կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-11 00:22
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիրիայից քրդական ինքնապաշտպանությունը կարող է հասնել Թուրքիայի քրդաշատ շրջաններ. Ջավադ Քարմո Բեյրանի

Թուրքիան  տարիներ ի վեր մտադիր է գրավել Մոսուլ  և Հալեպ քաղաքները՝ պնդելով, որ դրանք թուրքական հողեր են. Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրույցում ասաց Իրաքի պատմաբանների միության նախագահ, դոկտոր Ջավադ Քարմո Բեյրանին՝ մեկնաբանելով Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիսային շրջաններ:

Նա հիշեցրեց, որ Թուրքիան խախտում է նաև Իրաքի տարածքային ամբողջականությունը՝  սկսած Դավութօղլուի ժամանակաշրջանից մինչև Էրդողանի կառավարման տարիները:

«Կարծում եմ, որ այս ամենը թակարդ է, որն Էրդողանին վատ տեղ կհասցնի. ի վերջո, այս ռազմական գործողությունն էլ  կավարտվի  Աֆրինի գործողությունների պես»,- ասաց Բեյրանին:

Բոլոր ակնկալիքները, նրա խոսքով, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստից են:

Ջավադ Քարմո Բեյրանին ընդգծեց փաստը, որ տարածաշրջանի  բոլոր երկրները դատապարտել են Թուրքիայի ռազմական գործողությունները Հյուսիսային Սիրիայում՝ սկսած արաբական երկրներից.  նույնիսկ Սիրիան, որը տարածքային ամբողջականության խնդիր ունի այդ շրջաններում, Արաբական երկրների միությունը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Իրանը, ինչպես նաև Ռուսաստանը և ԱՄՆ-ը, որոնք նաև պատժամիջոցներ են կիրառում Թուրքիայի հանդեպ:

«Պետք է նշել, որ քրդերը պատրաստ են  ինքնապաշտպանության, և այդ շարժումը  կարող է տարածվել  նաև Հարավային Թուրքիայի քրդաշատ շրջաններ: Թուրքիան այս ամենն անում է իր ներքին խնդիրներից  հանրության ուշադրությունը շեղելու համար, ներքին տագնապից դուրս գալու համար հարվածներ է հասցնում  հարևան երկրներին»,-նկատեց քրդական հարցի ուսումնասիրող պատմաբանը:

Այս ամենը, նրա խոսքով,  շատ վատ հետևանքների կբերի. առաջիկա օրերին կպարզվի՝  ինչ վտանգների կհանգեցնի  Թուրքիայի հանդեպ քաղաքականության հարցում: