Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեն «Այբ» կրթական հիմնադրամի դեմ քրեական գործի վարույթը կարճելու որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Այբ» կրթական հիմնադրամը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Խոսքը 2018 թվականին ԿԳ նախարարի հայտնի հայտարարությունից սկիզբ առած և մոտ մեկ տարի առաջ ընթացք ստացած քրեական գործի մասին է` «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանակում «հնարավոր չարաշահումների» վերաբերյալ: ՀՀ քննչական կոմիտեի կայացրած որոշումը հստակորեն փաստում է, որ «Այբ»-ի կատարած որևէ անօրինական գործողություն չի հայտնաբերվել:
Ավելի քան երեք տարի պետական ամենատարբեր կառույցներ, նույնիսկ իրավապահ մարմինները հետապնդում իրականացրին «Այբ»-ի նկատմամբ: Բազմաթիվ ստուգումների և քննության արդյունքը ցույց տվեց այն, ինչ ի սկզբանե բացահայտ էր բոլորի համար` «Այբ»-ում չարաշահումներ չկան:
Ստիպված ենք արձանագրել, որ զգալի պետական ռեսուրսի իրացում պահանջվեց` հերքելու Արայիկ Հարությունյանի ակնհայտ անհիմն ու կանխակալ հայտարարությունները։ «Այբ» համայնքը այսպիսի պայմաններում ոչ միայն պայքարել է իր անվան և իր ստեղծած «Արարատյան բակալավրիատ» ծրագրի նկատմամբ հարձակումների դեմ, այլև առանց կանգ առնելու, հետևողականորեն շարունակել ներդրումներ կատարել, պահպանել և զարգացնել Արարատյան բակալավրիատը` Հայաստանի Հանրապետության և Արցախի աշակերտներին այն հասանելի դարձնելու նոր հնարավորություններ փնտրելով:
Հարկ է արձանագրել, որ Արարատյան բակալավրիատն առ այսօր միակ հայալեզու կրթական ծրագիրն է, որն ունի միջազգային ճանաչում և համարժեք է բրիտանական A Level և ամերիկյան Advanced Placement որակավորումներին: Ցավոք, ՀՀ ԿԳ նախարարությունը 2018 թ. առանց որևէ հիմնավորման կասեցրեց Արարատյան բակալավրիատի ներդրումը ՀՀ պետական դպրոցներում, և այդ ամենի հետևանքը եղավ այն, որ Հայաստանի մարզերում և Արցախում բազմահազար աշակերտներ զրկվեցին համաշխարհային ամենաբարձր չափանիշներին համապատասխան այդ ծրագրով անվճար սովորելու հնարավորությունից` առանց համարժեք այլընտրանք ունենալու:
Փոշիացվեցին ծրագրի իրականացման նպատակով պետության և «Այբ» հիմնադրամի ներդրած հսկայական ֆինանսական միջոցներ ու բազմաթիվ մասնագետների կատարած մտավոր ներդրումները: Մեր զավակներին պատճառված այս աններելի վնասի և դրա հետևանքների վերացման ուղղությամբ «Այբ» հիմնադրամը հետևողականորեն իրականացրել և իրականացնելու է օրենքով նախատեսված բոլոր գործողությունները: