Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ քառօրյայի ավարտին ելույթ է ունեցել ՀՅԴ Հայաստանի երիտասարդության միության Կենտրոնական վարչության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: Ստորև ներկայացնում ենք պատգամավորի ելույթն ամբողջությամբ.
Այս քառօրյան շուտով կավարտվի, սակայն կարծում եմ, որ կենսական հարցերի շուրջ մեր քննարկումները հեռու էին բավարար լինելուց: Ուստի ես հենց այդ թեմաներին պետք է անդրադառնամ:
Պատերազմի ավարտից անցել է ավելի քան 1 տարի. ինչ պատկեր ունենք մենք Հայաստանում, մեր շուրջը և աշխարհում։
Հայրենիքում՝ մեզ մոտ.
Ի՞նչ է պատկեր է Ադրբեջանի դեպքում:
Ադրբեջանը, չբավարարվելով Արցախի բռնազավթած տարածքներով, հայտարարում է Երևանի և Սյունիքի նկատմամբ իր հավակնությունների մասին։
Հայտարարում է պարբերաբար և սրանով ջախջախում հայ անհատների և հայկական այն ուժերի հենասյունը, որոնք պնդում էին, որ, Արցախում հողերը տալով, հնարավոր է հանգիստ ապրել։
Սակայն Ադրբեջանը այսքանով էլ չի բավարարվում։ Նրա ղեկավարությունը հայտարարում է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը դեռևս խաղաղության հիմք չէ։ Ավելի պարզ ասած՝ ասում է՝ ես ձեր դեմ դեռ պատերազմելու եմ, որովհետև հարցերս ամբողջությամբ չեն լուծվել։
Ի՞նչ է կատարվում աշխարհում:
Այս ընթացքում աշխարհում տեղի են ունենում լրջագույն զարգացումներ։ Աշխարհում տեղի են ունենում նոր վերադասավորումներ, պայքար է ընթանում ազդեցության գոտիների համար, մեր տարածաշրջանն ընդհանրապես կես քայլ է հեռու նոր ցնցումից։
Այս բոլոր գործընթացներին մասնակից երկրները շատ լավ գիտեն իրենց պետական շահերը, ունեն սեփական օրակարգեր, ունեն կարմիր գծեր, և, որ ամենակարևորն է, այդ պետությունները ղեկավարվում են պետական շահը լավ գիտակցող մարդկանց կողմից։
Եվ այս իրավիճակում է, որ Հայաստանը սկսել է Թուրքիայի հետ երկխոսության գործընթացը։ Սկսված գործընթացում թուրքական կողմը մշտապես հանդես է եկել հայտնի նախապայմաններով։ Այս պարագայում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հատուցման հարցերը չբարձրաձայնելը, Արցախ այցելությունների բացակայությունը, Արցախի Հանրապետություն տերմինից հրաժարումը հիմնավոր կասկածներ են առաջացնում, որ Հայաստանը բանակցությունների սեղանին ներկայացնողները բավարարել են թուրքական նախապայմանները և հիմա բանակցությունները շարունակում են միայն վերջերս առաջ քաշված նախապայմանի՝ այսպես կոչված, միջանցքի շուրջ։
Բոլորը, այդ թվում՝ նաև միջազգային գործընկերները Հայաստանին հարցնում են բանակցություններում Հայաստանի օրակարգի և կարմիր գծերի մասին։ Հայկական կողմը միայն կրկնում է «հաղորդակցության ուղիների ապաշրջափակում» վերացական նախադասությունը։ Ստացվում է, որ բանակցությունների սեղանին կա մեկ՝ թուրքական օրակարգ, և այդ օրակարգը թյուրքալեզու ժողովուրդներին ցամաքային կապով իրար կապելու մասին է։
Մեզ խոստանում են խաղաղություն, բայց մինչև վերջին պահը չեն ասում այդ խաղաղության գինը և դրանով զրկում են հասարակությանը, որ ինքը որոշի՝ ցանկանո՞ւմ է վճարել այդ գինը, թե՞ ոչ:
Առանց սեփական օրենդրությունը կարգավորելու, առանց միջազգային փորձի ուսումնասիրման՝ մենք խոսում ենք մեր կողմից երբեք չփակված սահմանները բացելու մասին։
Եվ հենց այստեղ Հայաստանում հայտնվում են մարդիկ, իշխող ուժի ներկայացուցյիչներ, որոնք իրականացնում են գործընթացի ողջ լոբբինգը։
Այստեղ ես ուզում եմ դիմել պարոն Խաչատուր Սուքիասյանին։ Պարո՛ն Սուքիասյան, Դուք գիտե՞ք, օրինակ, ինչ է եղել Ստամբուլի բոլոր այն հարուստ հայերի հետ, որոնք հրաժարվում էին հավատալ, որ Թուրքիան չի հաշտվում իրենց գոյության հետ։ Նրանք, կարծեմ, հիմա գերեզման չունեն:
Լավ, ի՞նչ անենք, գուցե ազգովի որոշենք «Սիլ» ջուր խմել, կամ «Երևան» տոնավաճառից առևտուր անել, միայն ձեզ խնդրենք, որ նորից թուրքերին մեր գլխին չբերեք։
Դե գոնե դուք մեզ առայժմ չեք ցեղասպանել։
Վերադառնալով մեր հիմնական օրակարգին: Մեր պարտությունից անցել է ավելի քան մեկ տարի:
Ժողովուրդները պատերազմում են իրար հետ, հաղթում են, պարտվում են, սակայն առողջ հասարակությունները կարողանում են երկուսն էլ տանել արժանապատվությամբ:
Առողջ հասարակությունները, որոնք չունեն մարդատյաց ղեկավարներ, երբեք մի ամբողջ ազգի անուն, որպես վիրավորանք, չեն օգտագործում, երբեք մարդ գլխատելու համար հերոսի կոչում չեն շնորհում, Ցեղասպանություն և էթնիկ զտումներ չեն իրականացնում։ Առողջ ղեկավարները քիմիական արգելված զենք չեն օգտագործում, որն առաջացնում է այսպիսի հետևանքներ։ Սեփական մայրաքաղաքում պատերազմի թանգարան չեն հիմնում։ Դպրոցներում և մանկապարտեզներում հայատյացություն չեն սերմանում։ Կարճ ասած՝ 21-րդ դարի ֆաշիզմի դրսևորում չեն դառնում։
Ստացվում է, որ Հայաստանը և Արցախը հիմա դիմագրավում են մերօրյա ֆաշիզմի դրսևորումներին:
Ուրեմն ի՞նչ կարող ենք անել մենք ֆաշիզմի դեմ պայքարում:
Կարո՞ղ ենք, արդյոք, այս պայքարում մեր հույսը դնել ներկա իշխանությունների ներկայացուցիչների վրա։ Ոչ, որովհետև, այս մարտահրավերների պարագայում ինչ են անում ներկա իշխանությունները՝
իրենք իրենց պարբերաբար պարգևատրում և ծափահարում են,
ցանկացած աջակցության առաջարկի պատասխանում են, որ իրենք պասերի կարիք չունեն,
հանրության զգոնությունը բարձրացնելու փոխարեն այն հետևողականորեն բթացնում են,
դիմադրություն ձևավորելու փոխարեն ընտրում են կոլաբորացիոնիզմը:
Ուրեմն՝ հայկական ներկա իշխանություններից պետք է միայն շնորհակալ լինել բոլորի դեմքերը պարզելու և համապարփակ լյուստրացիայի համար:
Իսկ ի՞նչ կարող է անել հասարակությունը, արդյո՞ք փրկության հույս կա, արդյո՞ք ամեն ինչ կորած է:
Ամեն ինչ կորած չէ, որովհետև դուք գիտեք, որ այսօր մեր հայրենիքում ապրում է մի մարդ, որն ամեն օր ժամը 7-ին իր բնակավայրից նստում է դատարկ գազելը, միացնում է բոլոր լույսերը և մեկ ժամ թշնամու կողմից դիտարկվող ճանապարհով քշում մեկ այլ բնակավայր, հետո վերադառնում է: Ասում է՝ իրենք պիտի տեսնեն, որ մետ մոտ շարժ կա ամեն ինչ կորած չէ, որովհետև Տավուշում կան մարդիկ, ովքեր իրեն բակում կրակ են անում և այն հնարավորինս երկար վառ պահում, որ թշնամին դիտարկելիս տեսնի, որ գյուղում ապրում են։
Ամեն ինչ կորած չէ, որովհետև կապանցի 16 տարեկան աղջիկը ասում է, որ պատերազմից առաջ որոշել էր Երևան տեղափոխվել ուսման համար, իսկ հիմա Կապանից տեղ գնալ չի ցանկանում։
Ուրեմն ամեն ինչ իսկապես կորած չէ: Պարզապես հիմա իշխանության է երկրի հակառակ կողմը, ու ավելի բարձր է լսվում նրանց ձայնը, բայց այս նկարում պատկերված տեսակը Հայաստանում հարյուրհազարավորներ են:
Բայց ինչպես կարող ենք մենք փոխել այս իրավիճակը:
Մենք նախ պետք է հասկանանք, որ այս վիճակը պատճառ չէ, հետևանք է, և հետևանք է նրա, որ մենք, փոխանակ կենտրոնանալու մեր նմանությունների վրա, կենտրոնացել ենք մեր տարբերությունների վրա: Մեր ազգակցին ներելու և նրա հետ հաշտվելու փոխարեն նախընտրել ենք առաջինը մեզ Ցեղասպանածի հետ հաշտվել:
Բայց ի՞նչ պետք է անենք։ Կարծում եմ՝ նախ պետք է արձանագրենք, որ առանց հայկական պետության մենք դատապարտվում ենք ստորաքարշ գոյության, իսկ մեր տեսակի վերացումը մնում է բախտի քմահաճույթին:
Մենք պետք է հասկանանք, որ եթե մեր եղբայրներին և որդիներին չենք ցանկանում տեսնել հայկական բանակում, ստիպված ենք լինելու նրանց տեսնել այլ պետությունների զորքերի կազմում հայկական հարցի հետ կապ չունեցող պատերազմներին մասնակցելիս: Եթե չենք ցանկանում կերակրել մեր բանակը, ստիպված կերակրելու ենք այլ պետությունների բանակները:
Հետո կարծում եմ՝ պետք է հասկանանք, որոնք են մեր պետության հիմքերը: Իսկ մեր պետականության հիմքը մեր հավատը, մեր լեզուն, մեր մշակույթը, մեր սոցիալ-մշակութային կապերն են: Ուրեմն «Վերադարձ արմատներին»-ը պետք է դառնա մեր նոր նշանաբանը:
Եվ երրորդ ամենակարևոր բանը: Մենք պետք է պատրաստվենք:
Հայկական պետականություն ունենալ ցանկացողները քիչ չեն: Վկան՝ 44-օրյա պատերազմը, վկան՝ դիրքերը չթողած տղաները, վկան՝ Արցախում, Սյունիքում ապրող հարյուրհազարավոր հայեր, վկան՝ Աղավնո գյուղը:
Ուրեմն ոչինչ ավարտված չէ, մենք ընկել ենք, բայց չենք մեռել: Հայաստանի համար կռիվը առջևում է:
Աստված պահապան Հայաստանին և հայ ազգին: