր Միրզոյանն ասաց՝ եթե մեղավորները պատժվեն, հայ համայնքի բողոքի ակցիաները չեն շարունակվի։
Վրաստանի ընդդիմադիր մի շարք ուժեր, այդ թվում «Դրոա» և «Լելոն Վրաստանի համար» կուսակցությունների երիտասարդական թևի ներկայացուցիչները «Ո՛չ ոստիկանությանը», «Ո՛չ բռնությանը» պաստառներով ու կոչերով ցույց են անցկացրել ՆԳՆ շենքի դիմաց, երբ TV Pirveli-ն հրապարակել է կադրերը, որտեղ երևում է՝ ինչպես է Թբիլիսիի մետրոյի Իսանի կայարանում պարեկային ոստիկանության աշխատակիցը ծեծում տղային։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ բողոքի ցույց են արել նաև մի շարք քաղաքացիական ակտիվիստներ՝ «Կտտանքների ենթարկող համակարգ» գրությամբ պաստառներով։ Բողոքի ակցիաներ են կազմակերպվել Վրաստանի այլ քաղաքներում ևս:
Արթուր Միրզոյանն ասաց՝ տեսանյութը նկարել է ծեծված տղայի ընկերը՝ Գիորգի Ջոջիաշվիլին։ Հետագայում նա նաև պատմել է՝ ինչպես է տեղի ունեցել դեպքը․ տղաները մետրոյից օգտվելու քարտ չեն ունեցել և ցատկել են անցման հանգույցի վրայով, ապա Լևոնը նստել է շարժասանդուղքի հենարանին: Շարժասանդուղքի ներքևի հատվածում գտնվող ոստիկանները անչափահասներին ուղղորդել են դեպի ելք, նրանք էլ ենթարկվել են: Հետո ոստիկանը բռնել է Լևոնին, ընկերները զգուշացրել են, որ նա համր է, ոստիկանն էլ չի հավատացել ու ասել է՝ «մենք հիմա կխոսեցնենք», ու սկսել է հարվածել տղային: Կողքի ոստիկանը կանգնած նայել է ու չի փորձել դադարեցնել հաշմանամություն ունեցող անչափահաս տղայի ծեծը։
«Փաստ է, որ երեխուն ծեծեց էլի։ Այդ վիդեոն տարածվել է, ժողովուրդը ոտքի է ելել, դժգոհություն է, ընդդիմությունն էլ միտինգներ է անում։ Բայց փաստացի ոստիկանությունը պատժվել է այս պահի դրությամբ, ձերբակալված ոստիկաններ կան»,-ասաց Արթուր Միրզոյանը։
Aliq media-ի տեղեկացմամբ՝ հաշմանդամություն ունեցող անչափահասն ապրում է ծայրահեղ վատ պայմաններում, սոցիալապես անապահով ընտանիքում: Ընտանիքը հնարավորություն չունի փաստաբան վարձել տղայի գործով: Քաղաքացիական հասարակությունն իր աջակցությունն է հայտնել, այս փուլում քննարկվում է, թե որ ընկերությունն է զբաղվելու գործով:
Կից ներկայացնում ենք նաև Aliq media-ի վիդեոգրաֆիկան աղմուկ հանած բռնության մասին։
Աննա Բալյան