Փոխարժեքներ
16 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Հայ-թուրքական հարաբերությունների պատմության մասին շատ է խոսվել, բայց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների պատմության մասին ոչ այնքան հաճախ է խոսվում, թեև դա ոչ պակաս կարևոր է:
Նախ` փոքր-ինչ Ադրբեջանի մասին։ Ադրբեջանը` որպես աշխարհաքաղաքական միավոր, Իրանի հյուսիսարևմտյան երկրամասն է, որն առանձնապես կապ չունի մեզ այսօր հայտնի Ադրբեջան կոչվող պետության հետ: Այժմյան Ադրբեջանի Հանրապետության տարածքը ներառում է պատմական Աղվանքը, Մեծ Հայքի Ուտիք, Արցախ, Փայտակարան, մասամբ` նաև Սյունիք և Այրարատ նահանգները: Իսկ Ադրբեջան տեղանունը, որը, ինչպես արդեն ասացինք, Իրանի հյուսիսարևմտյան երկրամասի պատմական անվանումն է, մինչև 1918 թ. չի տարածվել նրա տարածքների վրա: Ավելին` Ադրբեջանում բնակվող թյուրքերը մինչև 1936 թ․ հայտնի էին Կովկասի թյուրքեր կամ Կովկասի թաթարներ անվանումներով, իսկ ադրբեջանցիներ անվանումը սկսեց կիրառվել միայն 1936 թվականից` «ստալինյան սահմանադրության» (ԽՍՀՄ 1936 թ․ Սահմանադրություն) ընդունումից հետո, երբ Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության փոխարեն կազմավորվում են երեք նոր սոցիալիստական հանրապետություններ։ Որպես արդյունք` Ադրբեջանական ԽՍՀ բնակչությունը, անկախ ազգային պատկանելությունից (իսլամացած հայեր, թաթեր, թալիշներ, ուդիներ, լեզգիներ և այլ ցեղեր ու ցեղախմբեր), կոչվեց ադրբեջանցի, ասել է թե` Ադրբեջանի բնակիչ։
Ադրբեջանի Հանրապետությունը, ինչպես արդեն ասացինք, ստեղծվել է 1918 թ․՝ Ռուսական կայսրության փլուզման հետևանքով, «….երբ մայիսի 27-ին մուսուլմանների ազգային խորհուրդը, հիմք ունենալով Անդրկովկաս ներխուժած ցեղակից Թուրքիայի անվերապահ աջակցությունն ու հովանավորությունը, հայտարարեց «Արևելակովկասյան Մուսուլմանական Հանրապետության» (ԱԿՄՀ) անկախության մասին….»1: Արևելակովկասյան Մուսուլմանական Հանրապետությունը հռչակումից կարճ ժամանակ անց վերանվանվեց Ադրբեջան՝ իրանական Ադրբեջան երկրամասի նկատմամբ կովկասյան թաթարների և Թուրքիայի ունեցած հավակնություններից ելնելով: Նաև երկրի անվանումն էր պատճառը, որ Ազգերի լիգան ոչ միայն մերժեց պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի Հանրապետությունը, այլև չընդունեց Ադրբեջանի Հանրապետության դիմումը Ազգերի լիգային անդամակցելու վերաբերյալ: Այսպես. «1920 թ. դեկտեմբերի 1-ին Ազգերի լիգայի ասամբլեայի 5-րդ կոմիտեն արձանագրել է. Ադրբեջանի հանրապետությունը նախկինում երբեք պետություն չի եղել և ընդգրկված է եղել ավելի մեծ տերությունների մեջ, ինչպիսին են Մոնղոլիան (նկատի ունի մոնղոլ-թաթարական տիրապետությունը ‒ Ա. Մ.) կամ Պարսկաստանը, իսկ 1813 թ․ Ռուսական կայսրությունը: Ադրբեջան անվանումն էլ ոչ այլ ինչ է, քան հարևան պարսկական գավառի անունը, որը ընտրվել է որպես նորաստեղծ հանրապետության անվանում»2: Նույն ժամանակ Ազգերի լիգան արձանագրել է.
