կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-21 23:01
Քաղաքական

Վլադիմիր Կարապետյանը դստերն ուղարկել է Լապշինին սադրելու․ Նաիրրի Հոխիկյան

Վլադիմիր Կարապետյանը դստերն ուղարկել է Լապշինին սադրելու․ Նաիրրի Հոխիկյան

«Մի քանի հազար զոհ որ տան՝ լավ էլ կտան»․ այս արտահայտությունն էր լսել լրագրող, հասարակական գործիչ Նաիրի Հոխիկյանը 2019 թ-ի մայիսին մի միջոցառման ժամանակ, երբ զրուցում էին բլոգեր Ալեքսանդր Լապշինն ու  այն ժամանակ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ, այժմ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը։  

Այս մասին Հոխիկյանը պատմեց 2021 թ հուլիսի 15-ին՝ ելույթ ունենալիս, և Վլադիմիր Կարապետյանը դիմեց դատարան իրեն զրպարտելու մեղադրանքով՝ պահանջեց հերքել ասվածը և բարոյական վնասի փոխհատուցում վճարել իրեն։

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2021թ-ի հոկտեմբերի 29-ից քննում է այս գործը։

«Ես մի միջոցառման ժամանակ պատմեցի, թե ինչ է տեղի ունեցել, երբ ես, Ալեքսանդր Լապշինը,  Վլադիմիր Կարապետյանը և ինքը՝ Նիկոլ Փաշինյանը ներկա էինք  մի խոսակցության։  Վլադիմիր Կարապետյանը խոսել էր Լապշինի հետ, ես լսել էի ընդամենը մեկ արտահայտություն՝ «Մի քանի հազար զոհ որ տան՝ լավ էլ կտան», բայց ես չեմ հասկացել, թե ինչի մասին է խոսքը, հետո Լապշինն է բացել փակագծերը, որ ահա՝ սրա մասին է խոսքը։ Հիմա Վլադիմիր Կարապետյանը դիմել է դատարան՝ զրպարտության մեղադրանքով»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում իրավիճակը ներկայացրեց Նաիրի Հոխիկյանը։

Նրա համար անհասկանալի է, որ չնայած Վլադիմիր Կրապետյանն է դիմել դատարան, բայց հենց իրենք են պարբերաբբար պայմաններ ստեղծում, որ դատական նիստերը հետաձգվեն։

«Մենք բազմաթիվ փաստեր ենք ներկայացնում դատարանին, իրենք անընդհատ ինչ-որ պատճառներ են բերում դատական նիստերը հետաձգելու, միջնորդություններ են ներկայացնում»,-ասաց Հոխիկյանը։

Նա վստահեցեց, որ նախորդ դատական նիստին ինքը ներկայացրել է փաստեր այն մասին, որ նույն Ալեքսանդր Լապշինն ասում է՝ ինչպես է Վլադիմիր Կարապետյանը իր սեփական դստերը ուղարկել Լապշինի հետ բանակցելու, նրան սադրելու։

«Իմ բառերը չեն՝ Ալեքսանդր Լապշինի բառերն են, որոնք փաստերով՝ նա ինձ ձայնային հաղորդագրություններ է ուղարկել այդ մասին պատմելով, նամակներ  և այլն։ Փորձել են  համոզել, որ Լապշինը լռի, չխոսի։ Թե ինչ միջոցներ են կիրառել, ես չգիտեմ, Լապշինը պատմում է միայն միասին թեյ, սուրճ խմելու մասին»,-ասաց Նաիրի Հոխիկյանը։

Այդ փաստերը դատարան ներկայացնելուց հետո Վ․ Կարապետյանի կողմը էլի փորձում է տարբեր պատճառաբանություններով դատական նիստերը հետաձգել՝ վստահեցրեց Հոխիկյանը։

«Իմ փաստաբանի՝ Լուսինե Վիրաբյանի, ներկայացրած բազմաթիվ իրավական փաստերը, բազմաթիվ միջնորդությունները, բազմաթիվ իրավական նորմերը, որոնցով մենք միանշանակ ճիշտ ենք, հակառակ կողմը ամեն կերպ դրանք փորձում է շրջանցել, իսկ շրջանցում է դատական նիստերը հետաձգելու միջնորդություններով։ Ճիշտն ասած, ինձ համար մի քիչ անհասկանալի է նաև դատավորի պահվածքը, որովհետև պարբերաբար փորձում է բավարարել հայցվոր կողմի պահանջները, բայց, օրինակ, պատասխանող կողմի պահանջները, միջնորդությունները, օրինակ, լուսանկարահանել և տեսանկարահանել նիստերը, նախորդ անգամ մերժում ստացավ՝ պատճառաբանելով, որ հաջորդ անգամ կփորձենք»,-ասաց լրագրողը։

Բոլոր դեպքերում նա հույս հայտնեց, որ դատարանը անկողմնակալ է, դատավորրը նույնպես չի ենթարկվում իշխանության ներկայացուցչի ճնշումներին, որովհետև եթե այդպես լինի, ապա իրենք էլ կդիմեն իրենց միջոցներին, այսինքն, օրենքի սահմաններում՝ սկսած անվստահություն հայտնելուց։

«Եթե նկատում ենք, որ մի քանի դատական նիստում անընդհատ նկատվում է հայցվոր կողմի պահանջների բավարարում, և մենք ներկայացնում ենք բազմաթիվ փաստեր, որոնք փորձում են անտեսել, ապա մենք պետք է արդեն դիմենք մեր մեթոդներին»,-ասաց նա։

Դատաքննությունը դեռ խիստ նախնական փուլում է, նշեց Նաիրի Հոխիկյանը, իրականում ոչ մի բան էլ չի քննվել այսքան ժամանակ, իրենք փաստեր են ներկայացրել, որ այն, ինչ ինքը խոսել է՝  զրպարտություն չէ։

«Ձգձգում են՝ մի անգամ ասելով, որ թույլ տվեք մենք ծանոթանանք ձեր ներկայացրած փաստերին, մեզ տվեք 2-3 ամիս ժամանակ, հաջորդ անգամ  ներկայացնում են, որ այն լրատվամիջոցները, որ լուսաբանել են այդ միջոցառումը, նրանց պետք է հրավիրենք դատական նիստերին որպես երրորդ կողմ, որ ընդհանրապես դրա կարիքը չկա, այսինքն լրատվամիջոցը լուսաբանել  է, եթե օրինակ, ապացուցվի, որ զրպարտություն է, այսպես թե այնպես լրատվամիջոցներով գնալու է, որ ինֆորմացիան այդպես չի եղել։ Բայց սրանք պայմաններ են, որ դատական նիստերը անհարկի հետաձգվեն։ Ով սա խոսում է այն մասին, որ եթե հայցվոր կողմը վստահ լիներ, որ ինքը ճիշտ է՝ ինքը կձգտեր, որ հնարավորինս շուտ դատավճիռ լիներ»,-ասաց Նաիրի Հոխիկյանը։

Նա ենթադրում  է, որ Կարապետյանը, ձգձգելով նիստերը, ժամանակ է ձգում, որ տարբեր միջոցներով գուցե փորձի հասնել պայմանավորվածությունների։

«Հետաքրքիր է, որ Վլադիմիր Կարապետյանն ասում է իբր ես՝ Նաիրի Հոխիկյանս, չէի կարող լսած լինել այդ արտահայտությունը, որ՝ «մի քանի հազար զոհ որ տան՝ լավ էլ կտան», դա հերքում է, բայց չի հերքում Լապշինի այն խոսքը, որ Լապշինն ասել է, որ Վլադիմիր Կարապետյանն իրեն ասել է, որ «մի քանի հազար զոհ որ տան՝ լավ էլ կտան»։ Այսինքն, Լապշինի խոսքը չի հերքում, Նաիրի Հոխիկյանի խոսքը հերքում է։ Դա ընդհանրապես քննարկման չի դնում, ասում է՝ եկեք չքննարկենք, բայց ո՞նց չքննարկենք, եթե Լապշինն ասել է դա, նույն բանը ես էլ լսել եմ։ Ինչո՞ւ են նրանք ձգտում Լապշինին դուրս հանել այստեղից, որովհետև Լապշինից բազմաթիվ ապացույցներ կան, իսկ իրենք կարողացել են Լապշինի իրենցով անել կամ գոնե համոզել, որ լռի, և այստեղ մնում է, որ իմ խոսքը դառնա անապացուցելի»,-բացատրեց Նաիրի Հոխիկյանը։

Լապշինը նրա  հայտարարությունից հետո հերքել էր, որ նման բան Նաիրին կարող էր լսած լինել, թեպետ Հոխիկյանը վստահեցնում է, որ ունի բազմաթիվ ապացույցներ։

«Ես այդ ամենը փոխանցել եմ ԱԱԾ-ին և պահանջել, որ ԱԱԾ-ն Լապպշինին առերեսման, հարցաքննության բերի, բայց Լապշինն այդ ընթացքում եղել է Հայաստանում և չեն հրավիրել․ սա  խոսում է այն մասին, որ ոչ ոքի ձեռնտու չէ իրականությունն իմանալ։ Այդ նույն նյութերը փոխանցել եմ նաև դատարանին»,-ասաց Նաիրի Հոխիկյանը։

Նրա համար հետաքրքրական է, որ Վլադիմիր Կարապետյանի կողմն անգամ փաստաթղթերի կեղծմամբ  է դատարան դիմել․ օրինակ, ժամկետը լրացած է եղել, բայց կարողացել են ժամկետից հետո դատարան մուտք անել փաստաթղթերը։ Նաև, ըստ նրա,  պաշտոնեական դիրքի չարաշահում է եղել, որովհետև  ՈՒկրաինայում Հայաստանի դեսպանության բլանկով են դիմել դատարան, այնինչ դրա իրավունքը չունեին, որովհետև դեսպանատունը չէ, որ դիմել է դատարան, այլ Վլադիմիր Կարապետյան անձը։ Այս բոլորը, Նաիրի Հոխիկյանի համոզմամբ,  օրենքի կոպիտ խախտումներ են։ Նրանք բազմաթիվ թույլ տեղեր ունեն, ասաց նա, որոնց միջոցով իրենք կհասնեն նրան, որ ապացուցեն նախ՝ որ ինքը ճիշտ է ասել, ինչ որ ասել է, երկրորդ՝ որ այս պաշտոնյաները զբաղված են օրենքի կոպիտ խախտումներով և պաշտոնեական դիրքի չարաշահումներով։

Աննա Բալյան