կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-27 20:17
Քաղաքական

Թո՛ղ ների ինձ Ռոբերտը, որ սա հրապարակում եմ․ Պետրոսյանը հոկտեմբերի 27-ից մանրամասներ է հայտնում

Նորանկախ Հայաստանի 4 ղեկավարները. Yerkir.am-ը բացառիկ հարցազրույց է ունեցել գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Ալվարդ Պետրոսյանի հետ։

Մաս 1. Ռոբերտ Քոչարյան

Հոկտեմբերի 27-ից հետո ստահակների մի ամբողջ խումբ պատրաստվում էր օգտվել  Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքից: Կեղտոտ, եղկելի մի առեւտուր էր գնում, վերջնագիր էր ներկայացվել Ռոբերտ Քոչարյանին․ շանտաժ էր, թելադրում էին, թե վարչապետ, պաշտպանության նախարար ով պետք է դառնա։ Զզվելի էր, դեռ Վազգենի արյունը չէր չորացել. Yerkir.am-ի հետ զրույցում պատմում է գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը՝ մանրամասներ հայտնելով հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակի մասին։

Պետրոսյանի խոսքով՝ դավադրությունների մի ամբողջ շարք էր ծրագրվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, մինչդեռ Վազգեն Սարգսյանի եւ մյուս պետական գործիչների սպանությունը ձեռնտու էր այն ուժերին, որոնք ձգտում էին իշխանության եւ այսօր պահում են Նիկոլ Փաշինյանին։

«Ձեռքի հետ նաեւ Դաշնակցության վրա էին բարդում այդ Եղեռնի ամբողջ մեղքը. անհեթեթություն էր: Ես եւ իմ ընկերները գտնում էինք, որ պետք է Ռոբերտին պաշտպանենք, որովհետեւ ուրիշ խաղեր էին գնում»,- ասում է նա։

Պետրոսյանը շեշտում է՝ նույն կեղտոտ քաղաքական խաղերը նաեւ հիմա են գնում՝ շահարկում են հոկտեմբերի 27-ը:

«Ռոբերտը թող ինձ ների, որ ես սա հրապարակում եմ. զարմանալիորեն տեսել եմ նրա աչքից հոսող արցունքի կաթիլ, առանձին զրուցում էինք, ասաց․ «Ալվա՛րդ, իմ ամբողջ մեղքը նրանում է, որ ես չսպանվեցի»։ Զանգահարում էր տիկին Բելլան, ասում էր՝ ո՞ւր ես: Այնքան մենակ էին իրենց զգում եւ անորոշ: Հետո Դաշնակցությունը հայտարարեց, որ սատարելու է Ռոբերտ Քոչարյանին: Բոլորս շոկի մեջ էինք, այնքան շփոթված էինք, այնքան ծանր էր մեզ համար: Վազգենի սպանությունը ձեռնտու էր նրանց, ովքեր իշխանության էին ձգտում, ովքեր հիմա Նիկոլին պահում են։ Հիմա արգահատանքով նայում եմ Վազգենի եղբոր՝ Արամ Սարգսյանի հրապարակային ելույթները եւ զարմանում՝ սա որտեղի՞ց եկավ, ի՞նչ կապ ունի Վազգենի հետ»,-նշում է նա:

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների արդյունավետությունից՝ Պետրոսյանը շեշտում է՝ Սերժ Սարգսյանը ՀՀ երկրորդ նախագահից ժառանգել է կայուն պետություն:

«Երբ Ռոբերտն արդեն նախագահ չէր, ասացի՝ սուպերմենների ժամանակը գնաց, հիմա շախմատիստների ժամանակն է: Նա փոխանցեց խիստ կայուն երկիր: Հիմա, երբ բամբասում եւ շահարկում են՝ նախկինները-նախկինները, զզվելի է: Երկիրը կայուն էր, Հայաստանն ամենակայուն երկրներից մեկն էր տարածաշրջանում, թերեւս՝ միակը, եւ ես հիմա կարոտով հիշում եմ, թե ինչպես էի ես հպարտանում դրանով: Ռոբերտն ամուր, կամային հատկանիշներ ուներ, բայց միայնակ տեսակ էր, եւ երեւի թե դա էր պատճառը, որ կուսակցություն չուներ: Ռոբերտի ժամանակ ես հպարտ էի, որ իմ երկիրը կամային, ուժեղ անհատականություն ունեցող տղամարդ է ներկայացնում»,- ասում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիանա Սարգսյան