Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի կառավարությունը մտադիր է փոխել երկիր մուտք գործող բեռնատարներից տուրքերի գանձման համակարգը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Սա ընդհանուր պրոցես է` միայն Իրանից տեղափոխվող բեռների հետ չէ կապված։ Հայաստանը որոշակի միջազգային պարտավորություններ ունի, եւ այդ շրջանակներում քննարկումներ կան օրենսդրական նախաձեռնություն ծավալելու։ Այն դեռ ավարտական տեսքի չի բերվել»,–ասել է Սանոսյանը։
Նա հայտնել է` փոփոխության էությունն այն է, որ եթե հիմա բեռնատարների մուտքի համար է վճար սահմանված, ապա նախատեսում են սահմանել տուրք բեռի քաշի եւ մեքենայի` մեր երկրում վարած կիլոմետրի համար։ Նման համակարգ, ըստ նախարարի, մի շարք երկրներում է գործում։
Սանոսյանը նշել է` սա, մի կողմից, կարծես արդարացի է, մյուս կողմից կա խնդիր` այս դաշտում պետք է հայտնվեն նաեւ տեղական, ներքին բեռնափոխադրումները։
«Այս հարցը դեռ քննարկման փուլում է, մենք կլսենք նաեւ մեր գործընկերների կարծիքը եւ նոր որոշում կկայացնենք»,–ասել է նախարարը։
Ավելի վաղ Սանոսյանն այս հարցը քննարկել էր Իրանի մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալության ժամանակ, երբ իրանական կողմը բարձրացրել է իրանցի բեռնատարներից գանձվող ֆիքսված գումարի հարցը։
Իր հերթին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Իրանը քննարկում են երկկողմ տրանսպորտային փոխադրումների ազատականացման հարցը։