Փոխարժեքներ
15 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Կարծես թե արդեն օրինաչափ է դառնում Նիկոլ Փաշինյանի ամեն ելույթից հետո դիմել սեփական հիշողությանը կամ համացանցային «Google» որոնողական համակարգին: Փաշինյանը արդեն չի զլանում անել այնպիսի մանիպուլյատիվ հայտարարություններ կամ ակնհայտ ստեր, որոնց այդպիսին լինելը կարելի է պարզել պարզապես համացանցում որոնում տալով: Երեկ ԱԺ-ի հետ հարցուպատասխանի ժամանակ նա մի շարք մանիպուլյատիվ հայտարարություններ արեց, որոնցից անդրադառնանք միայն մեկին: Նա երեկ որոշեց խոսել բանակցային գործընթացի «նրբությունների» մասին:
Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին՝ նա ասաց. «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը անպայմանորեն չի նշանակում նրա անկախություն: Բացի այդ, բանակցային գործընթացում չի ֆիքսվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացման տարածք»։
Երբեք բանակցային գործընթացում և փաստաթղթերում չի ֆիքսվել, որ այդ պոտենցիալ հանրաքվեն լինելու է Լեռնային Ղարաբաղում։ Հասկանո՞ւմ եք՝ չի ֆիքսվել ոչ մի անգամ տարածք, թե որտեղ է տեղի ունենալու այդ հանրաքվեն։ Հասկանո՞ւմ եք։ Էստեղ էնքան նրբություններ կան։ Ասում են՝ окончательный статус Нагорного Карабаха: Բայց ի՞նչ ա լինելու էդ կարգավիճակը, ո՞նց ա որոշվելու։ Ի՞նչ ա լինելու վերջում։ Որևէ մեկը էս հարցի պատասխանները գտե՞լ ա»:
Պարզ է, որ նրբությունները շատ են, նաև պարզ է որ Փաշինյանը այդ նրբություններին սկսել է ծանոթանալ հընթացս, վարչապետ ընտրվելուց հետո, սակայն զարմանալի է, թե այս երեք տարիներին ինչով էր զբաղված Փաշինյանը, որ միայն չի ծանոթացել նրբություններին, այլ անգամ ծանոթ չէ բանակցային գործընթացի կարևորագույն փաստաթղթերին, որոնք հրապարակային են: Պատասխանելով Փաշինյանի հարցին, թե ի՞նչ ա լինելու էդ կարգավիճակը, ո՞նց ա որոշվելու, ներկայացնում ենք մի հատված Մադրիդյան սկզբունքներից, որը հիշեցնենք մինչ 2020 սեպտեմբերի 27 եղել է բանակցային ընդունված վերջին հիմնական փաստաթուղթը, Կազանյան, Սանկտ-Պետերբուրգյան համաձայնագրերը ստեղծվել են հենց «Մադրիդյանի» հենքի և սկզբունքների հիման վրա.
«Մադրիդյան փաստաթուղթ, 2007 թ.
1) ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտումը: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: ԼՂ բնակչություն ասելով հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն:»
Սա հերթական մանիպուլյացիան է, թե չմտածված հայտարարությունը, դժվար է ասել, բայց երկրի ղեկավարը առնվազն պետք է զգույշ լինի նման «սխալներից», դրանք ամիջականորեն կապված են մեր անվտանգության և առավելապես հետագայում Արցախի շուրջ բանակցությունների հետ: Հուշենք պարոն Փաշինյանին, որ դեռ 2007 թվականին Մինսկի խմբի և Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված «Մադրիդյան փաստաթղթում» որպես փաստաթղթի առաջին կետ, նշվում է «ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտումը»։ Կարդացի՞ք՝ «ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտումը», ԼՂ բնակչությանը, ոչ թե Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի կամ մեկ ուրիշ, այլ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ընձեռում է կամքի ազատ արտահայտումը։ Թե ինչ համամասնությամբ, այստեղ, առաջին կետում ևս գրված է․ «ԼՂ բնակչություն ասելով հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը»։ Հասկանալի է, կարծում եմ, իսկ որ համամասնությունը ծանրակշիռ մեծամասամբ հայկական է եղել, ավելորդ է ասելը։
Չմոռանանք, թե Արցախի մասին Փաշինյանը ինչ հայտարարություններ էր անում և ինչ եղավ դրանց արդյունքում: Նա նախ հայտարարեց, որ ՀՀ-ն հակամարտության կողմ է, հետո ասաց, որ ինքը չի կարող բանակցել Արցախի անունից, քանի որ չի ներկայացնում Արցախը, հետո ասաց, որ բանակցությունները սկսում է իր զրոյական կետից, հետո հայտարարեց, որ Արցախը Հայաստան է և վերջ:
Հետո… Հետո եղավ այն, ինչ բոլորս գիտենք: Իսկ հիմա Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի լուծումից խոսող Փաշինյանը արդեն ասում է՝ կա՛մ կա լուծում, կա՛մ չկա: Իսկ սեղանին Արցախի հարցն է, այնտեղ ապրող հայերի հարցն է, փակուղի մտած բանակցությունները, հազարավոր մարդկանց ճակատագրեր և բանակցող՝ ի դեմս «անտեղյակ» Փաշինյանի:
Տաթև Միրզոյան
Աղբյուրը՝ yerevan.today