|
Փոխարժեքներ
26 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.31 |
| EUR | ⚊ | € 439.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.8182 |
| GBP | ⚊ | £ 500.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.98 |
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նոյեմբերի 25-ին կայացած «Կամեցողների կոալիցիայի» հանդիպումից հետո հայտարարել է վերջին օրերին ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում «կայուն և խրախուսող առաջընթացի» մասին։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
Նա նաև նշել է, որ տեսակոնֆերանսի մասնակիցները ողջունել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ներկայությունը քննարկմանը։
«Մեզ հարկավոր է ուժեղ անդրատլանտյան համագործակցություն, որովհետև այն արդյունքներ է տալիս։ Որպես օրինակ բերենք Ռուսաստանի տնտեսության դեմ մեր համակարգված և հաջորդական պատժամիջոցների ալիքների զգալի ազդեցությունը։ Դրանք կրճատում են Ռուսաստանի ռեսուրսներն ագրեսիվ պատերազմը վարելու համար։ Եվ քանի որ ճնշումը մնում է միակ լեզուն, որին Ռուսաստանն արձագանքում է, ապա մենք կշարունակենք այն մեծացնել մինչև լինի խաղաղության հասնելու հավաստի ուղու վրա կանգնելու իրական պատրաստակամություն», - գրել է ֆոն դեր Լայենը։
Նա հավելել է, որ Եվրոպան և նրա գործընկերները լիովին ներգրավված են արդար և կայուն խաղաղություն գտնելու հարցում։ Եվրահանձնաժողովի նախագահը նաև ընդգծել է, որ այս ամենի ֆոնին Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինային, իսկ հրթիռները և անօդաչու թռչող սարքերը «խախտում են Մոլդովայի և Ռումինիայի օդային տարածքը»։
«Սա ևս մեկ հիշեցում է, որ Ուկրաինայի անվտանգությունը Եվրոպայի անվտանգությունն է։ Ուկրաինայի շահերը մեր շահերն են։ Դրանք անբաժանելի են», - նշել է նա՝ հավելելով, որ Եվրոպան կշարունակի կանգնած մնալ Կիևի կողքին առաջիկա բանակցություններում։
Նա քննարկումների գլխավոր հարց է անվանել Ուկրաինայի ֆինանսավորումը, այդ թվում՝ ռուսական սուվերեն ակտիվների միջոցով։