«ա. Ադրբեջան պետություն մինչև 1918 թ. գոյություն չի ունեցել,
բ. Ադրբեջան անվանումը պարսկական գավառներից մեկից փոխառնված անվանում է,
գ. հրաժարվում է ճանաչել Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը որպես միջազգային սուբյեկտ»3: Մինչդեռ լրիվ հակառակն էր Հայաստանի Հանրապետության դեպքում, որը նույն` 1920 թ․ իր փաստացի տարածքով (70.000 քառ. կմ) ճանաչվեց Ազգերի լիգայի կողմից:
Հայ-ադրբեջանական հարաբերությունները, սակայն, 1918 թվականից չէ, որ սկիզբ են առել։ Հայ և կովկասցի թաթար ժողովուրդները եղել են և՛ Պարսկական, և՛ Ռուսական կայսրությունների տիրապետության ներքո: Հենց Ռուսական կայսրության տիրապետության պայմաններում էր, որ իրանական տարրը թուլացնելու համար թյուրքական տարրն ուժեղացնելու քայլեր արվեցին․ «Գործի դրվեց տարածաշրջանի իրանազերծման քաղաքականությունը: Քաղաքական այդ ուղեգծի իրագործման համար կայսրությունը հենարան ընտրեց երկրամասում բոլորից ուշ հայտնված, փոքրաթիվ, բայց պարսիկի պոտենցիալ մրցակից թյուրքախոս բնակչությանը, որին «մկրտեց» կովկասյան թաթարներ (кавказские татары) անունով ու օժտեց տարբեր արտոնություններով»4:
1905-1907 թթ․ Ռուսական կայսրության հատուկ ծառայությունները հրահրեցին հայ-թաթարական բախումներ. «1905 թ․ փետրվարի 6-ին Բաքվում, տեղական իշխանությունների և անձամբ նահանգապետ Նակաշիձեի դրդմամբ, մոլեգնած թաթարները հարձակվեցին հայերի վրա: Հրդեհեցին հայկական թաղամասեր, կողոպտեցին հայերի գույքն ու կահ-կարասին»5: ՀՅԴ-ն ստանձնեց հայության ինքնապաշտպանության գործը. Նիկոլ Դումանը, Մարտիրոս Չարուխչյանը, Մկրտիչ Աղամալյանը, Հմայակ Ջանփոլադյանը, Աբրահամ Գյուլխանդանյանը, Վարդանը (Սարգիս Մեհրաբյան), Սեբաստացի Մուրադը (Խրիմյան), Քեռին (Արշակ Գավաֆյան), Համազասպը (Սրվանձտյան) ձևավորեցին ինքնապաշտպանական խմբեր: Քառօրյա արյունալի ընդհարումներից հետո խաղաղություն հաստատվեց, սակայն ցարական կառավարության հետադիմական ուժերի ջանքերով այդ բախումները տեղափոխվեցին նաև Անդրկովկասի այլ քաղաքներ:
1905 թ․ օգոստոսին արյունալի բախումները վերսկսվեցին Բաքվում, որոնց ընթացքում սպանվեց շուրջ 400 մարդ: Հրդեհվեցին հայերին պատկանող նավթահորերը. վնասը շուրջ 25 մլն ռուբլի էր: Նոյեմբերի 20-ին Բաքվում ծավալվեց հայ-թաթարական ընդհարումների 3-րդ ալիքը: Բախումներ տեղի ունեցան նաև Երևանի նահանգում և Նախիջևանում: Զինված հրոսակները 1905 թ. մայիսի 12-15-ը կողոպտեցին ու կոտորեցին հայերին: 182 հայապատկան խանութներից անվնաս մնացին միայն 4-ը: Տասնյակ հայկական գյուղեր ավերվեցին ու հրդեհվեցին, հայ ազգաբնակչությունն ունեցավ շուրջ 400 սպանված և վիրավոր: Բռնությունների ալիքը Նախիջևանից տեղափոխվեց Շարուր-Դարալագյազի գավառ, Զանգեզուրի և Ղարաբաղի շրջաններ: Կատաղի կռիվներ տեղի ունեցան Ելիզավետպոլի նահանգում և բոլոր այն վայրերում, որտեղ հայ ու թաթար խառը բնակչություն էր ապրում:
