կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-11 12:07
Մշակույթ

Վերահրատարակվել է «Եղբայրական օգնություն հայերին» ժողովածուն

Վերահրատարակվել է «Եղբայրական օգնություն հայերին» ժողովածուն

115 տարի առաջ՝ 1898 թ. Մոսկվայում երկրորդ հրատարակությամբ լույս է տեսել «Եղբայրական օգնություն հայերին» ժողովածուն, որին ժամանակակիցները բնութագրել են որպես «Գիրք-սիմֆոնիա», «Գիրք-հանրագիտարան», «Մատյան արյան և արցունքի»: Ժողովածուի ստեղծման բուն շարժառիթը 19-րդ դարավերջին Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածներն էին, որոնք հասարակությանը ներկայացվում էին խեղաթյուրված:

 

Անհրաժեշտ էր ոչ միայն հակահարված տալ, այլև Ռուսաստանի լայն հասարակությանը և կառավարական շրջաններին ընթացիկ իրադարձությունների մասին ներկայացնել ամբողջ ճշմարտությունը, ինչպես նաև գիտնական այրերի գրչով լուսաբանել հայ ժողովրդի անցած դարավոր ուղին, վեր հանել նրա ստեղծած մշակութային անկրկնելի արժեքները, հայորդիների ծառայությունները համաշխարհային քաղաքակրթությանը, քրիստոնեկան բարձր մարդասիրական արժեքներին: Այդ առաքելությունը վիճակված էր իրականացնել «Եղբայրական օգնություն հայերին» ժողովածուին:

 

Բազմածրագիր, բազմանպատակ կոթողային ժողովածուի նախաձեռնողը, կազմողը, խմբագիրը, առաջաբանի և մի շարք հոդվածների, այդ թվում նաև բանաստեղծությունների հեղինակը (Ա. Վետով, Գ. Միրով ծածկանուններով) և գրքի ամբողջ տպաքանակի իրացնողը ժամանակի հանրահայտ ռուսագիր հրապարակախոս, գրող, իրավագետ, «Ռուսսկիե վեդեմոստի» թերթի հրատարակիչ-խմբագիր Գրիգոր Ավետիքի Ջանշյանն (Ջանշիև) էր: «Եղբայրական օգնություն հայերին» գիրքը մինչև օրս անգերազանցելի է իր մտահղացմամբ, բազմակողմանի-հանրագիտարանային բովանդակությամբ, օտարերկրացիների՝ հայկական կոտորածներին վերաբերող անկողմնակալ գնահատականի մատուցմամբ և վերջապես՝ գեղարվեստական ձևավորմամբ, հրատարակչական-տպագրական, կազմարարական բարձր որակով: Գրքի նախագիծը մշակելիս կազմողը որոշել է առաջին հերթին հեղինակային կազմի մեջ ներգրավել ժամանակի ռուս մեծ գրողների (Լ. Տոլստոյ, Ա. Չեխով և ուրիշներ), գիտնականների, արվեստագետների, իրավագետների, կովկասագետների, հայագետների. նրանց մասնակցությունը և խոսքը համոզչություն ու գիտականություն են հաղորդում հայանպաստ ծրագրի իրագործմանը: Ժողովածուն ռուս ընթերցողին հաղորդակից է դարձրել հայ ժողովրդի դարավոր պատմությանը, լեզվին, ինքնատիպ մշակույթին, արվեստին, ճարտարապետությանը, նիստուկացին:

 

Գ. Ջանշյանի բուն նպատակն էր կոտրել հայության մասին ստեղծված այն կարծրատիպերը, որոնք լայնորեն տարածել և տարածում էին հայատյաց գրչակները: Ժողովածուին իր մասնակցություն է բերել ծովանկարչի հետևորդ Մանուկ Մահտեսյանը, իսկ գրքի նկարազարդման լայն աշխատանքը, որ կատարել է հայ մեծանուն նկարիչ Վարդգես Սուրենյանցը վեր է ամեն գնահատականից: Ձևավորման աշխատանքներին զուգահեռ նա գրքի տարբեր բաժինների համար ստղծել է անկրկնելի գլխազարդեր, վերջնազարդեր, լուսանցազարդեր և թռչնագիր տառեր: Առանց չափազանցության կարելի է ասել, որ Վարդգես Սուրենյանցի ձևավորումները անվերապահորեն կարելի է կոչել հայ գրքի նկարազարդման աստեղային ժամ:

 

Օրերս «Եղբայրական օգնություն հայերին» ժողովածուն վերահրատարակվել է: Գրքի վերահրատարակության գաղափարը ծնվել է, երբ գրականագետ, «Հայագիտակ» հրատարակչության հիմնադիր Ալբերտ Իսոյանը, ԵՊՀ պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը և պատմաբան, ՀՀ կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը հրատարակության էին պատրաստում «Սև գիրք. նշանավոր օտարերկրացիները թուրքական ոճիրների և Հայոց ցեղասպանության մասին» ժողովածուն, որի նախատիպը բազում առումներով այս կոթողային ժողովածուն է: