կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-03 14:50
Մշակույթ

Վերահրատարակվել է Ռ. Տեր-Մինասյանի հույժ արդիական աշխատություններից մեկը

Վերահրատարակվել է Ռ. Տեր-Մինասյանի հույժ արդիական աշխատություններից մեկը

Վերահրատարակվել է Ռ. Տեր-Մինասյանի հույժ արդիական գրքերից մեկը՝ «Հայաստանը միջցամաքային ուղիների վրա» կապիտալ աշխատությունը: Այն կարևոր է հատկապես աշխարհաքաղաքական կողմնորոշումների առումով և ամբողջական պատկերացում է տալիս մեր տարածաշրջանի ու Հայկական լեռնաշխարհի պատմաքաղաքական անցյալի և ընթացող իրադարձությունների մասին: Աշխատությունը հասկանալի ու մատչելի դարձնելու նպատակով հրատարակվում է ժամանակակից ուղղագրությամբ:

Ստորև ներկայացնում ենք այդ կարևոր աշխատության վերահրատարակիչ Գագիկ Սարգսյանի ամփոփ նախաբանը գրքի երրորդ հրատարակության առիթով:  

Ռուբեն Տեր-Մինասյանի «Հայաստանը միջցամաքային ուղիների վրա» աշխատությունը գրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Այն առաջին անգամ տպագրվել է Բեյրութում 1948 թվականին, իսկ երկրորդ անգամ՝ 1982 թվականին Թեհրանում։

Հեղինակի սույն աշխատությունը, ըստ էության, հանդիսանում է մեր տարածաշրջանի, մասնավորապես՝ Հայաստան աշխարհի աշխարհաքաղաքական վերլուծության առաջին հաջողված փորձը: Ռուբենը նախքան հայկական լեռնաշխարհին անդրադառնալը մանրամասն ներկայացնում է եվրոպական և ասիական երկրների, հիմնականում հզոր խաղացողների շահերն ու նկրտումները, Ասիան Եվրոպային կապող ճանապարհների, Արևելքի և Արևմուտքի պատմաքաղաքական անցյալի, հակադրության մրցակցության հիմնական պատճառներն ու շեշտադրումները և այդ ամենի համատեքստում՝ մեր հայկական շահերն ու անելիքները։

Հայկական լեռնաշխարհը Ռուբենը ներկայացնում է որպես բերդ-ամրոց և գիտականորեն հիմնավորում այդ բերդ-ամրոցի կարևորությունը նրան շրջապատող մերձավորարևելյան ու կովկասյան երկրների անվտանգության հարցում: Կա հայկական բերդը, որը անվտանգության պատնեշ է հարևան երկրների համար, ուրեմն կա խաղաղություն հարևան երկրներում, կա խաղաղ գոյակցություն Մերձավոր Արևելքում՝ ընդհանրապես։ Ռուբենի կատարած աշխարհաքաղաքական վերլուծությամբ գիտականորեն հիմնավորվում է Միացյալ Հայաստանի ստեղծման ու աշխարհասփյուռ հայությանը նույն հարկի տակ միավորելու՝ մեր անքակտելի իրավունքը, և դա էլ այս բարձրարժեք աշխատության հիմնական մեխն է ու նպատակը։

Գրված լինելով 75 տարի առաջ՝ այն այսօր էլ ավելի քան արդիական է. նույն խաղացողները, գրեթե նույն շահերն ու նպատակները: