Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետը փախստականների վերադարձի մասին Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ վերաբերում է բացառապես հայ փախստականների վերադարձին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։
Իր այս համոզումը նա բացատրեց հանգամանքով, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերաբերում է միայն հրադադարին, ոչ թե կոնֆլիկտի լուծմանը, այն չի կարող փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի որևէ օղակի։ Այս պատճառով էլ, ըստ այդ հայտարարության, իրենց տները պետք է վերադառնան հենց 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից Արցախի դե ֆակտո կայացած հանրապետության դեմ տարված պատերազմի ընթացքում ձևավորված փախստականներն ու ներքին տեղահանվածները, իսկ դրանք հայերն են։
«Այն, որ Քարվաճառ, Քաշաթաղ, Ակն և այլ տարածքներ առանց կրակոցի տրվեցին՝ տրվեցին ուժի սպառնալիքի տակ, որը չի ընդունվում միջազգային հանրության կողմից։ Վերադառնալու են 2020 թ-ին ձևավորված փախստականները և ներքին տեղահանվածները․ քանի որ գրված է Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ, ապա Ղարաբաղին հարակից 7 շրջաններում ապրում էին Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականներ, և սպառնալիքի տակ նրանց ստիպեցին, որպեսզի հեռանան Քարվաճառից, Քաշաթաղից կամ պատերազմական իրավիճակում Վարանդայից և այլն, նրանք պետք է վերադառնան»,-ասաց Մարիամ Ավագյանը։
Մանավանդ որ այս մարդիկ, փաստորեն, մի քանի անգամ են տեղահանվել՝ նախ իրենց բնիկ հողերից, որոնք այսօր Ադրբեջան են դարձել՝ Բաքվից, Գանձակից, Սումգայիթից, Շահումյանից և այլն, հետո էլ ևս մեկ անգամ տեղահանվեցին արդեն Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից։
«Բաքվի ցեղասպան քաղաքականությունն արտահայտվեց, ասենք, Հադությում, ուր Բենիկն ու Լենան էին․ Բենիկի մարմինը մինչև հիմա չեն գտել, Լենայի գլուխն էր կտրված, Բաքվից փախստական էին՝ Հադրութում ծվարել էին և ցեղասպանը նրանց գտավ արդեն մեկ էլ Հադրութում»,-ասաց Մարիամ Ավագյանը։
Փախստականները Սումգայիթից, Շահումյանից, Բաքվից, Գանձակից, Վարանդայից փախածներն են, իսկ ներքին տեղահանվածները նրանք են, որոնք Հադրութից, Շուշիից, Ստեփանակերտից, նաև Քարվաճառ, Քաշաթաղից տեղահանվեցին, նշեց նա, այս երկու կարգի խմբերի իրավունքներն էլ պարտավոր ենք պաշտպանել, որովհետև սա և՛ հումանիտար, և՛ քաղաքական խնդիր է, և այստեղ մենք պարտվելու իրավունք չունենք։
Նույնիսկ ԵԽԽՎ բանաձևի նախագծի մեջ խոսվում է, որ 650 հազար ադրբեջանցի փախստական պետք է վերադառնա 7 շրջաններ, ասաց Մարիամ Ավագյանը, այնինչ եթե թուրքին մենք այդ հնարավորությւոնը տվեցինք, որ պատերազմով այդ լուծումը տա, վաղը-մյուս օրը նա թուրք է մտցնելու նաև Ստեփանակերտ, Իվանյան և այլ վայրեր։
Հայ փախստականների թիվը, նրա գանահտմամբ, ավելի քան 850 հազար է, միայն 500 հազարը՝ Բաքվից։ Այս մասին հենց Մութալիբովն է հայտարարել, որ 1988-ի նախօրեին Բաքվում 500 հազար հայ էր ապրում, այն էլ՝ ի՜նչ բնակարաններում։ Իսկ նա այս թիվը հստակ գիտեր, քանի որ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբաթ գծով հստակ Ցեղասպանություն էր ծրագրված։
Այսօր էլ Ադրբեջանի տարածքում ապրող և աճած սերունդը Ցեղասպանություն իրականացնելու շատ լավ գործիք է, ասաց Մարիամ Ավայանը, հայատյացությունը այնտեղ այն աստիճանի է հասել, որ նրանց համար ոչինչ չարժե հային Ցեղասպանել, ընդամենը նպաստավոր պայմաններ են պետք։
«1990 թ-ի փետրվարի 13-ին Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն Խորհուրդը ընդունել է որոշում այն մասին, որ Ադրբեջանի տարածքում հայերի նկատմամբ բռնությունները Ցեղասպանության շարունակություն են։ Այս մասին պետք է խոսել։ Այսօր ՀԱԱԳԱ-յի դատարանի որոշումն էլ ցույց է տալիս, որ Ադրբեջանում պետական մակարդակով քարոզվում է հայատյացություն, որը Ցեղասպանության կարևոր նախապայման է»,-նկատեց Մարիամ Ավագյանը։
Նա ընդգծեց, որ մենք հնարավորություն պետք է տանք, որ ՄԽ համար բանակցային գործընթացը սկսվի 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից առաջվա տրամաբանությամբ, երբ խոսվում էր, որ կոնֆլիկտը պետք է լուծվիի խաղաղ ճանապարհով։
Այսինքն, եթե այսօր աշխարհը մեր օգնությամբ հնարավորություն տա, որ Իլհամը իր «ձեռքբերումները» վերահաստատի, ապա աշխարհում կստեղծվի մի շատ վտանգավոր նախադեպ, որ ցանկացած կոնֆլիկտ կարելի է լուծել պատերազմով , ում հետ ինչ պրոբլեմ ունես՝ պատերազմով լուծես այն դեպքում, որ ուժի չկիրառման սկզբունքը միջազգային կարևորագույ սկզբունքներից է։ Այս պատճառով էլ պետք է ստիպենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ դրույթը տարածվի բացառապես 44-օրյա պատերազմում ձևավորված փախստականների և ներքին տեղահանվածների վրա, որոնք բացառապես հայերն են։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․