կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-13 17:13
Տարածաշրջան

Էրդողանը չի հանդուրժում վիրավորանքներ. Թուրքիայում բանտարկել են Էրդողանի դիմանկարը գետնին գցողին

Էրդողանը չի հանդուրժում վիրավորանքներ. Թուրքիայում բանտարկել են Էրդողանի դիմանկարը գետնին գցողին

Թուրքիայի սեւծովյան Զոնգուլդաք նահանգի Էրեղլի քաղաքում ձերբակալվել է քաղաքացի Ա.Շ.-ն երկրի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարը գետնին նետելու համար։ Երկու օր անց դատարանի որոշմամբ նա կալանավորվել է. հայտնում է Bianet լրատվական գործակալությունը։

Դեպքը տեղի է ունեցել անցյալ ուրբաթ՝ դեկտեմբերի 10-ին։ Քաղաքացին գնացել է նշված նահանգի փոխնահանգապետի գրասենյակ և գետնին շպրտել Թուրքիայի նախագահի լուսանկարը, որը կախված է եղել շենքի մուտքի մոտ։ Անմիջապես դեպքի վայր ժամանած ոստիկանական ջոկատը բերման է ենթարկել «հարձակվողին» և տեղափոխել մարզային անվտանգության վարչություն։ Դեկտեմբերի 12-ին ՆԳՆ-ն միջնորդություն է ներկայացրել տեղի դատարան՝ Ա.Շ.-ին կալանավորելու պահանջով: Խնդրանքը բավարարվել է, մեղադրյալին մեղադրանք է առաջադրվել «պետության ղեկավարին վիրավորելու» մեջ, և նրան տարել են նույն նահանգի Բեյքում բանտը։

2014 թվականից, երբ Էրդողանն ընտրվեց նախագահ, ավելի քան 160 հազար մարդ է հետաքննվել  «պետության ղեկավարին վիրավորելու» հանցագործության համար։ Ավելի քան 35 հազար նման գործեր հասել են դատաքննության փուլ։ Էրդողանի առաջին 4 տարվա պաշտոնավարման ընթացքում դեպքերի թիվն աճել է 19,5 անգամ և 2052 տոկոսով՝ նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի կառավարման ժամանակաշրջանի համեմատ. նշում է Bianet-ը։

Դատավարությունների ընթացքում դատապարտվել է 12 հազար 881 մարդ, ազատազրկման է դատապարտվել 3 հազար 625 քաղաքացի։ Միայն 2020 թվականին «պետության ղեկավարին վիրավորելու» մեջ մեղադրվողների նկատմամբ հարուցվել է 45 հազար հետաքննություն, ինչի արդյունքում քրեական գործեր են հարուցվել 9 հազար 773 անձի նկատմամբ։

2014 թվականի օգոստոսից, երբ Էրդողանն ընտրվեց նախագահի պաշտոնում, մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը, Թուրքիայի Քրեական օրենսգրքի այս հոդվածով առնվազն 66 լրագրող դատապարտվել է ազատազրկման կամ տուգանքի։ Ըստ BİA Media Monitoring զեկույցի` հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ժամանակահատվածում 17 թուրք լրագրողներ և ծաղրանկարիչներ դատապարտվել են ընդհանուր՝ 84 տարվա ազատազրկման՝ «պետության ղեկավարին վիրավորելու համար»: