կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-27 17:13
Տնտեսական

Սահմանափակումների պատճառով ռեստորանային ոլորտում համախառն վաճառքը մոտ 20 տոկոսով ընկել է. նախարար

Այս մի քանի օրվա տվյալների վրա հիմնված տեղեկատվությունը ցույց է տալիս, որ ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20 տոկոսով ընկել է․ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հունվարի 22-ից գործող սահմանափակումներին, որոնցով քաղաքացիներին պարտադրվում է մի շարք օբյեկտներ մտնելիս ցույց տալ կա՛մ պատվաստման QR կոդը, կա՛մ թեստավորված լինելու մասին համապատասխան փաստաթուղթը։

«Կան նաև ոլորտի ընկերություններ, որոնց մոտ շատ քիչ է ընկել՝ հաշվի առնելով իրենց հաճախորդների բազան և այլն, բայց կան, որ շատ է ընկել։ Մենք շատ ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը, բայց այստեղ կարևոր մաս կա, որը վերաբերում է հետևյալին՝ այստեղ մենք չենք խոսում միայն պատվաստվածների մասին, կան մարդիկ, ովքեր պատվաստված են, բայց նաև վարակված են, և նրանք, ըստ էության, չեն կարող մտնել ռեստորան։ Դա էլ է կարևոր պատճառ, թե ինչու է ընկել շրջանառությունը և բնականաբար, որևէ գիտակից մարդ, վարակված լինելով, չպետք է մտնի ռեստորան»։

Ինչ վերաբերում է հարցին, որ սահմանափակումները չեն նպաստել կորոնավիրուսի վարակման թվի նվազմանը, որովհետև հատկապես վերջին օրերին թվերը միայն աճում են, նախարարն ասաց․ «Մենք հիմա գտնվում ենք ալիքի բարձրացման կորի վրա, այսինքն՝ ալիքն աճում է, և այս միջոցն ուղղված է նրան, որպեսզի զսպի պիկը»։

Ճշտող հարցին՝ զսպո՞ւմ է, Վահան Քերոբյանը պատասխանեց․ «Վստահ եմ, որ այո»։