կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-29 11:22
Քաղաքական

Ադրբեջանական սահմանափակումների պատճառով մայիսից ուխտավորներ չեն այցելել Դադիվանք․ հոդված persecution.org լոբբիստական կայքում

Ադրբեջանական սահմանափակումների պատճառով մայիսից ուխտավորներ չեն այցելել Դադիվանք․ հոդված persecution.org լոբբիստական կայքում

Օրերս Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևը Twitter-ի իր միկրոբլոգում պնդել էր՝ իբր քրիստոնեությունը Ադրբեջան է մտել 1-ին դարում՝ պետական կրոն դառնալով 313 թվականին, և որպես իր խոսքի ապացույց՝  օգտագործել էր Արցախի հին հայկական եկեղեցիների լուսանկարները, այդ թվում Դադիվանքինը։

Ասորի պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Անահիտ Խոսրոևան persecution.org լոբբիստական կայքում հրապարակել է հոդված, որում նշում է՝ ինչ վիճակում է այժմ Դադիվանքը և ինչ ծագում ունի։ Yerkir.am-ը այն ներկայացնում է իր ընթերցողներին։

Դադիվանքի ճակատագիրը. Կովկասի սիրտը

Դադիվանք հոյակապ համալիրը, որը կառուցվել է 9-13-րդ դարերում, հինավուրց Հայ առաքելական եկեղեցի է, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղում (հայերեն՝ Արցախ), որը 44-օրյա Արցախյան պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայնագրից հետո վանքի մերձակայքում ստեղծվել է ռուսական խաղաղապահ անվտանգության անցակետ։ Սակայն 2021 թվականի մայիսի 2-ից ի վեր ադրբեջանական կողմի սահմանած սահմանափակումների պատճառով ուխտավորներ չեն այցելել Դադիվանք։

Մայիսի սկզբից սկսած ամեն շաբաթ Հայ Առաքելական եկեղեցին պատրաստում է մինչև 10 հոգու ցուցակներ, ովքեր ցանկանում են մեկնել Դադիվանք կիրակնօրյա պատարագի համար: Եկեղեցին ցուցակները հանձնում է ռուս խաղաղապահ ուժերին, որոնք դրանք փոխանցում են ադրբեջանցի զինվորականներին։ «Ռուս խաղաղապահները շարունակում են մեզ փոխանցել մերժումները»,- ասաց Արցախի եպիսկոպոս Վրթանես Աբրահամյանը։ Երբեմն ադրբեջանցիները վկայակոչում են COVID-19 վիրուսը, երբեմն պատճառաբանում սողանքի պատճառով ճանապարհի փակումը և այլն։

Տ. Աթանաս Սարգսյանը, ով այժմ ծառայում է Դադիվանքում, հարցազրույցներից մեկում ասել է. «Չգիտեմ, թե որքան կտևի այս իրավիճակը, բայց լիահույս եմ, որ լուծում կլինի։ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այս ուղղությամբ շատ մեծ աշխատանք է տանում»։ Ըստ Տ. Աթանասի, Դադիվանքի ապագան ուղղակիորեն համեմատելի է Հայաստանի ապագայի հետ։ Նա շարունակեց՝ ասելով. «Այս պահին ամեն ինչ անորոշ է, բայց գլխավորը հավատն է, որը չպետք է կորցնել։ Անհնարինը կկատարվի նրա համար, ով հավատք ունի. մենք այստեղ ենք այդ հավատով, և սպասում ենք հրաշքի։ Շատ ցավալի է խոստովանել, որ այս անորոշ պայմաններում արդեն երկրորդ տարին է, ինչ դիմավորում ենք առաջին ձյունը Դադիվանքում»։

Վանքը ոչ միայն սուրբ է, ինչպես Աստծո ցանկացած տուն, այլ նաեւ մեր հայկական ինքնության խորհրդանիշն է՝ որպես երկուհազարամյա քրիստոնյա ժողովուրդ

Երբ 2020 թվականի նոյեմբերի 13-ին ռուսական խաղաղապահ ուժերը ժամանեցին Դադիվանք, վանքի վանահայր Տ. Հովհաննեսը հայտարարեց, որ ինքը և մյուս եկեղեցականները կմնան այնտեղ։ «Վանքը մեզ է պատկանում, մենք չենք կարող հեռանալ։ Այս պատերազմի ընթացքում մեր ժողովուրդը կորցրել է իր սիրելիներին, գյուղերը, տները, ամեն ինչ։ Նրանք հրաժարվում են կորցնել Դադիվանքը։ Մենք պետք է մնանք այստեղ և աղոթենք մեր վանքի և ամբողջ երկրի պաշտպանության համար»,- ասաց Տ. Հովհաննեսը՝ երկար մոխրագույն մորուքով, վզին արծաթյա խաչելությամբ։

Վանքը ոչ միայն սուրբ է, ինչպես Աստծո ցանկացած տուն, այլ նաեւ մեր հայկական ինքնության խորհրդանիշն է՝ որպես երկուհազարամյա քրիստոնյա ժողովուրդ՝ նշեց նա։ Հայկական հպարտության ակնառու կետն այն է, որ եղել է թերևս առաջին քրիստոնյա երկիրը, նույնիսկ հռոմեացիներից ավելի վաղ, և ասվում է, որ այդ ժառանգությունը հենց այս վանքից է գալիս: Դադիվանքը հիմնադրվել է 1-ին դարում քրիստոնեական հավատքը տարածաշրջանում տարածող Թադեոս առաքյալի աշակերտ սուրբ Դադիի կողմից։ Այն կանգուն է մնացել մոնղոլական, պարսկական, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին երկու ադրբեջանահայկական պատերազմների ընթացքում: Հարցին՝ արդյո՞ք Տ. Հովհաննեսը նախատեսում էր կազմակերպել թանկարժեք փորագրված խաչերի տեղափոխումը Հայաստանի մայրաքաղաք Երևան, նա պատասխանեց. «Ես ո՞վ եմ, որ 800 տարուց ավելի այստեղ եղած քարերը հանեմ»։

Ներկայում վանքի հոգեւոր սպասավորները լիակատար մեկուսացման մեջ են։ Դադիվանքի բոլոր կողմերում մեծ թվով ադրբեջանցի զինծառայողներ կան։ «Չնայած այս ամենին, վախ բացարձակապես չկա։ Վանական համալիրը ոտքի վրա է, ոչինչ չի պատահել, կյանքի գնով այստեղ ենք, փորձում ենք թույլ չտալ, որ թշնամին դիպչի դրան կամ ոչնչացնի»,- ասաց Տ. Աթանասը՝ ամբողջացնելով Տ. Հովհաննեսի մտքերը։

Ամբողջ աշխարհի հայ ժողովուրդը չափազանց մտահոգված է ժառանգության այս եզակի նմուշի ճակատագրով, չնայած ադրբեջանցի պաշտոնյաների հավաստիացումներին, որ կպահպանեն պատմական և հոգևոր վայրերը։ «Ես չեմ վստահում ադրբեջանցիներին և նրանց թուրք աջակիցներին. պատմությունը ցույց է տալիս, որ ամեն կտորը պոկելու հետ նրանք էլ ավելի քաղցած են դառնում: Ահա թե ով է մեր թշնամին, և դրա համար մենք երբեք չենք կարող վստահել նրանց»,- ասաց Տ. Հովհաննեսը ու եզրափակեց՝ մինչդեռ բարձր լեռներով, խիտ անտառներով ու կիրճերով շրջապատված Դադիվանք համալիրը մնում է որպես տարածաշրջանի եզակի ու հիասքանչ վայրերից մեկը և իսկապես կարելի է համարել Կովկասի սիրտը։

Հոդվածի անգլերեն բնօրինակը՝ այս հղումով։