«Երևանի նահանգում ինքնապաշտպանական ուժերի ղեկավարությունը ստանձնեց Նիկոլ Դումանը, Արցախում այն գլխավորեցին Վարդանն ու Համազասպը, Զանգեզուրում՝ Քեռին, Թիֆլիսում՝ Արմեն Գարոն (Գարեգին Փաստրմաճյան): Նիկոլ Դումանի ընդհանուր հրամանատարությամբ կռվում էին հին ու նոր բազմաթիվ խմբապետներ՝ Սաքոն, Խեչոն, Դրոն, Ռաշիդը, Մուրադը, Սեպուհը, Առաքելը, Առյուծ Ավագը, Կոփեցի Մուշեղը, Կոտոյի Հաճին և ուրիշներ:
Երևանում ազգամիջյան արյունալի բախումներ տեղի ունեցան 1905 թ․ մայիսի 23-25-ը: Հայերի հակահարվածից հետո թաթարները, զգալի զոհեր տալով, այլևս չհամարձակվեցին նոր հարձակումներ ձեռնարկել»6:
Հայ-թաթարական կռիվներ տեղի ունեցան Շուշիում, Ասկերանում և Վարանդայում: Շուշիում բախումներն սկսվեցին 1905 թ․ օգոստոսի 7-ին և տևեցին մի քանի շաբաթ։ Դրանք կրկնվեցին նաև 1906 թ․ հունիսին: Թիֆլիսում բախումներ տեղի ունեցան 1905 թ․ նոյեմբերին: Շուրջ 500 հայ կամավորներ 3 օրվա ընթացքում (նոյեմբերի 22-25-ը) հակահարված տվեցին թաթար խուժանին և ապահովեցին Թիֆլիսի հայության (շուրջ 100 հզ.) անվտանգությունը: Թեև 1906 թ․ որոշ վայրերում բախումները կրկնվեցին, սակայն այլևս զանգվածային բնույթ չստացան և ավարտվեցին սեպտեմբերին:
Առավել հայատյաց ցարական պաշտոնյաների նկատմամբ ՀՅԴ-ն մահապատժի դատավճիռ կայացրեց: 1905 թ․ մայիսի 11-ին Բաքվի Պարապետի հրապարակում Դրոն ահաբեկեց Բաքվի հայության ջարդերի գլխավոր կազմակերպիչ նահանգապետ Նակաշիձեին: Հայոց վրիժառությունից չխուսափեցին նաև Բաքվի ջարդերի այլ կազմակերպիչներ` Մահմեդբեկովը, Միքելաձեն, Շահթախթինսկին: Ալեքսանդրապոլում Դրոն և Մարտիրոս Չարուխչյանը ահաբեկեցին Նախիջևանի կոտորածների կազմակերպիչ գեներալ Ալիխանով-Ավարսկուն: Նիկոլ Դումանի գլխավորությամբ կազմակերպվեց Երևանի նահանգի թուրքամոլ պաշտոնյա Կենգեռլինսկու հետապնդումն ու սպանությունը. վերջինս խրախուսել էր թաթարների վայրագությունները:
1905-1906 թթ․ հայ-թաթարական կռիվների ժամանակ ցարական շատ պաշտոնյաներ հիմնականում բացահայտ կամ ոչ լավ քողարկված կերպով աջակցում էին թաթարներին. «Կովկասի փոխարքայի գիտությամբ և հովանավորությամբ թաթար հրոսակները Ելիզավետպոլի և Բաքվի նահանգներում ստեղծեցին «Դիֆայի» («Պաշտպանություն») կազմակերպությունը, որի նպատակը Բաքվի մահմեդական կապիտալիստների օգնությամբ ողջ Ղարաբաղի հողերը գնելն էր՝ դրանք բացառապես մահմեդականներով բնակեցնելու համար. «Ղարաբաղը վերածել մուսուլմանական պրովինցիայի, զենքով և փողով պարտադրել ղարաբաղցիներին դուրս գալ այնտեղից», Ղարաբաղը դարձնել ադրբեջանական տարածք: «Դիֆային» զբաղվում էր ոչ միայն ահաբեկչությամբ, այլև մահասարսուռ թռուցիկներ էր տարածում՝ լուսնի վրա խաչվող 2 դաշույնների դրոշմով: Ի պատիվ ղարաբաղցիների՝ ոչ ոք չհամաձայնեց իր տունն ու տեղը թողնել մահմեդականներին և հեռանալ»7:
Այս իրադարձություններից հետո տասնամյակներ շարունակ ազգամիջյան թշնամանքն ու հակասությունները Ռուսական կայսրությունը զսպում էր ուժի միջոցով, սակայն կայսրության փլուզումից և 1918 թ․ մայիսի վերջերին այսրկովկասյան երեք հանրապետությունների կազմավորումից հետո այդ հակասություններն ու թշնամանքն առավել սրությամբ դրսևորվեցին: Միայն 1918 թ․ քարտեզի վրա հայտնված և հարևաններին տարածքային անհիմն պահանջներ ներկայացնող՝ արհեստականորեն Ադրբեջան կոչված պետությունը նկրտումներ ուներ ոչ միայն Իրանի ու Վրաստանի, այլև հիմնականում Հայաստանի տարածքների նկատմամբ: Երիտթուրք պարագլուխներից Էնվերի եղբոր՝ Նուրի փաշայի գործուն մասնակցությամբ ստեղծված Ադրբեջան պետությունը այս տարածաշրջանում Թուրքիայի պանթյուրքիստական նկրտումների արգասիքն ու դրանց իրագործողն է, և հենց պանթյուրքիզմի հեռահար նպատակներից ելնելով էր, որ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձեց զավթել հայկական Նախիջևանը, Արցախն ու Զանգեզուրը։ Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը հնարավոր բոլոր միջոցներով փորձում էր կանխել Հայաստանի այդ տարածքների զավթումը Ադրբեջանի կողմից, ինչն իրականացավ միայն 1920 թ․ դեկտեմբերի 2-ին Հայաստանի խորհրդայնացումից հետո:
Մինչդեռ մինչև Հայաստանի խորհրդայնացումը Ադրբեջանի հեղկոմը հանդես էր եկել մի հայտարարությամբ, որով հրաժարվում էր Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի նկատմամբ ունեցած հավակնություններից.
«Ադրբեջանը հրաժարվում է «վիճելի» տարածքներից, և տարածքային հարցերը չեն կարող երկու ժողովուրդների` «հայերի և մահմեդականների» միջև արյունահեղության պատճառ դառնալ։ Հռչակագրով Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը Զանգեզուրի և Նախիջևանի գավառները ճանաչել է Խորհրդային Հայաստանի անբաժանելի մաս, իսկ Լեռնային Ղարաբաղի աշխատավոր գյուղացիությանը տվել ինքնորոշման իրավունք, պարտավորվել դադարեցնել ռազմական գործողությունները Զանգեզուրում և ադրբեջանական զորքերը դուրս հանել երկրամասից։ 1920-ի նոյեմբերի 30-ին հրապարակվել է նաև Խորհրդային Ադրբեջանի հեղկոմի նախագահ Ն. Նարիմանովի և արտաքին գործերի ժողկոմ Հուսեյնովի դիմում-ուղերձը՝ Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը Խորհրդային Հայաստանին վերամիավորելու մասին։ Դիմում-ուղերձում Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերացված են սահմանային վեճերը, և այդ օրվանից Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը համարվում են Խորհրդային Հայաստանի անբաժան մասերը: Ադրբեջանի հեղկոմի 1920-ի նոյեմբերի 30-ի հռչակագրի, «Հայաստանի ու Ադրբեջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունների կառավարությունների միջև եղած համաձայնության», ինչպես նաև Ռուսաստանի կոմունիստական (բանվորական) կուսակցության կենտկոմի Կովկասյան բյուրոյի 1921-ի հունիսի 3-ի որոշման հիման վրա՝ Խորհրդային Հայաստանի ժողկոմխորհը 1921-ի հունիսի 12-ին Լեռնային Ղարաբաղը հայտարարել է ՀԽՍՀ անբաժան մաս։ Հայտնվելով մի կողմից թուրքական բացահայտ ռազմական ճնշման, մյուս կողմից՝ խորհրդայնացման անխուսափելիության առաջ՝ Հայաստանի կառավարությունը տեղի տվեց: Կառավարության, Դաշնակցության բյուրոյի և խորհրդարանի դաշնակցական ֆրակցիայի համատեղ խորհրդակցությունում որոշվեց ընդունել ռուսական առաջարկը: Մյուս կողմից` վտանգավոր զարգացումներից խուսափելու համար Ալ. Խատիսյանի պատվիրակությանը լիազորվեց ընդունել թուրքական պայմանները և ստորագրել հաշտության պայմանագիրը: Դեկտեմբերի 1-ին, երբ Հայաստանը դեռևս խորհրդայնացած չէր, Երևանում տեղի է ունենում խորհուրդների հանդիսավոր նիստը, որտեղ Գ. Օրջոնիկիձեն խոսում է Արցախը, Զանգեզուրն ու Նախիջևանը Հայաստանին թողնելու մասին. «Ինչ որ Զանգեզո՛ւր, անբերրի լեռներ, ո՛չ հաց կայ, ո՛չ ջուր: Այնտեղ ոչինչ չկայ: Ինչ որ Նախիջեւան ճահիճ, մալարիա եւ ուրիշ ոչինչ: Ինչ որ Լեռնային Ղարաբաղ: Ի՞նչ կայ այդ Ղարաբաղում: Ոչի՛նչ չկայ: Եւ ահա ընկ. Նարիմանովն ասում է. «Դրանք ձե՛զ վերցրէք: Այդ անբերրի հողերը վերցրէք Հայաստանի համար»»8:
Ադրբեջանա-բոլշևիկյան այս ներկայացումը նպատակ ուներ արագացնելու Հայաստանի խորհրդայնացումը՝ վստահեցնելով, որ Հայաստանը տարածքային կորուստներ չի ունենա: Եվ ահա դեկտեմբերի 2-ին կնքվում է Հայաստանի խորհրդայնացման պայմանագիրը, որով Հայաստանը հռչակվում է «խորհրդային սոցիալիստական հանրապետություն»:
Հայաստանի տարածքի բզկտումը սկսվեց նրա խորհրդայնացումից հետո: 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով Հայաստանը կորցրեց մի շարք տարածքներ: Նույն թվականի հուլիսի 5-ին Արցախն ապօրինաբար կցվեց Ադրբեջանին, Կարսի պայմանագրով Նախիջևանն արդեն տրվել էր այդ երկրին, և Հայաստանին մնաց միայն Զանգեզուրը, այն էլ` Նժդեհի գլխավորությամբ մղված երկարատև ու հերոսական պայքարի շնորհիվ:
1988-1994 թթ. Արցախյան շարժման և պատերազմի շնորհիվ հայ ժողովուրդն ազատագրեց 1921 թ. հուլիսի 5-ին Ստալինի և բոլշևիկ այլ պարագլուխների ճնշմամբ և Կաբյուրոյի որոշմամբ Ադրբեջանին բռնակցված Արցախը, որը յոթ տասնամյակ շարունակ Ադրբեջանը ապարդյուն փորձում էր հայաթափել։ Հայությունը հերոսական պայքարի շնորհիվ ազատագրեց և ավելի քան երկու տասնամյակ շենացրեց Արցախը, և թվում էր, որ Արցախի ազատագրումն ու Հայաստանի անկախությունը անշրջելի իրողություն են, բայց այն, ինչ տեղի ունեցավ 2020 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, սառը ցնցուղ էր պարտությունների էջը փակած հայության կամ գոնե նրա մի հատվածի համար։ Պատերազմի ընթացքում 44 օր հաղթանակի վերաբերյալ հավաստիացումներ լսող հանրությանը 2020 թ․ նոյեմբերի 20-ին թիկունքից դաշույնի հարված հասցրեց Հայաստանի՝ Ադրբեջանի ձեռքին գործիք դարձած ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը: 2020 թ. նոյեմբերի 9-ին հայ ժողովրդի թիկունքում կնքվեց, այսպես կոչված, հրադադարի համաձայնագիր, որը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Համաձայնագրի կետերի մասին բազմիցս խոսել ենք, ուստի դրանք ևս մեկ անգամ մեջբերելն ավելորդ ենք համարում, միայն հիշեցնենք, որ այս փաստաթղթով Հայաստանը ոչ միայն կորցրեց Արցախի տարածքի 75 %-ը, այլև թուրքը, ավելի քան հարյուր տարի առաջ նախ Արամի, հետո Նժդեհի շնորհիվ վիժեցված պանթյուրքիզմի ծրագրին հետամուտ, հայտնվեց իր համար անհասանելի երազանք դարձած Զանգեզուրում: Շուշիի և Արցախի կորստով Հայաստանի Հանրապետությունը կանգնած է կործանման վտանգի առաջ, քանի որ ՀՀ դարպասները բացված են թշնամու առաջ, թշնամին, փաստորեն, նոյեմբերի 9-ից հետո առանց ջանք թափելու ստանում է այն ամենը, ինչ ուզում է՝ Սոթք, Որոտան, Երասխ, Նոր Այգեձոր, Կութ, և ՀՀ այլ գյուղերին իշխող բարձունքները առանց դիմադրության հանձնվել են թշնամուն: Այս ամենով չբավարարվելով` թշնամին պահանջում է միջանցք Մեղրիով, ինչը կկտրի Հայաստանի Հանրապետությունը Իրանի Հանրապետությունից և օղակի մեջ կվերցնի Հայաստանը:
Հայ-ադրբեջանական հարաբերությունները թևակոխել են մի նոր՝ հայության համար չափազանց ծանր փուլ, երբ հերթական անգամ խաղասեղանին դրված է Հայաստանի ու հայության լինել-չլինելու հարցը, որի պատասխանը պետք է տա ի՛նքը` հայ ժողովուրդը, առաջիկա մեկ տարում թուրք-ադրբեջանական տանդեմի ու նրան դաշնակից Հայաստանի իշխանությունների վերաբերյալ իր դիրքորոշումը հստակեցնելիս:
Հղումներ
1. http://www.historyofarmenia-am.armin.am/am/Encyclopedia_of_armenian_history_HH_Ankaxutyan_hrchakumy.
2. http://www.hhk.am/hy/news/item/2019/10/07/Sharmazanov1368/.
3. Նույն տեղում:
4. Մանասյան Ա., Ինչո՞ւ ադրբեջանական հանրապետության ցեղասպանական վարքը արտացոլված չէ նրա քաղաքական նկարագրում, http://ysu.am/files/02A_Manasyan-1545980753-.pdf, էջ 22:
5. https://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1276.
6. Նույն տեղում:
7. Նույն տեղում:
8. Վրացեան Ս., Հայաստանը բոլշեւիկեան մուրճի եւ թրքական սալի արանքում, Պէյրութ, 1953, էջ 127-128:
Օգտագործված գրականության ցանկ
1. Վրացեան Ս., Հայաստանը բոլշեւիկեան մուրճի եւ թրքական սալի արանքում, Պէյրութ, 1953:
Համացանցային նյութեր
1. http://www.historyofarmenia-am.armin.am/am/Encyclopedia_of_armenian_history_HH_Ankaxutyan_hrchakumy.
2. http://www.hhk.am/hy/news/item/2019/10/07/Sharmazanov1368/.
3. Մանասյան Ա., Ինչո՞ւ ադրբեջանական հանրապետության ցեղասպանական վարքը արտացոլված չէ նրա քաղաքական նկարագրում, http://ysu.am/files/02A_Manasyan-1545980753-.pdf:
4. https://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1276
Անի Մելքոնյան